Ջուլֆալակյանը և Ալեքսանյանը իրենց քաշային կարգերի միջազգային վարկանիշում մնում են 2-րդը և 1-ինը
SPORTԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի առաջատար ըմբիշների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակները: Մրցաշրջան-2014-ի մեր հերոսները՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) ու Արթուր Ալեքսանյանն (98 կգ) իրենց քաշային կարգերում պահպանել են, համապատասխանաբար, 2-րդ և 1-ին տեղերը: Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն, ով անցած մրցաշրջանի մեծ մասում ապաքինվում էր վնասվածքներից, նկատելիորեն զիջել է դիրքերն ու հիմա դուրս է մնացել իր քաշային կարգի 20 ուժեղագույնների շարքից:
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, 75 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով իրեն լավագույն կողմերով էր դրսևորել նախ Թեհրանում կայացած աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում, ապա նաև Լեհաստանում մարտի երկրորդ կեսին կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել, պահպանել է առաջատար դիրքերն ու զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Ընթացիկ մրցաշրջանում իր փայլուն ելույթներով հիացնում է 2012թ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը: Հիշեցնենք, որ նա մարտի սկզբին նախ փայլուն հանդես էր եկել Մինսկում, որտեղ իրեն հավասարը չունեցավ Մեդվեդի մրցանակների միջազագային 45-րդ խաղարկությունում, ապա 61 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լեհաստանում մարտի երկրորդ կեսին ընթացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում: Այս ծանրակշիռ ու պատվաբեր հաղթանակները Ֆրանգուլյանին համաշխարհային դասակարգման ցուցակում թույլ տվեցին թռիչքային առաջընթաց արձանագրել. նա նախորդ ամսվա 7-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: