Հրանտ Թոխատյան. «Չգիտեմ` ինչ է երջանկությունը…ես երջանիկ եմ»
LIFEStyle.news.am-ը գրում է.
«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Հրանտ Թոխատյանի հետ:
Դերասանը խոսեց մի շարք թեմաներից, իսկ NEWS.am STYLE-ի հարցին, թե որն է եղել բեմական գործունեության ընթացքում իր խաղացած ամենատպավորիչ դերը` Թոխատյանը պատասխանեց. «Գիտե՞ք` կինոյում նկարահանվել, առանձնապես, չեմ սիրում. ինձ ավելի հոգեհարազատ է բեմը, ես սիրում եմ թատրոնը ու միշտ էլ այդպես կլինի` կինոն չի հաղթի թատրոնին: Իսկ ինչ վերաբերում է թատրոնում խաղացածս դերերին` դժվար է ասել, թե երբևէ երազել եմ խաղալ, օրինակ, Համլետ… Ոչ, չի եղել նման բան ու չեմ էլ ուզում: Միշտ խաղացել եմ այն, ինչ ես եմ ցանկացել, ինչն ինձ հոգեհարազատ է և ինչով կցանկանայի կիսվել իմ հանդիսատեսի հետ: Շուտով արդեն 40 տարին կլարանա, ինչ բեմում եմ, իսկ երբ ընկերներիս հետ հիմնեցինք Կամերային թատրոնը, խաղացել եմ այն ներկայացումներում, որոնց մասին մենք երազել ենք և ցանկացել ենք ներկայացնել հանդիսատեսին: Այդ պատճառով` հիմա շատ դժվար է նշել որևիցե կոնկրետ դեր… առջևում էլ չի լինի նման մեկը, որովհետև ես թատրոնի իմ ոճից չեմ շեղվելու»:
Այնուամենայնիվ,հիշելով Գյումրիում ծանր տարիներին երեխաների համար խաղացած ներկայացումներից մեկը, որտեղ կատարում էր Ձմեռ պապի դերը` Թոխատյանն ասաց. «Երևի հենց այդ Ձմեռ պապն է եղել իմ խաղացած լավագույն դերը»:
Խոսելով հումորի մասին` դերասանը նշեց. «Հումորը որևեցե կապ չունի լավ կամ վատ ապրելու հետ: Դա զգացում է, որն Աստծո կողմից կամ տրված է, կամ ոչ…այդ զգացումը պետք է լինի բնությունից, դա մեր ձեռքբերումը չէ: Ես կարծում եմ` հիմա մեր հումորի մակարդակը զիջում է նախկին մակարդակին»:
Ինչ վերաբերում է իր հասցեին շատ անգամներ հնչող քննադատություններին` Թոխատյանը նշեց, որ իր անձի հետ կապված քննադատությունները հաճախ է լսում և ընդունում, սակայն, բոլորովին, այլ կերպ է վերաբերվում իր մասնագիտությանն ուղված քննադատություններին. «Այսօր չկա որևէ քննադատ, որը կարող է հավասարազոր քննադատել այն, ինչ անում եմ. չեմ ցանկանում մեծամիտ հնչել, պարզապես, չունենք նման մասնագետներ: Ում որ ունեինք, ցավոք` այսօր չկան… »:
Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած դերասանը ժամանակին հրաժարվել էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից. նա իր քայլը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Կոչումները վաղուց սպառված են մեզ մոտ: Երբ տարիներ առաջ ինձ տվեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, ես հրաժարվեցի դրանից, քանի որ երբ հարցրի, թե ինչով եմ արժանացել այդ կոչմանը, չկարողացան պատասխանել հարցիս… ասացին` «թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»… Ինձ պետք չեն կոչումները… ամենամեծ կոչումը հանդիսատեսի ծափահարությունն է»:
Դերասանը նաև կոչ արեց արտասահմանում գտնվող և ճանաչում ունեցող մեր հայրենակիցներին սատար կանգնել Հայաստանում գտնվող տաղանդավոր երիտասարդներին, թեկուզ, մեկ համատեղ ելույթով կամ այնտեղից հրավիրված մասնագետների վարպետության դասընթացներով:
Խոսելով բեմի և իրական կյանքի միջև եղած սահմանի մասին, Թոխատյանն ասաց. «Երբ մտնում եմ տուն, այդ սահմանը հատվում է. դա այն վայրն է, որտեղ կարող եմ լինել մինչև վերջ անկեղծ և ազատ»:
Հարցին, թե ինչ է իր համար երջանկությունը, դերասանը պատասխանեց. «Չգիտեմ… ես երջանիկ եմ»:



