Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն
SOCIETYՌուսաստանի Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) պատգամավորները մշակել են օրինագիծ, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ մշտական բնակության ժամկետը 5 տարուց երկարացնել մինչև 8 տարի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» և «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում։
Միաժամանակ առաջարկվում է կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը մեկ տարուց երկարացնել մինչև երկու տարի։ Ընդ որում, կացության թույլտվության համար հնարավոր կլինի դիմել Ռուսաստանում բնակության երկրորդ տարվա առնվազն 8 ամիսը լրանալուց հետո։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունների նպատակն է բարելավել միգրացիոն քաղաքականությունը, ապահովել ազգային անվտանգությունը և նպաստել օտարերկրացիների ինտեգրմանը ռուսական հասարակությանը։
ԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին գործակալության հետ զրույցում հայտնել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում չեղարկվել է օտարերկրացիների ավելի քան 8 հազար կացության թույլտվություն, ինչը 90 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նրա խոսքով՝ թույլտվությունների չեղարկման պատճառներից են փաստաթղթերի ձևակերպման ընթացքում կեղծ տեղեկությունների ներկայացումը և ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունները։
Սլուցկին ընդգծել է, որ կացության թույլտվության և քաղաքացիության տրամադրման գործող կարգը վերանայման կարիք ունի, որպեսզի պետությունն ավելի շատ ժամանակ ունենա օտարերկրացիներին ստուգելու համար։



