«Մասրիկ 1»-ի կառուցումը լուրջ տեխնոլոգիաներ ու փորձառություն կբերի Հայաստան
ECONOMICS
Մոտ մեկ տարի առաջ՝ ապրիլի 28-ին հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի մասին: Past.am-ը Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողութան հիմնադրամի արևային ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվեց կայանի գործարկման հետ կապված գործընթացներից:
Գևորգյանի խոսքով՝ այժմ ողջ ներուժը դրված է միայն դրա վրա: Կառուցման ժամկետները պետք է որոշի ներդրող ընկերությունը, որը լիցենզիա ստանալու օրվանից հետո երկու տարի ժամանակ կունենա կառուցելու համար:
«Հիմա ներդրողների մրցույթի գլխավոր փուլում ենք: Նախաորակավորումն արդեն անցել ենք, հիմնական փուլին մասնակցում են 10 նախաորակավորում անցած ընկերություններ և կոնսորցիումներ: Իրենց հրավերներն արդեն ուղարկված են, հայտերի վերջնաժամկետն էլ մարտի 21-ն է:
Մրցույթի հիմքում դրված չափորոշիչներով Հայաստանում նման կայան կառուցած որևէ ընկերություն չկա: Սա մեզ համար ինովացիա է, դրա համար բոլորը միջազգային հայտնի ընկերություններ են՝ լուրջ փորձառությամբ, որոնք ոչ միայն կայան կարող են կառուցել: Մենք լուրջ տեխնոլոգիաներ և փորձառություն Հայաստան ներգրավելու խնդիր ենք լուծում»,- նշեց նա:
Գևորգյանի խոսքով՝ վերջին փուլից հետո ընկերությունը պետք է լիցենզիայի համար դիմի, կառավարության աջակցության պայմանագիրը ստորագրի, ցանցի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր ստորագրի, համայնքից հող ստանա: Ֆինանսավորումն ու բոլոր փաստաթղթերն իր ձեռքին լինելու դեպքում ընկերությունը իրավունք կստանա սկսել շինարարական գործընթացը:
Մրցույթում հաղթողի միակ չափորոշիչը ցածր սակագինն է լինելու: Այն ընկերությունը, ով ամենացածր սակագինը կառաջարկի, նա էլ հաղթող կճանաչվի: Սա պարզ, թափանցիկ մրցույթ է մեկ չափորոշիչով, որովհետև ընկերություններն արդեն նախաորակումն անցել էին և պետության համար որևէ տարբերություն չկա, թե ով կհաղթի: Ամենակարևորը ամենացածր սակագին ունենալն է:
Գևորգյանի տեղեկացմամբ՝ տարեկան նախատեսվում է արտադրել 90 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ կայանի դրվածքային հզորությունը կլինի մինչև 55 ՄՎատտ: Հարցին, թե դա ամբողջ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի որքան մասն է կազմելու, պատասխանեց, որ ընդհանուր ծավալային տեսանկյունից փոքր տոկոս է զբաղեցնելու, բայց սա արդյունաբերական մասշտաբի առաջին արևային կայանն է լինելու:
«Նմանատիպ փորձառությունը և՛ կառավարության, և՛ շուկայի համար մեծ նշանակություն ունի, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրեր ավելի շատ լինեն: Այստեղ ոչ թե մի կայանով էներգետիկ ոլորտում հարց ենք լուծելու, այլ՝ քաղաքականության մշակման ոլորտի զարգացման հարց ենք լուծում: Արտադրության խնդիր Հայաստանն այսօր, փառք Աստծո, չունի: Մենք որևէ պակասորդ չունենք: Զուտ որակական շուկայի ոլորտի զարգացման հարցեր ենք լուծում, այլընտրանքային էներգետիկան ենք զարգացնում, կայունությունն ենք ապահովում»,- նշեց մեր զրուցակիցը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ