Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Ալիևը բացառում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, իսկ ինչի՞ շուրջ է բանակցում Սարգսյանը

ANALYSIS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բառացիորեն ջրեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների արդյունքները: Իր զինվորականների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Ալիևը գաղտնազերծել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները: Ալիևի ելույթը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Սկզբում նա անդրադառնում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընդլայնելու և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին միջնորդների առաջարկությանը, որը, ըստ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարության, ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից:

Ադրբեջանի նախագահը մասնավորապես ասել է. «Քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվն ընդլայնելու հարցը: Ճիշտ է, այնտեղ թիվ չի նշվում, սակայն կարող եմ ասել, որ եթե այսօր այնտեղ աշխատում է 6 մարդ, ապա այդ թիվը կարող է ընդլայնվել առավելագույնը 2-2,5 անգամ: Այսինքն` խոսքը մեծ առաքելության մասին չէ: Մանդատը նույնպես որևէ փոփոխություն չի կրելու: Պարզապես 6-ի փոխարեն կլինի 12, 13 կամ 14 աշխատակից, ահա և վերջ»:

Փաստորեն, Ալիևը ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունում չի տեսնում շփման գծում իրավիճակը կայունացնելու որևէ իմաստ: Տպավորություն էր, և այդ մասին խոսել է անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, որ իր գրասենյակի ունակությունների ընդլայնումը հնարավորություն կտա դիտարկել շփման գծում իրավիճակը` մշտական կապի մեջ լինելով հակամարտության կողմերի հետ: Իսկ մշտադիտարկումն էլ հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատական տալ, ինչը կզսպի հակամարտության գոտում էսկալացիայի հետագա սրումը:

Ստացվում է, որ Ալիևը նման կերպ չի պատկերացնում ԵԱՀԿ առաքելությունը: Նրա համար առաքելության կարողությունների ընդլայնումը նշանակում է 6 անիմաստ դիտորդների թվի կրկնակի ավելացում, որոնք շփման գծի ամբողջ երկանքով նույնիսկ չեն էլ կարող լիարժեք մշտադիտարկում իրականացնել, ուր մնաց օբյեկտիվ տեղեկատվություն հավաքեն և իրենց գործունեությամբ նպաստեն իրավիճակի կայունացմանը: Հարց է առաջանում, եթե մինչ այս ԵԱՀԿ 6 աշխատակիցները ոչինչ չէին անում, ի՞նչ պետք է անեն 12 կամ 14 աշխատակիցները: Այսպիսով, Ալիևի համար ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը որևէ նշանակություն չունի:

Ապա նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և Սերժ Սարգսյանի մատնանշած միջադեպերի հետաքննության մեխանիզմներին` շեշտելով հետևյալը. «Կարծում եմ, որ այս փուլում դրա կարիքը չկա: Առաջին հերթին` նման մեխանիզմներ գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում, թե ինչ են իրենից ներկայացնելու այդ մեխանիզմները: Երկրորդը` ի՞նչ իմաստ կա դրանում: Եթե դրանով ենթադրվում է հակամարտության «սառեցում» և շփման գծում ինչ-որ նոր միջոցառումների իրականացում, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա այդ քայլին»:

Կարելի է պնդել, որ այս հայտարարություններով Ալիևը բացառում է ԵԱՀԿ լիազորությունների, մանդատի ընդլայնման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանը միտված որևէ նոր միջոցառում և մեխանիզմի ներդնում:

Ալիևը լիովին ջրում և զրոյացնում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, որոնք այն նվազագույնն էին, ինչի հիման վրա պետք է, որ սկսվեին բովանդակային բանակցություններ հակամարտության ամբողջական կարգավորման ուղղությամբ:

Սակայն գլխավորը նա ասել է ամենավերջում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորմանը: Ալիևն ասել է. «Խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, Ադրբեջանի պատմական հողերում երբեք չի ստեղծվելու երկրորդ հայկական պետություն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը»:

Այսպիսով, Ալիևը ներկայացնում է հարցն այնպես, կարծես Ադրբեջանն է հաղթել 1992-1994թթ. պատերազմում և զիջելու որևէ բան չունի: Ալիևի համոզմամբ` Լեռնային Ղարաբաղն ու շրջակա 7 տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Արցախին, որպես «զիջում», կտրվի ինքնավար հանրապետության կարգավիճակ, ինչպես նախորդ դարում կար Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ըստ երևույթին, Ալիևը համարում է, որ ունենալով Հայաստանի նկատմամբ սպառազինությունների առավելություն և կարողանալով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հասնել որոշ հաջողության՝ գրավել 800 հեկտար տարածք, կարող է խոսել հաղթողի դիրքերից:

Այս ֆոնին ի՞նչ է հայտարարում պաշտոնական Երևանը: Պաշտոնական Երևանը դրական է գնահատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները` համարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Իսկ բանակցային սեղանին Կազանի փաստաթուղթն է, որը ենթադրում է սկզբում 5 շրջանի վերադարձ, ապա 2 շրջանի վերադարձ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի որոշում, ապա անորոշ ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացում` նախկին ԼՂԻՄ սահմաններով:

Պաշտոնական Երևանը, փաստորեն, պատրաստ է Կազանի այդ փաստաթղթի ոգով և որոշ տարածքներ զիջելով հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը, իսկ այդ կարգավիճակը, բնականաբար, ենթադրում է անկախ պետություն կամ Հայաստանի հետ վերամիավորում` անպայմանորեն նրանց միջև Լաչինի միջանցքով ցամաքային կապի առկայությամբ: Սակայն Ալիևը բացահայտ և հստակ հայտարարում է, որ դա երբեք չի լինելու, որ Լեռնային Ղարաբաղին կարող է տրվել միայն մեկ կարգավիճակ` ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ուշագրավ է օրերս Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին:

«Հանդիպման ժամանակ նախընտրությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն` հակամարտությունը պետք է լուծվի փուլ առ փուլ: Նախ ազատագրվում է հինգ շրջան, իսկ հետո՝ ևս երկու շրջան, և որոշվում է միջանցքը: Այնուհետև որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել է նա, այսինքն` Մամեդովը կրկնել է Կազանի փաստաթղթի տեքստը: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հերքել է, որ նման համաձայնություն է կայացվել Սանկտ Պետերբուրգում, սակայն ավելի վաղ՝ ապրիլի 13-ին Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցային սեղանին առկա է Կազանի փաստաթուղթը: Այսինքն`պաշտոնական Երևանը չի բացառում այդ ուղղությամբ բանակցությունները: Միաժամանակ, Նալբանդյանը շեշտել էր, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստացվում է, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղը առանձին է դիտարկում 7 շրջաններից:

Հարկ է նկատել, որ Մամեդովի և Ալիևի հայտարարություններում կա որոշակի հակասություն: Ալիևը Լեռնային Ղարաբաղը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում, հետևաբար, այդ դեպքում Հայաստանի հետ կապող ի՞նչ միջանցքի որոշման մասին կարող է խոսք լինել, որի մասին ասում է Մամեդովը: Հայաստանի և Արցախի միջև միջանցք կարող է լինել, տրամաբանորեն, միայն այն պարագայում, երբ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ չէ, այսինքն` Ալիևի աշխատակազմում կա խառնաշփոթ, ինչից կարելի է անել հետևյալ հարցադրումը՝ կա´մ Ալիևը խաբում է միջազգային հանրությանը` Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվելով մի բան, բայց սեփական ժողովրդին պատմում է մեկ այլ բան կա´մ Ալիևը խաբում է սեփական ժողովրդին` թաքցնելով Հայաստանի նախագահի և միջնորդների հետ բանակցությունների իրական մանրամասները:

Երկու դեպքում էլ գործ ունենք պետության անպատասխանատու ղեկավարի հետ, որի հետ, կարծես, անհնար է բանական և ռացիոնալ երկխոսություն ծավալել: Հարց է առաջանում` ինչի՞ շուրջ է բանակցում Ալիևի հետ Հայաստանի նախագահը, երբ Ալիևը բացահայտ ասում է, որ խնդրի խաղաղ լուծումը ենթադրում է միայն ամբողջ Արցախի և ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին: Դա ինքնին նշանակում է, որ հակամարտության խաղաղ լուծումը Ալիևը բացառում է, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ցանկության դեպքում էլ չի կարող հանձնել հողերը, քանի որ նույն րոպեին կդադարի գոյություն ունենալ, համաժողովրդական ընդվզումը կսրբի նման իշխանությանը երկրի երեսից:

Ալիևի բացահայտ ցինիզմն ունի երեք սկզբնապատճառ: Առաջինը` նավթադոլարների հաշվին հսկայական քանակի սպառազինության գնումն է: Երկրորդը` միջազգային հանրության և անգամ Հայաստանի դաշնակիցների կողմից Ադրբեջանին ցուցաբերվող լուռ կամ բացահայտ աջակցությունն է: Եվ երրորդը ու ամենագլխավորը` Հայաստանի թուլությունն է, որը, որքան էլ փորձեն արդարացնել, ակնհայտ երևաց ապրիլյան պատերազմում: Բանակցությունների սեղանին անհնար է խոսել հաղթողի դիրքից, եթե դրանից մի քանի օր առաջ նահանջել ես ռազմաճակատում: Ալիևի հայտարարություններից կարելի է անել ևս մեկ կարևոր հետևություն: Ադրբեջանի և նաև Թուրքիայի նպատակը ամենևին սոսկ միայն Արցախը հետ գրավելը չէ, այլապես Ալիևը, Անկարայի աջակցությամբ, ապրիլին չէր դադարեցնի ռազմական գործողությունները, այլ կփորձեր հասնել առավելագույնին:

Ադրբեջանա-թուրքական տանդեմը հետապնդում է հետևյալ ռազմավարությունը` միշտ թեժ պահել հակամարտությունը, որևէ կերպ Հայաստանին ազատ շնչելու հնարավորություն չտալ, պարբերաբար սանձազերծել տեղային բախումներ, Հայաստանին հավերժ պահել շրջափակման մեջ, որը կթուլացնի Հայաստանի ներուժը, կսպառի ռեսուրսները: Պատերազմող երկրում տնտեսական ներդրումներ չեն արվում, պատերազմող երկրից մարդիկ արտագաղթում են: Պատահական չէ, որ Անկարան հայ-թուրքական սահմանի բացումը կապում է Արցախյան խնդրի հետ: Բաքվի և Անկարայի ռազմավարությունն է դանդաղ և հյուծիչ հակամարտությամբ արյունաքամ անել Հայաստանը, որ վերջինս դառնա ձախողված պետություն և առանց կռվի կամավոր հանձնի Արցախը:

Հետևությունը մեկն է: Այսպիսի ռազմավարությանը և նման թշնամուն կարող է դիմակայել միայն այն երկիրը, որը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները և իրականացնում արդյունավետ կառավարում: Հայաստանի վիճակում հայտնված երկրում գոյության իրավունք չունեն վատ ու անգրագետ կառավարումը, կոռուպցիան, առանց այն էլ աղքատ ժողովրդի հարստահարումը: Նման կառավարմամբ երկրում բանակը չի կարող տարբերվել ամբողջ պետության վիճակից, բանակը կլինի նույնքան լավ կամ վատ, որքան պետական ամբողջ համակարգը: Ադրբեջանի լկտիանալու գլխավոր արմատը ներքին ճակատում տկար Հայաստանն է: Եթե ցանկանում ենք, որ Արցախյան խնդիրը լուծվի մեր շահերից ելնելով, ապա պետք է գիտակցել, որ Հայաստանին շատ քիչ ժամանակ է մնացել արմատապես բարեփոխվելու և խելքի գալու համար:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service