Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
SOCIETYԱդրբեջանցի հովիվը հատել է Հայաստանի պետական սահմանը և հայտնաբերվելուց հետո տեղափոխվել Բերդի ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում։ Տեղական համայնքապետերից մեկը հայտնել է, որ ինքն էլ է լսել միջադեպի մասին, սակայն հստակ մանրամասների չի տիրապետում։ Նրա խոսքով՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդը Հայաստան է հասել շրջանի անտառների միջով։
Մեկ այլ համայնքապետի փոխանցմամբ՝ ադրբեջանցին սահմանը հատել է Այգեձորի հատվածում և ներկայումս գտնվում է ռազմական ոստիկանությունում։
Նշվում է, որ դեպքի պահին եղանակը մառախլապատ և անձրևային է եղել։ Շրջանառվում է նաև վարկած, որ տղամարդը կարող էր սահմանը հատել սեփական կամքով՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու նպատակով։ Այդ վարկածը պաշտոնապես հաստատված չէ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ այս պահին նման տեղեկություն չունեն և պատրաստվում են ճշտել հանգամանքները։
«5-րդ ալիքը» նշում է, որ ԱԱԾ-ին գրավոր հարցում է ուղարկել և պատասխանը ստանալուն պես կհրապարակի այն։
Past.am-ը կհետևի դեպքի զարգացումներին և պաշտոնական պարզաբանումների ի հայտ գալուն։



