Հայաստանյան միասնական հարթակում ելույթ կունենան հիփ-հոփ մշակույթի բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ
SPORTՀունիսի 23-25-ը Երևանում կանցկացվի հիփ-հոփի և էքստրեմալ մարզաձևերի Time for kids ամենամյա միջազգային փառատոնը, որը նախաձեռնել է «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Past.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից:
Ըստ նրա՝ առաջին տարին այն ուներ 600 մասնակից և 3500 հանդիսատես, այս տարի սպասում են 700 մասնակից (արտերկրից 150 մասնակից) և 3000-4000 հանդիսատես: «Փառատոնը նպատակ ունի զարգացնել հիփ-հոփ մշակույթը, Էքստրեմալ սպորտաձևերը, ստեղծել հարթակ միջազգային պարային խմբերի միջև, նպաստել մշակութային տուրիզմին, տարածել առողջ ապրելակերպ:
Time for kids փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհառչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը և մի շարք այլ հայտնի հյուրեր և մասնակիցներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Եվրոպական այլ երկրներից»,-ասաց մեր զրուցակիցը:
Գարիկ Ալեքսանյանը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի (բրեյք դանս (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան ( Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշք (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira):
Մեր հարցին՝ այդ ուղղություններից ո՞րն է Հայաստանում առավել տարածված, «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահը պատասխանեց. «Այդ ուղղություններն այնքան էլ բնորոշ չեն հայերիս: Մարդիկ կաշկանդվում էին բռեյք դանսով զբաղվել: Բայց բրեյք դանսն այսօր ունի զարգացում: 2005 թվականից հետո ունեցանք խմբեր, ստեղծվեց մեր ասոցիացիան, որը կազմակերպում է մրցաշարեր: Կարող եմ վստահ ասել, որ բրեյք դանսն այսօր տարածում է ստանում: Ուզում ենք, որ հիփ-հոփի մյուս ուղղությունները նույնպես զարգանան»:
Փորձեցինք ճշտել՝ ծախսատա՞ր նախագիծ է: Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ ծախսերը կապված են բեմի, հյուրերի, մրցանակային ֆոնդի, և այլ հարցերի հետ: Կազմակերպիչները դիմել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և ստացել մերժում: ՀՀ մշակույթի, սպորտի, սփյուռքի նախարարություններից դեռ սպասում են պատասխանների: Մեր զրուցակիցը շեշտեց՝ Սփյուռքի նախարարության աջակցությունը կարևոր, քանի որ մեր հյուրերիից մեկը՝ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը, արմատներով հայ է:
Լևոն Փանոսյան