Yerevan, 27.July.2026,
00
:
00
BREAKING


Վլադիմիր Կազիմիրով. Կասկած չկա, թե ով էր վերջին իրադարձությունների նախաձեռնողը

SOCIETY

Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքման հանգամանքների, ինչպես նաեւ խնդրի լուծման հեռանկարների մասին իր տեսլականի վերաբերյալ ծավալուն հարցազրույց է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին: Հարցազրույցի թարգմանությունը Պանորամա.am-ի։

Դուք ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնացքային մասնակից եք: Ավելին` Դուք  կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի հեղինակն եք, որով վերջ տրվեց պատերազմին: Մինչեւ այս տարվա Ապրիլ Ղարաբաղում պահպանվում էր հարաբերական խաղաղություն: Ինչո՞ւ այն խախտվեց:

Կասկած չկա, թե ով էր վերջին իրադարձությունների նախաձեռնողը: Ի դեպ, հենց Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հարվածի տակ դրեց Բաքվի իր ղեկավարությանը: Նա ուղիղ հայտարարեց, որ Բաքուն իրավունք ունի ազատագրել այդ տարածքները ռազմական ուժով: Իրականում ստորագրված փաստաթղթերը բավարարար են, որպես պահպանվի հրադադարի ռեժիմը: Որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու կարիք չկա: Չնայած որոշների մոտ կարող է ի հայտ գալ նման մարմանջ:

Այլ հարց է, որ ոչ բոլորը պատրաստ են լրջորեն կատարել այս համաձայնագրերը:  Մի անգամ Հեյդար Ալիեւը բացարձակ հստակ ձեւակերպել էր, որ կարգավորել հիմնախնդիրը կարելի է բացառապես խաղաղ ճանապարհով: Նրա հետնորդը արդեն դժվարությամբ է արտաբերում «նախընտրելի է խաղաղ ճանապարհով» խոսքերը: Իսկ ինչպե՞ս է այն գործում`դուք ինքներդ տեսաք ապրիլի 2-ին:  Իլհամ Ալիեւը ամենից շատ շեշտը դնում է այն բանի վրա, որ պետք է վերջ դնել Ղարաբաղի շուրջ ադրբեջանական շրջանների օկուպացիային: Այնտեղ կա 7 շրջան: 5-ը օկուպացված են ամբողջությամբ 2-ը` մասնակի: Սակայն այս օկուպացիան ծագել է այն պատճառով, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները`հույս ունենալով , որ մի փոքր էլ, եւ կհաղթի հայերին: Իսկ սատացվում է լիովին հակառակը, եւ նրանք կորցնում էին շրջանը շրջանի ետեւից:

Ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձեւերը չկարողացան կանգեցնել պատերազմը:

Նրանք բոլորը տապալված են, չեն իրագործվել: Իսկ ո՞ւմ կողմից չեն իրագործվել` Ադրբեջանի: 1993 թ գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այս գործողության հաջողությունը հայերին Լաչինից միջանցքից բացի ապահովեց Ղարաբաղը եւ Հայաստանը կապող եւս մեկ ուղղով: Դրանց հետո Ադրբեջանը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի այս հարցը քննարկի Անվտանգության Խորհուրդը: ԱԽ-ն 1993 թ. ապրիլի 30-ին ընդունում է Լեռնային Ղարաբաղի հարցով 822-րդ բանաձեւը: Բաքուն ակնկալում էր, որ բանաձեւ իր մեջ կներառի զբաղեցած ադրբեջանական տարածքները ազատելու վերաբերյալ հայերին ուղված պահանջ: Սակայն ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ փաստաթղթում այս պահանջին կնախորդի կարեւորագույն պահանջ`անմիջապես դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները եւ նույնիսկ «թշնամական գործողությունները»: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում «թշնամական գործողությունները»: Դա հայկական տարածքների էներգետիկ, տնտեսական, տրասպորտային շրջափակումն է: Այս սա Բաքուն չէր սպասում: Իսկ դա բոլոր չորս բանաձեւերում կարեւորագույն պահանջն է` կրակի դադարեցումը:

Սակայն Ադրբեջանը դեռեւս պատրանքների մեջ էր, որ կկարողնա հաղթել հայերին ուժով: Նրա ներուժը, իհարկե, ավելի պատկառելի է`եւ՛ տարածքով եւ՛ բնակչությամբ եւ՛ զինվածությամբ, այն պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին բաժին էր հասել ավելի շատ ռազմական գույք քան Հայաստանին: Օրինակ` Աղդամի պահեստները Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին: Ադրբեջանում կա շուրջ 16 օդանավակայան: Հայաստանում` միայն 2-3 հատ: Սակայն միայն ներուժը բավարար չէ հաղթանակի համար: 822-րդ բանաձեւի ընդունումից հետո ես համոզեցի ամերիկացիներին եւ նույնիսկ թուրքերին: Եվ մենք` երեքով`Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան գրավոր հարցով դիմեցինք հիմնախնդրի բոլոր երեք կողմերին. «Պատրա՞ստ եք դուք 822-րդ բանաձեւի լիակատար կատարման»: Երեւանն ու  Ստեփանակերտը տվեցին իրենց համաձայնությունը: Բաքուն նախընտրեց ընդհանրապես չպատասխանել: Պատճառն այն էր, որ նա հույս ուներ այդուամենայնիվ հաղթանակ տանել: Այդ իսկ պատճառով պատերազմը չէր դադարում: Եվ Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձեւերը փաստացի արժեզրկվեցին: ԱԽ-ն արդեն չէր ցանկանում ընդունել հինգերորդ բանաձեւը, քանի որ դա խաթարում էր նրա հեղինակությունը: Այն ընդունում է բանաձեւեր, իսկ նրանք չեն իրագործվում: Այս իսկ պատճառով երբ մենք աշխատում էինք զինադադարի համաձայնագրի վրա, մենք չէինք կարող աշխատել Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա: Մենք ստիպված էինք մեր համար ստեղծել այլ հիմք:

Ի՞նչ հիմքի մասին է խոսքը:

1994 թ մարտին եւ ապրիլին Մոսկվայում իրար ետեւից կայացան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի երկու նիստեր: Առաջին նիստի ժամանակ ես նախնական խորհրդակցություններ անցկացրեցի, իսկ երկրորդի ժամանակ`ապրիլի 15-ին, նախապատրաստեցի երկրների ղեկավարների խորհրդի հայտարարության տեքստը, որում կատեգորիկ կերպով շեշտվում էր ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: Եվ մենք ունեցանք այն հենման կետը, որի հիման վրա կարելի է աշխատել:

Ի՞նչ դեր խաղաց Բիշքեկում կայացած գագաթաժողովը:

Մայսի 5-ին մենք Բիշքեկում հավաքեցինք ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Նրանք ստորագրեցին ռազմական գործությունները դադարեցնելու կոչով բիշքեկյան արձանագրությունը: Ես ցանկանում էի «խաղարկել» հաղթանակի օրը եւ այս իսկ պատճառով սկզբում նախատեսվում էր դադարեցնել ռազմական գործությունները մայիսի 8-ի`լույս 9-ի գիշերը: Սակայն դա չաշխատեց: Հեյդարն այդ ժամանակ մեկնել էր Բրյուսել, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ ստորագրեր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Ադրբեջանի միանալու պայմանագիրը: Երկրում տեր ու տիրակալը Ռասուլ Ղուլիեւն էր:Այդ իսկ պատճառով Բիշքեկ էր ժամանել փոխխոսնակ Ջալիլովը: Նա այնտեղ ամեն կերպ փորձում էր հավասարության նշան դնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների իրավունքների միջեւ: Սակայն հայերը մարտնչում էին Բաքվի, այլ ոչ թե ադրբեջանական համայնքի դեմ, որը Ղարաբաղում արդեն գոյություն չուներ: Դա խաթարեց մեր ժամկետները: Ես ստիպված էի մայիսի 9-ին մեկնել Բաքու եւ այնտեղ նրանք վերջապես ստորագրեցին բիշքեկյան արձանագրությունը,այն պատճառով, որ Բիշքեկում Ջալիլովը հրաժարվել էր այն ստորագրել:

Սկզբունքորեն ի՞նչ նոր բան էր պարունակվում այդ փաստաթղթերում:

Մենք եւս մեկ պահանջ էինք ներառել, որը ներառված չի եղել Անվտանգության խորհրդի բանաձեւերում: Մենք պահանջում էինք ոչ միայն կրակի դադարեցում, այլ նաեւ դրա հուսալի ամրագրում: Այնտեղ այսպիսի արտահայտություն կա. «Առանց դրա (այսինքն` առանց կրակի դադարեցման հուսալի ամրապնդման) հնարավոր չէ անցնել հակամարտության ողբերգական հետեւանքների վերացմանը»: Ի՞նչ է դա նշանակում: «Օկուպացված» տարածքների ազատումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հուսալի կերպով ամրագրված կլինի կրակի դադարեցումը: Դրա վրա է հենված ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ խնդիրը: Բաքուն հարցն այսպես է դնում. «Տվեք մեզ օկուպացված տարածքներն առանց որեւէ պարտավորության»: Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ որեւէ պարտավորության եւ առանց ռազմական գործողությունները չվերսկսելու պարտավորության: Իսկ հայերի եւ մեր կողմից եւս խնդրի ձեւակերպումն այսպիսին է` սկզբում անհրաժեշտ է ապահովել կրակի հուսալի դադարեցումը: Բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Դրանից հետո հայերի համար ամոթ կլինի պահել օկուպացված տարածքները:

Պատմե՛ք, կոնկրետ ինչպես է տեղի ունեցել կրակի դադարեցման համաձայնությունը:

1994 թվականի մայիսի 9-ին ես Բաքվում էի եւ պատրաստում է համաձայնագրի տեքստը: Խնդիրն այն էր, որ Հեյդար Ալիեւը  բուն Լեռնային Ղարաբաղի հետ չէր ցանկանում հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել: Նա ցանկանում էր փաստաթուղթը վավերացնել Երեւանի հետ, որովհետեւ Հայաստանը ճանաչված պետություն էր: Նա չէր ցանկանում Ղարաբաղը ճանաչել որպես բանակցային կողմ:

Մյուս կողմից` Հայաստանը այդ ժամանակ ամեն կերպ խուսափում էր պայմանագրի ստորագրումից: Երեւանը ձեւացնում էր, թե իրենք հակամարտության կողմ չեն հանդիսանում եւ ուղղակի օգնում են Ղարաբաղին, սակայն պատերազմը նրանց հետ չէ ընթանում: Սա սուտ դիրքորոշում էր: Այդ հիմնախնդրի վերաբերյալ մեր պատկերացումն այն էր, որ այնտեղ կա 3 կողմ: Հակամարտության տեսանկյունից ղարաբաղցի հայերը եւ երեւանցի հայերը միասին էին պատերազմում:  Իսկ քաղաքական տեսանկյունից Երեւանի եւ Ստեփանակերտի մեջ լուրջ տարաձայնություններ կային, նույնիսկ երբեմն հակասություն էին ծագում: Դրա համար պետք էր հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղը հիմնախնդրի կողմ է: Իհարկե դա դուր չէր գալիս Ադրբեջանին, որովհետեւ Ղարաբաղը իր նախկին ինքնավար մարզն էր:

Բայց չէ՞, որ Բաքուն ավելի վաղ արդեն Ղարաբաղի հետ համաձայնագիր ստորագրել էր:

Այո, արդեն տասնյակ փաստաթղթեր կային, որոնք ստորագրված էին Բաքվի եւ Ստեփանակերտի կողմից, առանց Երեւանի: Իսկ Երեւանի հետ նրանք ստորագրել էին միայն երեք փաստաթուղթ: Այսինքն, երբ կարիքը նրանց ստիպում էր, ադրբեջանցիները հարկադրված ժամանակավոր հաշտեցման մասին փաստաթղթեր էին ստորագրում Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց այն ժամանակ, երբ արդեն խոսք էր գնում կրակի ամբողջական դադարի մասին, ընդդիմացավ Հեյդար Ալիեւիչը եւ խնդրեց, որ ես կրկին կապվեմ Երեւանի հետ: Ես զանգահարեցի Երեւան: Բայց ոչ միայն նրա խնդրանքով, այլ նաեւ այն բանի համար, որ դա համապատասխանում էր մեր ընկալումներին, մեր կոնցեպցիային առ այն, որ այդ համաձայնագիրը պետք է ստորագրեն երեք կողմերը: Եվ հանկարծ, մեկ ու կես ժամ անց ինձ զանգահարում են Երեւանից եւ տալիս ստորագրման համաձայնություն: Նայեք Փաստաթղթին: Ամբողջ տեքստն հավաքված է համակարգչով, իսկ «Հայաստանի պաշտպանության նախարար» բառերը գրված են իմ ձեռքով: Փաստաթուղթն հայկական կողմից ստորագրել է ներկայիս նախագահ, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ երկու ուղղումներ է արել, որոնց իրականացումն այլ պայմաններում կարող էր ամիսներ տեւել: Բայց այդ ժամանակ հայերը լավ ճնշել էին ադրբեջանցիներին:

Ադրբեջանը ճակատում պարտությու՞ն էր կրում:

Այն ժամանակ վտանգ կար, որ հայերը կարող են դուրս գալ դեպի Քուռ գետ, որից հետո Ադրբեջանի հյուիս-արեւմուտքը կարող էր կտրվել:  Կարող էր կրկնվել կես տարի առաջվա պատմությունը, երբ հայերը դուրս եկան Արաքս գետ ափ՝ Իրանի սահմանին, որով կտրեցին Ադրբեջանի հարավ-արեւմուտքը: Այդ ժամանակ զինվորականները եւ քաղաքացիական անձինք փախուստի դիմեցին Իրանի տարածքով: Եվ եթե երկրորդ անգամ կրկնվեր նույն բանը Հեյդարը իր պաշտոնին չէր մնա: Այդ իսկ պատճառով էլ ադրբեջանցիները ակնթարթորեն համաձայնեցին այդ ուղղումներին: Մայիսի 9-ին համաձայնագիրը Բաքվում ստորագրվեց պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի կողմից, մայիսի 10-ին Երեւանում իր ստորագրությունը դրեց Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին էլ Ստեփանակերտում ստորագրեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Համաձայնագրի տեքստը ստպիված կրկնօրինակեցինք երեք թղթերի վրա, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն առանձին իր ստորագրությունը դնի: Բաքվից «ադրբեջանական տարբերակով» ես Մոսկվա վերադարձա, իսկ մյուսները ինձ ֆաքսով ուղարկեցին: Այնպես, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագիրը դարձավ ստորագրություններով այդ երեք թուղթը: Մայիսի 12-ին համաձայնագիրը մտավ ուժի մեջ:

Համաշխարհային փորձը նման դեպք չունի: Իրավական ճշգրտությունը ենթադրում է, որ փաստաթուղթը ստորագրվում է մեկ օրում եւ միեւնույն տեղում, իսկ այս դեպքում մենք գործ ունեցանք երեք օրերի եւ երեք տարբեր տեղերի հետ: Սակայն դրա ստորագրումը հետաձգելը վտանգավոր էր: Կողմերից որեւէ մեկը կարող էր ճակատում հաջողությունների հասնել եւ ամեն ինչ պետք կլիներ սկսել նորից:

Ստացվում է, որ Ղարաբաղում հրադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Ինչպե՞ս  դրան արձագանքեցին  արեւմուտքի գործընկերները:

Արեւմուտքը խիստ նախանձախնդրորեն վերաբերվեց  դրան, քանի որ նպատակ ուներ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:  1994թ-ի հուլիսին Երեւան կատարած իմ այցերից մեկի ժամանակ  Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հանկարծ ինձ ասաց, որ իրեն զանգել էր շվեդ դիվանագետ Յան Էլիասսոնը, ով այդ ժամանակ նախագահում էր Մինսկի Խմբում: Եվ ահա շվեդը առաջարկել էր «երկարաձգել հրադադարը 30 օրով»: Ես տարակուսանքի մեջ էի: Ասում եմ՝ «Լեւո՛ն Հակոբի,  այդ ինչպե՞ս երկարաձգել 30 օրով: Չէ՞ որ մենք այն անժամկետ ենք կնքել»: Կա այսպիսի մի դիվանագիտական հնարք՝ «լռելյայն», այսինքն՝ եթե չկա նշված տեւողության  որեւէ ժամկետ, ապա համաձայնությունն ինքնին  անժամկետ է:  Մինչ այդ 10-12 պայմանավորվածություն է եղել կրակի ժամանակավոր դադարեցման մասին. այդ պայմանավորվածություններում միշտ ժամկետներ են նշված եղել: Իսկ այստեղ կարծես մենք մտածված ու դիտավորյալ կերպով  մոռացել էինք ժամկետի մասին: Հեյդար Ալիեւը նույնպես համաձայն էր մեզ հետ: Սակայն Արեւմուտքը ուզում էր խլել այս դիվանագիտական հաղթանակն ու տալ Մինսկի խմբին, որտեղ տեր ու տիրականը ամերիկացիներն էին: Նախագահ Տեր-Պետրոսյանն ինձ հետ համաձայնեց: Ես անմիջապես հանդես եկա պատասխան առաջարկությամբ, որպեսզի մեկընդմիշտ թաղեի այդ անհեթեթ գաղափարը: «Եկեք պայմանավորվենք այն մասին, որ հակամարտող բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի երեւելի ներկայացուցիչները պարբերաբար կվերահաստատեն կրակի դադարեցման ռեժիմը եւ  պատրաստակամությունն այն մասին, որ իրենք պատրաստ են հետեւելու իրենց պարտավորություններին, մինչեւ զինված համակարտության վերջնական  դադարեցման վերաբերյալ քաղաքական մեծ  համաձայնության ձեռբերումը»:

Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Հեռախոսով կապնվեցինք Բաքվի, Ստեփանակերի հետ: Ես պատրաստեցի նրանց համար այդ փաստաթղթի առաջին նախագիծը: Այդ փաստաթղթում  արդեն ներառված է ոչ միայն կրակի դադարեցման մասին դրույթը, այլեւ այն գաղափարը, որ այն պահպանվելու է մինչեւ վերջնական քաղաքական համաձայնության հասնելը՝պայմանով, որ կողմերը պարբերաբար հաստատելու են  հրադադարի ռեժիմի պահպանումը: Հուլիսի 26-ին Ադրբեջանը ստորագրեց փաստաթուղթը, մյուս կողմերը իրենց ստորագրությունը դրեցին փաստաթղթի տակ հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին: Այդ փաստաթղթի տեքստը դեռեւս երբեք չի հրապարակվել: Ես այն ձեզ եմ փոխանցում: Փաստացիորեն այն հակաթույն էր, որն ուղղված էր ամերիկացիների կողմից շվեդների միջոցով Ռուսաստանից կրակի դադարեցման համաձայնությունը խլելուն:

Ինչու՞ այդ փաստաթուղթը մինչ այժմ չի հրապարակվել:

Որովհետեւ հայերն այդ փաստաթղթին չափազանցված նշանակություն էին տալիս. Առաջին անգամ հաջողվել էր միեւնույն թղթի վրա դնել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունները:

Ինչո՞ւ Ղարաբաղում խաղաղապահներ չտեղակայվեցին:

Միանգամայն պարզ էր, որ դա պետք է լինեն ռուս խաղաղապահները: Դա բացարձակապես չէր բավարարում Արեւմուտքին, քանի որ դա կաշխատեր Ռուսաստանի ազդեցության եւ հեղինակության բարձրացման օգտին: Հայերը խաղաղապահների տեղակայմանը համաձայն էին: Ադրբեջանցիները մե՛կ համաձայնում էին, մե՛կ դեմ էին արտահայտվում: Եվ ահա թե ինչ քայլի դիմեց ԵԱՀԿ-ն, որպեսզի բացառի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ուժերի  տեղակայման հնարավորությունը : 1994թ-ի դեկտեմբերին Բուդապեշտում անցկացվում էր  ՆԱՏՕ-ի  գագաթաժողովը: Նրա եզրափակիչ փաստաթղթում կա կետ այն մասին, որ գագաթաժողովն ընդունում է խաղաղապահների տեղակայման գաղափարը: Այսինքն՝ ենթադրվում է, որ դա պետք է լինեին ԵԱՀԿ-ի խաղաղապահ ուժերը: Սակայն իրականության մեջ մյուս երկրները պատրաստ չէին խաղաղապահ ուժեր տեղակայել: Դա արվեց նրա համար, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը անհնար դառնա:

Երբ ես Ղարաբաում էի, ինձ ցնցեց այնտեղ առկա իրադրությունը: Հակամարտող բանակները կանգնած են դեմ առ դեմ: Նրանց միջեւ ոչ միայն չկան խաղաղապահներ, այլեւ որոշ դեպքերում նրանց միջեւ տարածությունը  բավականին փոքր է: Շատ վտանգավոր իրավիճակ է:

Այո, կողմերի դիրքերը բավականին մոտ են իրար, ինչը հաճախ պատահարների պատճառ է դառնում: Սակայն ո՞րն է դրա պատճառը: Դեռեւս մինչեւ հրադադարը՝ 1994թ-ի փետրվարի 18-ը, Պաշտպանության նախարարությունում նախարար Պավել Գրաչովը խորհրդակցություն է անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցչի հետ: Ես մասնակցել եմ այդ խորհրդակցությանը:  Արձանագրությունում նշվեց, որ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվելուց հետո կողմերն իրենց ուժերը հետ են քաշելու շփման գծից: Իր ստորագրությունը դրեց նաեւ Ադրբեջանի պաշտպանությաննախարար Մամեդովը: Անցնում է որոշակի ժամանակ, եւ Մամեդովն ինձ ասում է. «Ո՛չ, թող հայերը հետ քաշվեն, իսկ մենք կմնանք մեր դիրքերում, քանի որ այդ հայերն են ներխուժել մեր տարածք»: Այդպիսով նա հրաժարվեց իր ստանձնած պարտավորություններից: Կողմերի ուժերի բաժանումն այդպես էլ չկայացավ, իսկ հայերը մտել էին ադրբեջանցիների տարածքը, քանի որ վերջիններս ոչ մի կերպ չէին ցանկանում վերջ տալ կռվին: Եթե նրանք ՄԱԿ-ի 822 բանաձեւից հետո դադարեցնեին  ռազմական գործողությունները, ապա հայերի «օկուպացիայի» տակ կհայտնվեին  միայն Շուշին, Լաչինն ու Քելբաջարը, իսկ հիմա դրանք 7 շրջաններ են:

Դրանից հետո եւս մի համաձայնագիր է եղել: Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ խոստովանել, որ այն եղել է, չնայած` այն մշակվել է Հեյդար Ալիեւի անձնական մասնակցությամբ: Եվ դուք մատածում եք, որ Իլհամին դա ինչ-որ բանի՞ է պարտավորեցնում:  Ոչ մի նման բան: Դա Համաձայնագիր է հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:  Դրանում մանրամասն արձանագրված է, թե ինչպես պետք է կողմն իրեն պահի, եթե ինչ-որ միջադեպ է տեղի ունենում մյուս կողմի մեղքով: 6 ժամ չի կարելի միջադեպի մասին բարձրաձայնել մամուլի առջեւ:  Այնտեղ միջոցառումների ամբողջ համակարգ է նախատեսված: Այնպես որ` համաձայնություններից հրաժարումը, ցավոք, ադրբեջանական կողմի հիմար ավանդույթն է:

Հավանաբար, ինչ-որ մեկը ձեզ կարող է մեղադրել հայամետ դիրքորոշման մեջ…

-Մի համարեք, որ ես Ադրբեջանի թշնամի եմ: Ես շատ սուր բախումներ եմ ունեցել հայերի հետ: Մի անգամ նույնիսկ բանը փոխհրաձգության է հասել: 1993թ-ի նոյեմբերին բերել էի համաձայնագրի մեր կողմից նորացված նախագիծը: Սկզբում պետք է այցելեի Բաքու, հետո Երեւան եւ Ստեփանակերտ: Եկա Բաքու, մտածում էի, որ այնտեղ բոլոր գործերս կվերջացնեմ երկու օրում: Սակայն ինձ խնդրեցին մնալ, եւ ես այնտեղ մնացի մի ամբողջ շաբաթ: Օրակարգը փոփոխվեց: Իսկ Բաքվից Երեւան ուղիղ թռչել հնարավոր չէր: Պետք էր վերադառնալ Մոսկվա եւ այնտեղից նոր թռչել Երեւան: Այդ ժամանակ ես Հեյդար Ալիեւին առաջարկեցի. «Որպեսզի ես կրճատեմ ժամանակը, եկեք մեկնեմ զորքերի շփման գծի վրայով»: Ինձ մեքենա տրամադրեցին, սակայն մինչ մենք հասանք տեղ` արդեն մթնել էր: Ադրբեջանցիները հրաժարվեցին ինձ անցկացնել, ստիպված այնտեղ գիշերեցի: Առավոտյան ադրբեջանցիներն ասացին, որ պետք է անցնել մեկ այլ տեղամասից: Իսկ բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, ես Երեւանի հետ չէի կարող կապվել, գտնվում էի ադրբեջանական կողմի ամբողջական վերահսկողության տակ: Պարզվում է` այդ վայրում մարտեր էին ընթացել եւ կային ադրբեջանական քանդված գյուղեր: Հայերը չէին ցանկանում, որ ես դա տեսնեի, նրանք առարկում էին այնտեղով իմ անցնելու դեմ: Այդուամենայնիվ մենք գնացինք: Կանգնեցինք, գումարտակի ադրբեջանցի հրամանատարն ասում է, որ ջիպ կուղարկի, որպեսզի պայմանավորվեն հայերի հետ: Կանգնած էինք, հանկարծ սկսեցին կրակել: Սկզբում ինքնաձիգի կրակահերթեր, հետո` ականանետներ: Այդ ջիպը հայերը խոցեցին: Իսկ մենք կանգնած էինք բլուրի հետեւում, մենք չէինք տուժել, սակայն այդպես էլ չկարողացանք անցնել: Այդ ժամանակ հսկայական սկանդալ առաջացավ, արտգործնախարար Անդրեյ Կոզիրյովը մամուլի ասուլիս հրավիրեց:

Ի՞նչ հեռանկարներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Շատերի կողմից հավանության է արժանանում այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: Եթե հանրաքվե անցկացնեն, ապա դրա արդյունքն ակնհայտ կլինի: Նույնիսկ եթե այդ հանրաքվեի ընթացքում քվեարկեն այն ադրբեջանցիները, որոնք այնտեղ ապրել են, չնայած նրանք վաղուց ինչ-որ տեղում տեղավորվել են,  այդուամենայնիվ գերակշիռ մեծամասնությունը անկախության կողմանկից կլինի: Այդ պատճառով Իլհամ Ալիեւը ընդհանրապես չի ցանկանում հանրաքվե անցկացնել: Նա հարցն այսպես է դնում. «դա մեր տարածքն է, տվեք այն մեզ»: Դեռ ավելին: Դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակ 1995թ-ին Ադրբեջանում նոր Սահմանադրություն ընդունեցին, որտեղ ամրագրված էր, որ հանրաքվեներն անցկացվում են միայն համազգային մասշտաբով: Այդ պատճառով Ղարաբաղում Ադրբեջանի սահմանադրության համաձայն հանրաքվե անցկացնել չի կարելի: Իսկ դա որքանո՞վ է համապատասխանում միջազգային փորձին: Քվեբեկի անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկում էր Քվեբեկը, այլ ոչ թե ողջ Կանադան: Շոտլանդիայում անկախության հանրաքվեի համար քվեարկում էին Շոտլանդիայի ընտրողները, այլ ոչ ամբողջ Մեծ Բրիտանիայի: Եթե տեղի ունենա Կատալոնիայի անկախության հանրաքվե, դրանում նույնպես կքվեարկի Կատալոնիան, այլ ոչ ամբողջ Իսպանիան: Սակայն Իսպանիան, ինչպես եւ Ադրբեջանը, չի ցանկանում այդ հանրաքվեն անցկացնել, քանի որ դրա արդյունքն ակնհայտ է: Դրանում է թաքնված հակամարտության էությունը:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes