Հազվադեպ հանդիպող 15 հայկական յուրօրինակ ուտեստ
PHOTOՏարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել աշխարհում, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ, մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և վերհիշել: Menu.am-ը ներկայացրել է ազգային խոհանոցի 15 հայկական յուրօրինակ ուտեստ, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել Երևանի ռեստորաններում:
- Ղազղանի խորոված
Ղազղանի խորովածը Սյունիքի ինքնատիպ ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է տավարի փափուկ մսով, սալորաչրով և խնձորով:
- Կեր ու սուս
Համեղ կերակրատեսակ, որը պատրաստվում է տապակած տավարի կամ գառան մսով և բանջարեղենով: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:
- Վանա քաշովի
Վանա ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:
- Կոլոնդրակ
Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում: Կոլոնդրակ անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Պատրաստվում է դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնվում` ծիրանաչրի և սալորաչրի մեջ:
- Տավուշի Բորանի
Տավուշի մարզում լայն տարածում ունեցող ճաշատեսակ է: Տավուշի Բորանու hիմնական բաղադրիչներն են շոգեխաշած տավարի միսը՝ համեմված սև սալորաչրով, շագանակով և սոխառածով:
- Խաշիլ
Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Խաշիլը էթնիկ հայկական նախաճաշ է համարվում: Հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև "Եփութուխ" անունով:
- Խոխոբ
Հավի կամ ոչխարի կտրտած մսով, յուղով, սոխով ու նռան հատիկներով պատրաստվող կերակրատեսակ է: Խորխոբը տարածված է Արցախում, իսկ այժմ նաև՝ Սյունիքի բնակիչների շրջանում:
- Տավարի Քյալա
Շիրակի մարզում լայն տարածում ունեցող ուտեստ է, որը համարվում է արհեստագործների ուտեստ: Քյալան պատրաստվում է հատուկ արարողակարգով և մատուցվում է բազմամարդ հավաքույթների ժամանակ:
- Գառնի Յարախ
Այս տաք ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ արտահայտությունից, նշանակում է Գառնու ձոր. տարածում ունի Գառնու բնակիչների շրջանում: Գառնու Յարախը ստացել է իր անունը պատրաստման ձևի համար. սմբուկը տապակելուց հետո վերևից ճեղք է արվում և խորություն ստացվում, "ձորի", "երախի" նման, որի մեջ լցոնում են տավարի միս՝ տապակած սոխով լոլիկի մածուկի մեջ:
- Վանանուշ
Վանա անուշ կերակուր, այստեղից էլ առաջացել է անունը՝ Վանանուշ: Պատրաստվում է գառան մսով, սև սալորաչրով, տապակած սոխով և համեմվում՝ նռան օշարակով: Մատուցվում է տաք վիճակում:
- Ուրմիա
Արևելյան Հայաստանում տարածված ուտեստ, որը պատրաստվում է գառան մսով և բանջարեղենով՝ սմբուկով, պղպեղով, լոլիկով, սոխով և սխտորով: Ուրմիան մատուցելիս ձևավորում են կանաչիով:
- Բազրկանի
Մուսալեռում Բազրկանին եղել է հովվի ճաշի անվանումը: Կան տարբեր տեսակի բազրկանիներ: Մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մեկ գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և հովվի համեղ կերակուրը։
13. Խանգյալ
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։ Շիրակի մարզում խանգյալի փոխարեն կիրառում են նաև "Թաթար Բորակի" անունը: Խմորից պատրաստված խորանարդիկների վրա ավելացնում են չորաթանի մածուկ և սոխառած:
14. Այլազան
Արարատյան խոհանոցի գոհարներից մեկը Այլազանն է: Այն հին հայկական ուտեստ է, որի հիմնական բաղադրիչները սննդարար բանջարեղեններն են՝ գազար, ծաղկակաղամբ, սունկ, պղպեղ՝ համեմված մարվանդակով և հատուկ թանձրուկով:
- Քյելեկյոշ
Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է՝ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Քյելեկյոշը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում. ափսեի մեջ լցնում են չոր լավաշ, վրան՝ մեծ քանակով խաշած ոսպ, ապա տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ, ուրց, անանուխ) հետ: Հարուստները սոխառածը պատրաստում էին ղավուրմայով: