Միակ աղբյուրի ջուրը բարակել է և չի հասցնում բավարարել գյուղացիների պահանջները
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Լոռու մարզի Փոքր Այրում համայնքում խմելու ջրի խնդիրն օրեցօր ավելի է սրվում: Այս համայնքն այժմ Ախթալայի կազմում է:
Համայնքը ջրով ապահովող միակ աղբյուրի ջուրը շատ է բարակել և չի հասցնում բավարարել գյուղացիների պահանջները: Ամբողջ գիշեր և ցերեկ աղբյուրի մոտ բնակիչներ են կուտակված, որպեսզի ջուրը տուն հասցնեն:
«Շատ բարակ ջուր է գալիս, մարդիկ ժամերով հերթ են կանգնում, ցրտերին նույնիսկ սառչում է, և ամբողջ համայնքը ջրազրկվում է: Մենք զրկված ենք շատ կենցաղային պայմաններից՝ մարդիկ լվացքի մեքենա չեն կարողանում օգտագործել, բաղնիք նույնպես չեն կարողանում օգտագործել»,– «Փաստ»–ի հետ զրույցում դժգոհեց համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Նրա խոսքով՝ հենց ջրի խնդիրն էր պատճառը, որ տարիներ շարունակ Փոքր Այրումից արտագաղթը չի դադարել:
«Գյուղում 100 տնտեսությունից ներկայում մնացել է մոտ 50–ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում միայնակ թոշակառուները»,– փոխանցեց նա:
Համայնքը 1989–1992 թվականներին բնակեցվել է փախստականներով, հենց առաջին օրերից պարզ է դարձել, որ ամենամեծ խնդիրը խմելու ջրի հարցն է: Ամբողջ համայնքը ջրով սնում է անտառային ջրերի միակ աղբյուրը: Այստեղ զարգացած է անասնապահությունը: Կենդանիները ևս օգտվում են այդ նույն աղբյուրից:
«Այդ աղբյուրի ջրով են ապահովում նաև ընտանի կենդանիներին և այլ կենցաղային աշխատանքներ կատարում: Այդ ջուրը մաքուր չէ ու առանց մաքրման օգտագործում են: Սա 21–րդ դարում ազգային խայտառակություն է»,– վրդովվեց Օլեգ Դուլգարյանը:
Պատկերը նույնն է նաև համայնքի մաս կազմող Մեծ Այրումում: Այստեղ երկու աղբյուր կա:
«Անտառային ջրերից են օգտվում, որը մեկ գալիս է, մեկ չի գալիս: Ջրի խնդիրը այդտեղ ևս լուրջ է»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:
Ջուր անցկացնելու փորձեր արվել են, բայց գործը մինչ օրս վերջնական լուծում չի ստացել:
2015–2016 թվականներին համայնքը ջրով ապահովելու երրորդ ծրագիրն է իրականացվել, սակայն ջրի մատակարարման ներքին ցանց չի ստեղծվել, ինչի հետևանքով էլ հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում:
««Ագարակից» ջուրը մոտեցրել են համայնքին, բայց ներքին ցանց չկա: Համայնքը պետք է ներդրում կատարեր, բայց չկարողացավ, արտաքին միջոցներից էլ գումարի ներգրավում չեն կարողացել անել, ու ոչ մեկին դա չի էլ անհանգստացնում: Իրականացված ծրագրերը մինչև վերջ չեն ավարտվել, անարդյունավետ ծրագրեր են եղել, միշտ էլ գործը կիսատ է մնացել»,– հավելեց նա:
Ըստ Դուլգարյանի՝ այս պայմաններում կարելի է սպասել արտագաղթի նոր ալիքի: Մարդիկ հոգնել են ժամերով ջրի հերթ կանգնելուց և այն կիլոմետրերով փոխադրելուց:
Տեղական իշխանությունների՝ տարիների անտարբերությունը նման իրավիճակ է ստեղծել այստեղ:
Այսօր տեղացիները ցանկանում են, որ խոշորացման արդյունքում ևս անուշադրության չմատնվեն: Հուսով են՝ գոնե առաջիկայում ջրի խնդիրը լուծված տեսնել:
Մանյա Պողոսյան



