Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Տուժածների մի մասը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուս մասը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության 103-րդ խմբի բժիշկները։ Մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ բուժաշխատողները տուժածներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ, վարորդի և տուժածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, օտարերկրացիներ են։ Վարորդը սթափության ստուգում է անցել, որի արդյունքներով եղել է սթափ։
Past.am-ը կհետևի դեպքի հանգամանքների պարզաբանմանը և պաշտոնական տեղեկությունների հրապարակմանը։



