Հայաստանի սուսերամարտի առաջնությունում հաղթեցին առաջատար մարզիկները
SPORTՀայաստանի սուսերամարտի առաջնությունը, որը եռօրյա թեժ պայքարի մթնոլորտում անցավ, համախմբել էր Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում երկրի առաջատար սուսերամարտիկներին: Հայաստանի առաջնությունում սուսերամարտիկները մրցում էին մարզաձևի գրեթե բոլոր տեսակներում:
Ճկասուսերով տղաների պայքարում լավագույնը Մայքլ Հովհաննիսյանն էր, ով զբաղեցրեց 1-ին տեղը: Գևորգ Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արմեն Դալլաքյանը և Ալեքս Ազիզյանը 3-րդ տեղում էին: Աղջիկների պայքարում ուժեղագույնը Հասմիկ Աղաբաբյանն էր: 2-րդ տեղում Սոնա Բարսամյանն էր, իսկ Կալիպսե Թորոսյանը և Արփինե Աթոյանը գրավեցին 3-րդ հորիզոնականը:
Թրասուսերով պայքարում Հայաստանի առաջնության հաղթող դարձավ Լևոն Քերոբյանը: 2-րդ տեղում Արսեն Բաղդասարյանն էր, իսկ Արթուր Կարապետյանը և Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղը զբաղեցրին:
Հայաստանի սուսերամարտի առաջնությունում անցկացվեց նաև խոցասուսերով պայքար: Այս ձևի տղաների մրցապայքարում հաղթեց Էդուարդ Հովիկյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Ռազմիկ Վարդանյանը, իսկ 3-րդ տեղում Արկադի Մուրադյանը և Միքայել Ղազարյանն էին:
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Էմմա Պողոսովան: Նա կարողացավ հաղթել 2-րդ տեղը զբաղեցրած Սվետլանա Նազարյանին: 3-րդ տեղը զբաղեցրին Մարինե Հակոբյանը և Նաիրա Համազասպյանը:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ մեծահասակների առաջնությանը մասնակցել են 110-ից ավելի մարզիկներ: Մասնակիցների մեջ եղել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզային ներկայացուցիչներ՝ Գյումրիից, Բյուրեղավանից և Վանաձորից:
Հայաստանի սուսերամարտի առաջնության մրցանակային տեղերը գրավեցին հիմնականում արդեն հաջողության հեղինակ դարձած սուսերակիրները: Նոր անուններ, կարելի է ասել, չեն եղել. մարզաձևի առաջատարները հաստատել են իրենց ուժեղագույնը լինելը:
Հայաստանի առաջնության լավագույն արդյունքներին հասած մարզիկներից կընտրվի հենց այն կազմը, որ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: