Հայաստանի պատանի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
SPORTԲոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում երեկ մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում շատ հաջող հանդես եկան Հայաստանի ըմբիշները:
Նրանցից երեքը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: 54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նախ համոզիչ առավելությամբ որակաորման փուլում հաղթեց սերբ Ադամ Կատոնային, ապա 8:0 հաշվով հաղթեց նախ թուրք Ահմետ Ույարին, ապա իրանցի Մոհամադ Մուխթարին:
Կիսաեզրափակչում Մինասյանը պարտվեց վրացի Ջոնի Կետսուրիանիին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը նույնպես 8:0 հաշիվ գրանցեց իր օգտին՝ այս անգամ պարտության մատնելով ճապոնացի Այատա Սուզուկիին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Խրյուշինը:
58 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Թամազյանը դժվարին հաղթանակով սկսեց՝ 1/8 փուլում 2:1 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Խրյուշինին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշ 8:0 հաշվով հաղթեց վրացի Դավիթ Բակուրաձեին, սակայն կիսաեզրափակչում նա պարտվեց իրանցի Ամին Կավիյանինեժադին և ստիպված եղավ պայքարել բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար գոտեմարտում Էդգարը 3:1 հաշվով հաղթեց ամերիկացի Թեյլոր Լամոնտին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Կավիյանինեժադը' եզրափակչում հաղթելով բելառուս Եգոր Վլադիկային:
63 կգ քաշային կարգում հանդես եկած Մալխաս Ամոյանի մրցելույթը սկսվեց պարտությամբ: Նա դեռ որակավորման փուլում 2:3 հաշվով զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սաիդին: Ալ Սաիդը հասավ եզրափակիչ և Մալխասին նոր գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն տվեց: Ամոյանը սփոփիչ գոտեմարտերը հաջող անցկացրեց՝ 8:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Դեմասին, ապա՝ 4:1 հաշվով հունգարացի Թամաշ Լեվաին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախեց թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց վրացի Այվենգո Ռիկաձեն՝ եզրափակչում մեծ դժվարությամբ առավելության հասնելով եգիպտական անակնկալի նկատմամբ: Այսօր բոսնիական մրցագորգ կելնեն Հայաստանի ևս երեք պատվիրակներ:Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: