Անդրանիկ Կարապետյանը խոստանում է ներդնել ողջ ուժերը Հայաստան օլիմպիական մեդալ բերելու համար
SPORTԾանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը, ով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ևս ինքը բարձր կպահի Հայաստանի մարզական պատիվը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարազատների, ընկերների ու մարզասերների սերը վայելած ու գնահատանքը զգացած ծանրորդը բավականին վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ինքն ի վիճակի կլինի Օլիմպիական խաղերում պայքարելու մեդալների համար:
«Գիտեմ, որ Ռիոյում ավելի բարդ կլինի: Փորձելու եմ մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կարողանամ լավ ելույթ ունենալ: Իհարկե, չեմ կարող ոչինչ խոստանալ կամ հավատացնել, թե անպայման մեդալ կնվաճեմ Օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ սպորտը բավականին անկանխատեսելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծանրորդը՝ հավելելով, որ իր համար բավականին հաճելի է եղել, երբ կարողացել է Ֆյորդեում Հայաստանի համար ոսկե մեդալներ նվաճել:
«Շուտով կմեկնարկի նաև մեր ուսումնամարզական հավաքը: Ապրիլի 28-ից սկսած ջանասիրաբար կմարզվեմ, կանեմ ամեն բան, որպեսզի կարողանամ ավելի մեծ ծանրություններ բարձրացնել: Ինձ համար ամենակարևորը մշտական աշխատանքն է, մարզումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաջողության հասել: Կներդնեմ ամբողջ ուժերս Հայաստանի համար Օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- «Արմենպրես»-ին ասաց երիտասարդ ծանրորդը՝ խոսելով նաև իր՝ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանալու զգացմունքների մասին. «Բավականին հուզիչ էր: Մրցակցում էի ոչ թե Տիգրան Մարտիրոսյանի, այլ ինքս ինձ հետ: Ուրախ եմ, որ հաջողվեց լավ արդյունքի հասնել: Կարծում եմ, որ դեռ ավելիին եմ ունակ»:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար Ֆյորդեում միակ ոսկե մեդալը նվաճած ծանրորդը «Արմենպրես»-ի հետ զրույցում հավելեց նաև, որ ինքը մեծ ուրախությամբ է ընդունել նաև Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի հաջողությունները. «Մենք իսկապես թիմ էինք: Դարձել էինք մի ամբողջություն, բոլորս աջակցում էինք միմյանց և օգնում էինք խորհուրդներով»: