Ֆրիտյոֆ Նանսենի գաղտնի կրքերը. 67 տարեկանում նա մերկ լուսանկարվում էր և զզվել էր բարեգործությունից
LIFEԴեռևս 2011 թվականին լույս է տեսել նորվեգացի բևեռախույզ, հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող «Բրենդա, սիրելիս» անունը կրող գիրքը։ Ինչպես տեղեկանում ենք նորվեգական լրատվամիջոցներից, անգլերեն և նորվեգերեն տարբերակներով լույս տեսած այդ գիրքը նամակների և մերկ լուսանկարների հավաքածու է: Վերոնշյալ նամակները Նանսենը գրել էր իր կյանքի վերջին սիրուն՝ ամերիկյան և նորվեգական արմատներով գրող Բրենդա Ուելենդին, որի հետ նա ծանոթացել էր 67 տարեկանում (Նանսենն այդ ժամանակ ամուսնացած էր) ու խենթի նման սիրահարվել։
Անգլերենով գրված Նանսենի նամակները և որոշ նկարներ, որ զույգը փոխանակել էր, հայտնվել էին գրող, հրատարակիչ, խմբագիր Էրիկ Ուեթնեի ձեռքում, որի պապն ամուսնացած էր Նանսենի սիրուհու՝ Ուելենդի հետ։ Ուեթնեն, ի վերջո, որոշել է հրապարակել դրանք։
Նոր գրքում զետեղված որոշ նկարներում Նանսենը լրիվ մերկ է. «Նա, հավանաբար, նույնիսկ 67 տարեկան հասակում (Ուելենդից 30 տարի մեծ լինելով), հպարտանում էր իր ֆիզիկական կազմվածքով»,– գրում է նորվեգական պարբերականներից մեկը։
«Չկա իմ սրտում կամ հոգում մի անկյուն, որտեղ չէի ցանկանա, որ դու թափանցեիր»,– իր սիրելիին գրում է Նանսենը։
Նանսենի մտորումները այն ժամանակվա քաղաքականության, Հայաստանում նրա աշխատանքի, անապատի հանդեպ սիրո մասին և նույնիսկ Հյուսիասյին բևեռը կտրել անցնելու նրա պլանները հետին պլան են մղվում` կրքի, ամուսնական դավաճանության և մերկ լուսանկարների ֆոնին: Նամակներից մեկում Նանսենը գրում է, որ ինքը կորցրել է փախստականների հետ աշխատելու ցանկությունը։ «Ես ստիպված եմ շարունակել այդ ամենը առանց ցանկության կամ հետաքրքրության....Դա պարզապես պարտականության հիմար զգացողություն է, քանի որ ես փոխարինող չունեմ»։
«Ինչ եմ ես իրականում ուզում անել։ Կյանքն այնքան անիմաստ է: Մենք ինչ-որ այլ շարժիչ ուժով ղեկավարվող խամաճիկներ ենք, որոնք միևնույնն է, ուզում են, որ այդ շարժումը հավերժ շարունակվի: Եվ ինչու եմ գրում, երբ այսքան վատ տրամադրություն ունեմ. դա քեզ համար շատ հետաքրքիր չի լինի։ Բայց ես քեզ չափազանց կարոտել եմ»։
Նորվեգական Aftenposten պարբերականը գրքի շնորհանդեսից առաջ երկու հոդված էր գրել այդ գրքի մասին և հրապարակել մերկ լուսանակարներից մի քանիսը, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել համացանցում։
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել հայանպաստ գործունեությունը։ Նա խստագույնս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և մեծապես օգնել հայ գաղթականներին։ Նա առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան վերադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թթ.) և այլն։
Նանսենի անունով փողոցներ և դպրոցներ են անվանակոչվել Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում:



