1988 թվական, դեկտեմբերի 7, Հայաստանի հյուսիս. այս օրը արդեն 27 տարի շարունակ իր հետ բերում է նույն հիշողությունները՝ ավերիչ ու անդառնալի աղետ, որի զոհը դարձավ 25.000 մարդ:
27 տարի անց Գյումրու սպիները դեռ չեն անցել. այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսեց ծագումով գյումրեցի երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, ով թեպետ ծնվել է այս աղետից յոթ տարի անց, բայց մեզ հետ խոսեց այնպես, կարծես սեփական աչքերով է տեսել իր հարազատ քաղաքի ամենամեծ վիշտը.
«Երկրաշարժի ժամանակ ես անգամ ծնված չեմ եղել, բայց Գյումրիում չկա մեկն, ով չիմանա մեր հարազատ քաղաքի հետ կատարված այդ դժբախտության մասին: Ես ցավում եմ, որ եթե անգամ մարդիկ գտնվեն, ովքեր իրենց երեխաներին չպատմեն այդ դեպքի մասին, միեւնույն է, քաղաքում շրջելով դեռ կարելի է տեսնել աղետի հետեւանքները որքան էլ, որ անցել է արդեն 27 տարի: Գյումրու սպիները դեռ չեն անցել, առ այսօր դեռ կան տնակներում ապրող մարդիկ, կան ինձ տարեկից շատ երիտասարդներ, ովքեր ծնվել են այդ տնակներում ու նույն այդ տնակներից էլ ամուսնացել են: Բոլորն էլ Գյումրի մտնելիս կարող են նկատել, որ գյումրեցիների տխրությունը դեռ չի անցել, Գյումրու նախկին փայլը դեռ չի վերականգնվել, դրա մասին պատմել պետք չէ, դա շատ ակնառու է»,- նշեց Մաշան ու ավելացրեց.
«Փառք Աստո, մեր ընտնիքում մարդկային կորուստներ չեն եղել, բայց մինչ այսօր մորս մարմնի վրա մնացել են այն սպիները, որը ստացել է այդ չարաբաստիկ օրը: Նա այդ ժամանակ ուսանող է եղել եւ այդ պահին գտնվել է ինստիտուտում, երբ տեղի է ունեցել այդ դեպքը, մայրս մնացել է փլատակների տակ եւ որոշ ժամանակ հետո են կարողացել նրան դուրս հանել այդ տարածքից. մորս սպիները պատմում են 1988թ-ի ավերիչ երկրաշարժի մասին»:
Խոսելով իրենց տան մասին՝ Մաշան պատմեց. «Իմ ընտանիքն ու ես այդ թվում ապրում ենք շատ հին տան մեջ, որը կառուցել է պապիս պապը, երբ Սարիղամիշից գաղթել է Գյումրի, ի ուրախություն մեզ՝ նա շատ ամուր է կառուցել մեր տունը, ինչի արդյունքում էլ երկրաշարժի ժամանակ փլվել է մեր տան ընդամենը մեկ պատը, որը պապիկս վերականգնել է: Հիմա հպարտանում եմ, երբ գիտակցում եմ, որ նման տարիների ամրություն ունեցող տանն եմ ծնվել ու ապրում, բայց ցավում եմ, որ մեզ մոտ շատ տներ են գետնին հավասարվել ու այդպես էլ չեն վերակառուցվել»:
Մաշա Մնջոյանը հավելեց նաեւ. «Կարծում եմ, գյումրեցիները բոլորից առանձնանում են նրանով, որ մենք շատ ընդգծված կերպով ենք հպարտանում մեր քաղաքով, հետեւաբար այդ կորուստը, որը կապված է մեր քաղաքի հետ, մեզ չհուզել եւ չհետաքրքրել չի կարող, մեր քաղաքում կան այնպիսի վայրեր, որոնք բոլորիս տանում են դեպի այդ պատմությունը, մենք չհիշել ու չցավալ ուղղակի չենք կարող` անկախ նրանից մասնակից ենք եղել այդ դեպքին, թե ոչ»,- եզրափակեց նա:



