«Մրցույթին այլեւս չեմ մասնակցում». Արենա Զեյնալյանը՝ միջազգային մրցույթի անարդարության, Women's Club-ում հաջողության եւ իր ռուսախոս կերպարի մասին
LIFE«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր գեղեցկուհի Արենա Զեյնալյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն ներկայանում է նաեւ Women’s Club հումորային նախագծում, դադարեցրել է իր մասնակցությունը Դուբայում տեղի ունեցող «Ազգային գեղեցկուհի» մրցույթին: Բանն այն է, որ Արենան համացանցային քվեարկության արդյունքում առաջատար դիրքում էր՝ ունենալով ավելի քան 80 հազար քվե, սակայն գեղեցկուհին նամակներ է ստացել մի շարք օգտատերերից, որոնք նշել են, որ իր օգտին այլեւս չեն կարողանում քվեարկել, այն դեպքում, երբ քվեարկությունը պետք է տեւեր մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Արենան NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իր դժգոհությամբ եւ պատմել, թե ինչպես է հրաժարվել մրցույթին մասնակցությունից. գեղեցկուհու հետ խոսել ենք նաեւ Women’s Club-ից եւ իր հումորային կերպարից:
«Մրցույթին այլեւս չեմ մասնակցում, որովհետեւ կազմակերպիչներն անարդարացիորեն Հայաստանի անունը հանել են քվեարկությունից՝ տեսնելով, որ մեր օգտին շատ ձայներ են եղել, եւ փաստորեն գնում էինք դեպի հաղթանակ: Նրանք ինձ նամակ ուղարեցին, որում ասվում էր, որ չեն կարող իմ քվեներն ընդունել, որ այսուհետ պետք է քվեները գնել: Փաստորեն ցանկանում էին, որ գումար ծախսվեր դրա դիմաց: Ասում էին՝ ինչո՞ւ են քեզ անվճար քվեարկում, թող քեզ համար գնեն այդ քվեները: Նման խոսակցություններն ինձ բարկացրին եւ ես դիմեցի, որպեսզի ինձ հանեն մասնակցությունից: Շատ անարդար մրցույթ էր, չէի ցանկանում գնալ այնտեղ եւ տեսնել, թե ինչպես են տոնում ուրիշի հաղթանակը, երբ տեսնում էի, որ քվեարկությամբ ես էի հաղթողը: Ես, առնվազն, լավագույն եռյակում պետք է լինեի, բայց նրանք չցանկացան, որ դա երեւար»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արենան:
Մոդելն այս շրջանում առավել ակտիվ է Women’s Club նախագծում, իսկ նրա ռուսերեն հումորային արտահայտություններն արդեն հասցրել են սիրվել շատերի կողմից:
«Women's Club-ի ընթացքը շատ հետաքրիր էր ինձ համար: Սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ բեմ դուրս գալն ու մարդկանց ծիծաղեցնելն, առհասարակ, հեշտ բան չէ: Բայց հետագայում, երբ ավելի լավ ծանոթացա սցենարին, ամեն ինչ ինձ համար ավելի հետաքրքիր դարձավ: Չէի սպասում նման հաջողության, բայց ուրախ եմ, որ այսպես եղավ»,-ասում է նա:
«Նկատել եմ, որ հանդիսատեսին հատկապես զվարճացնում է, երբ ռուսերեն եմ խոսում: Դա, իսկապես, դժվար է, քանի որ ես լավ չեմ տիրապետում ռուսերենին, իսկ հանդիսատեսի մեծ մասը հրաշալի տիրապետում է լեզվին, եւ հերիք է որեւիցե սխալ թույլ տամ, միանգամից կնկատեն, սակայն բարեբախտաբար նման բան տեղի չի ունեցել: Միշտ լավ հանդիսատես ենք ունեցել՝ բոլորը ժպտացել են, ծափահարել… Ինքս էլ արդեն հասցրել եմ սիրել իմ կերպարը»:
Արենան պատմում է, որ մարդիկ հաճախ իրեն ճանաչելով՝ սկսում են հումորային մեջբերումներ անել, ինքն էլ շարունակում է նրանց պատասխանել հենց այդ ոճում.
«Սկսում եմ ռուսերեն խոսել եւ դա շատ ծիծաղելի է դառնում: Այդքան էլ հեռու չեմ իմ հումորային կերպարից: Ինձ համար նա հետաքրքիր կերպար է, ես էլ շատ սիրում եմ իրեն եւ հնարավորության դեպքում մեջբերում նաեւ կյանքում»: