Պարենային ապահովությունը ՀՀ-ում
ECONOMICSՅուրաքանչյուր երկրի համար սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող գլխավոր ցուցանիշներից մեկը պարենային ապահովության մակարդակն է: Այս ենթատեքստում կարևոր է համադրել բնակչության ստացած եկամուտներն ու ծախսերը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ պարենմթերքի մատչելիությունը:
Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2016թ. Հայաստանում պարենի գները միջին հաշվով 17 տոկոսով ավելի բարձր են, քան ԱՊՀ մյուս երկրներում: Նույն աղբյուրի տվյալներով՝ ԱՊՀ թիրախային երկրների համեմատությամբ հացի գինը բարձր է եղել 36, կարագինը՝ 23, ձվինը՝ 25, կաթինը՝ 33 և տարեկանի հացինը՝ 45 տոկոսով: Պարենային գների բարձրացումը նկատելի է հատկապես վերջին երեք տարում: Բավական է նշել, որ Հայաստանում 2015թ. դեկտեմբերին 2010թ. նույն ամսվա համեմատ հացամթերքի գինը բարձրացել է 24.7, մսամթերքինը՝ 25.0, կաթնամթերքինը՝ 31.7, ձվինը՝ 54.4, կենդանական և բուսական յուղինը՝ 30.4 տոկոսով, կարտոֆիլինը և բանջարեղենինը՝ 10.3%-ով:
Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում անվանական աշխատավարձը հայկական դրամով հաշվարկված բարձրացել է 49.4 և ԱՄՆ դոլարով հաշվարկված՝ 32.4%-ով: Անվանական և ոչ թե իրական աշխատավարձի աճի որոշակի առաջանցիկ տեմպն ամենևին էլ չի սփոփում, որ տնային տնտեսությունների բյուջեի վրա պարենային ապրանքների գների բարձրացման հետևանքները մեղմվել են: Բանն այն է, որ իրական աշխատավարձը 2015-ին 2010թ. համեմատությամբ ավելացել է ընդամենը 16,2%-ով:
Պարենի մատչելիությունը բնութագրող հիմնական ցուցանիշներից մեկը տնային տնտեսությունների ծախսերն են` ըստ ուղղությունների, ինչպես նաև սպառված սննդամթերքի ծավալներն ու կառուցվածքը: 2016թ. նախորդ տարվա համեմատ ամսական միջին անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով ավելացել են 5.1%-ով: Ծախսերի մեջ ավելացել են ծառայությունների (10.7%-ով), ոչ պարենային ապրանքների (8.5%-ով), գնված սննդամթերքի (1.8%-ով) և ծխախոտի (0.7%-ով) մասնաբաժինները: Միևնույն ժամանակ, արձանագրվել է հանրային սննդի (10.3%-ով), չգնված սննդամթերքի (3.5%-ով) և ալկոհոլային խմիչքների (2.9%-ով) ձեռքբերման ծախսերի նվազում:
2015թ. նախորդ տարվա համեմատ 6.7%-ով նվազել են կարագի, 5.9%-ով ձուկ և ձկնեղենի, 3.3%-ով՝ ձվի մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառումը: Դրա հետ մեկտեղ, 17.0%-ով աճել է շաքարի, 7.8%-ով՝ կաթ և մածնի, 6.3%-ով՝ պանրի բոլոր տեսակների, 3.8%-ով՝ բուսական յուղի, 3.3%-ով՝ կարտոֆիլի, 3.1%-ով՝ բանջարեղենի, 1.8%-ով՝ մրգի և հատապտղի, 0.7%-ով՝ հաց և հացամթերքի ամսական սպառումը: Միս և մսամթերքի ամսական սպառումը մնացել է անփոփոխ:
Պարենի մատչելիությունը, որը բնութագրվում է բնակչության կողմից փաստացի սպառված պարենամթերքի մակարդակով, մեծապես կախված է առկա ռեսուրսներից, այդ թվում` տնային տնտեսությունների դրամական եկամուտներից, որոնք բնակչության կենսամակարդակը գնահատող կարևորագույն ցուցանիշներն են:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան