Կառավարության աջակցությամբ Գավառում հիմնվել է չիչխանի արտադրամաս
ECONOMICSՀՀ գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհային ծրագրով Գավառ քաղաքում հիմնվել եւ գործում է չիչխանի եւ կտավատի վերամշակման արտադրամաս:
Ինչպես տեղեկացրեց արտադրության պատասխանատու, Գավառի 5 ֆերմերից բաղկացած ոչ ֆորմալ խմբի ներկայացուցիչ Սամվել Գուլաբյանը, դրամաշնորհային ծրագրի ժամկետն ընդգրկում է երկու տարի, որը մեկնարկել է 2014 թվականի վերջերին եւ կտեւի մինչեւ 2016 թվականի ավարտը: «Ծրագրի մեկնարկից մինչև այժմ մենք հասել ենք զգալի հաջողությունների եւ ընդլայնել արտադրանքի տեսականին: Այստեղ նախորդ տարվա վերջերից արտադրվում են չիչխանի եւ խնձորի կիսելներ, մարմելադներ, չիչխա նի մածուկ, տարբեր տեսակի չրեր, չիչխանի եւ կտավատի յուղ, որոնք ազգաբնակչությանը հայտնի են իրենց բուժիչ եւ օգտակար հատկություններով: Առայժմ մեր արտադրանքն իրացնում ենք ներքին շուկայում, իսկ արտաքին շուկաներ գտնելու դեպքում կարող ենք եւ ընդլայնել արտադրության ծավալները»,-նշեց Սամվել Գուլաբյանը:
Գյուղմթերքի վերամշակման արտադրամասը հիմնվել է այն հեռանկարով, որ Սեւանա լճի ափամերձ տարածքներում մեծ տարածում ունեն չիչխանի տնկարկները, որոնք կազմում են շուրջ 900 հա: Արտադրամասի պատասխանատուի հաշվարկներով՝ այդ արժեքավոր հումքատեսակի պտուղները ազգաբնակչության կողմից հավաքվում են առավելագույնը 25-30 տոկոսի չափով, իսկ Գավառում առկա են բոլոր նպաստավոր պայմանները՝ բավարար քանակությամբ չիչխանի պտուղ հավաքելու եւ մշակելու համար, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ Գավառ համայնքի 5 ֆերմերների ոչ ֆորմալ խումբը չիչխանի յուղի եւ կիսելի ալյո ւրի արտադրության ծրագիր կազմի եւ ներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհային ծրագրերի բաժին:
Գյուղնախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արտադրամասին հատկացվել է շուրջ 20 հազար ամերիկյան դոլար՝ սարքավորումներ ձեռք բերելու եւ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Խմբի կողմից սառը մամլման եղանակով չիչխանի եւ կտավատի սերմերից արտադրվում են նաեւ բուսական յուղեր, որոնց օգտակարության մասին կան բազմաթիվ ցուցումներ:»Տարեվերջին դրամաշնորհային ծրագրի ղեկավարները կդիտարկեն ծրագրի վերջնական արդյունքները, եւ, ամենայն հավանականությամբ, մեզ կնվիրաբերեն ձեռք բերված սարքավորումները: Ծրագրի փակումից հետո մենք կգործենք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակով եւ կստեղծենք նոր աշխատատեղեր: Արտադրամասը նաեւ լրացուցիչ զբաղվածություն կստեղծի չիչխան հավաքողների համար: Նրանք հնարավորություն կունենան՝ շուկայական գնով մեծ քանակությամբ չիչխան հանձնելու մեր ձեռնարկությանը»,-հավաստեց Սամվել Գուլաբյանը:
Խոսրով Խլղաթյան