Գյումրին իր մարզական պատմության մեջ 2015 թվականին ավելացրեց 483 մեդալ
SPORTԳյումրին այս տարի կրկին բարձր պահեց մարզական քաղաքի իր կոչումը: Ավելին, տարին աննախադեպ էր՝ 2015 թվականին անցկացված սպորտային առաջնություններում գյումրեցի մարզիկների ցուցաբերած արդյունքներով, երեք տարիքային խմբերում, Գյումրին իր մարզական պատմության մեջ ավելացրեց 483 մեդալ, նախորդ տարվա 372-ի փոխարեն, որից 158 ոսկե, 150 արծաթ և 175 բրոնզ: Ի դեպ, միայն Աշխարհի առաջնության հինգ ոսկե, 2 արծաթե, Եվրոպայի առաջնության 5 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե, մեդալների են արժանացել գյումրեցի մարզիկները: Գյումրեցիներն այս տարի նաև գերազանց արդյունք ցուցաբերել են Համահայկական 6-րդ ամառային խաղերում՝ ոսկի-14, արծաթ-12 և բրոնզ՝ 16:
Մրցաշրջանի ընթացքում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին, ու մարզական կառույցներին շնորհավորելու նպատակով դեկտեմբերի 26-ին ոլորտի ներկայացուցիչներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը շնորհավորելով բոլորին հույս հայտնեց, որ այս տարվա աննախադեպ արդյունքները հաջորդ տարի կրկնապատկվեն, իսկ ամենամեծ ցանկությունը՝ օլիմպիական ոսկին է : Քաղաքապետը նաև վստահեցրեց, որ հաջորդ տարի ևս կլինի մարզիկների կողքին, ավելին, Սամվել Բալասանյանը նշեց, որ արդեն հասունացել է Գյումրիում սպորտային պալատ ունենալու գաղափարը: «Կփորձենք այս գաղափարն առաջ տանել»,-նշեց քաղաքապետը:
Գյումրու քաղաքապետը դրամական պարգևներ հանձնեց 2015 թվականի 10 լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին: Ավագանու որոշմամբ ՝ գումարային ամենամեծ պարգևին՝ 4 մլն դրամի արժանացավ հանրապետության տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյանը: Դրամական պարգևների արժանացան նաև մյուս մարզիկներն ու մարզիչներն, ինչպես նաև մարզադպրոցները: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ մշտապես սպորտի կողքին կանգնելու համար:
Քաղաքապետի կողմից դրամական պարգևի արժանացած ամենափոքր մարզիկը՝ ավանդական կարատեի Եվրոպայի բրոնզե մեդալակիր 9-ամյա Արտակ Սարիբեկյանն էր, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կարատեից բացի շատ է սիրում դհոլ նվագել, իսկ նոր մրցանակներ ու հաջողությունների մասին երազում է:
«Հաջողության հասնել ու հաղթանակներ գրանցել օգնում է Գյումրիի հողն ու ջուրը, ինչպես նաև գյումրեցու աշխատասիրությունը»,-
Արմենուհի Մխոյան