Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխարհում մատիտ ստեղծելուց հետո անհրաժեշտություն է ծագել նաև ստեղծել գրածը ջնջելու հարմարանք: Դա եղել է մատիտի ջնջոցը, կամ, ինչպես այդ իրը կոչվում է ժողովրդի մեջ, ռետինը: Մատիտով գրածը ջնջելու համար օգտագործվող հարմարանքների պատմությունը ավելի քան երկու դարի պատմություն ունի: Դրանից առաջ այդ գործառույթը, որպես կանոն, ամենից հաճախ իրականացվել է հացի տրորված միջուկով, բայց 1770 թվականին անգլիացի քիմիկոս Ժոզեֆ Պրիշլին հայտնաբերել է, որ կաուչուկը (այն ժամանակ միայն կաուչուկն է հայտնի եղել) կարող է ջնջել մատիտով գրածը ավելի հաջող, քան հացը:
Դա բացատրվում է նրանով, որ կաուչուկը թղթին քսելիս առաջանում է էլեկտրաստատիկ լարում, որի արդյունքում էլ գրաֆիտի մասնիկները կպչում են կաուչուկին: Բայց խնդիր էր այն, որ բնական կաուչուկը երկար չի պահպանվում, այն ամռանը բարձր ջերմաստիճանի տակ փափկելու հատկություն ունի, և տհաճ հոտ է արտանետում, իսկ ձմռանը կարծրանում, դառնում է փխրուն: Ջնջիչների որակի բարելավումը հնարավոր է եղել իրականացնել 1839 թվականին Չարլզ Գուդիերի կողմից կաուչուկի վուլկանացման գործընթացը հայտնաբերելուց հետո, որով ստացվում է ռետին: Այդ ժամանակվանից ի վեր ռետինե ջնջոցների տարածվածությունը մեծ թափ է հավաքել: 19-րդ դարի վերջին Գերմանիայում և Ամերիկայում հայտնվել են գրենական պիտույքների արտադրության առաջին գործարանները:
Երկար ժամանակ մատիտի ջնջոցների պատմության մեջ բնական կաուչուկը եղել է միակ նյութը, որն օգտագործվել է դրա պատրաստման համար: Դա տևել է մինչև քսաներորդ դարի կեսերը, երբ հայտնաբերվել է սինթետիկ կաուչուկը, որից հետո սկսել է օգտագործվել նաև դա: Սկսած 1990-ականներից ջնջոցներ սկսել են պատրաստվել պոլիվինիլքլորիդից և այլ պոլիմերներից: Այն նյութը, որից պատրաստված են ներկայիս մատիտների ջնջոցները, կարելի է որոշել գույնով: Կարմիր-կապույտը կամ մոխրագույնը պատրաստված են բնական կամ արհեստական կաուչուկից, դրանք շատ առաձգական են, կարող են ոլորվել և ձգվել, չնայած չեն ենթարկվում վերջնական դեֆորմացիայի, բայց այնուամենայնիվ դրանք լավ չեն կատարում իրենց գործը, այսինքն՝ լավ չեն ջնջում գրածը: Սպիտակ կամ բազմագույն ջնջոցները պատրաստվում են սինթետիկ պոլիմերներից, լավ շերտատվում են և հաճելի են հպման համար:
Ճիշտ է, դրանց արտադրության գործընթացը շատ աշխատատար է, և արտադրական գործընթացի խախտումները հաճախ հանգեցնում են դրանց՝ ջնջելու հատկության վատթարացման: Արժե հիշատակել ջնջոցի այնպիսի տարատեսակի մասին, ինչպիսին է «ծեփվող» ջնջոցը, որը պատրաստվում է պոլիիզոբուտիլենից, պեմզայից, մրից, կալցիումի կարբոնատից և տիտանի երկօքսիդից: Այն շատ փափուկ է, նրան կարելի է տալ ցանկացած ձև: Այն գրաֆիտի հետ մեկտեղ մատներից ներծծում է յուղը, որով իսկ կանխում է թղթի վրա բծերի հայտնվելը: Այս հատկությունների համար այդ ջնջոցը շատ բարձր են գնահատում փայտածուխով կամ փայտածուխե մատիտներով աշխատող նկարիչները:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում