Գործողություններ, որոնք անպայման պետք է անել 2016-ին
LIFEԱմանորի նախաշեմին մեզանից շատերը «գործողությունների պլան» են կազմում հաջորդ տարվա համար․ գործերի կամ ցանկությունների ցուցակ, որոնք պետք է կատարվեն։ Այսպես մենք պատրաստվում ենք հերթական «նոր կյանքին»։
Ամանորի գիշերը ստիպում է հավատալ, որ անհնարին ոչինչ չկա։ Եվ չնայած տարիքին՝ յուրաքանչյուրը հոգու խորքում ուզում է հավատալ, որ ամենակարող Ձմեռ Պապը կլսի նրա ցանկությունը և անպայման կկատարի այն։ Այդ իսկ պատճառով, մենք որոշել ենք կազմել գործողությունների հնգյակ, թե ինչ է պետք կատարել գալիք Հրե Կապիկի տարում։
1․Հաճախ ժպտացեք։ Չնայած մեզ հատուկ հումորի, մենք՝ հայերս, քիչ ենք ժպտում։ Ավելի հաճախ ես հանդիպում փողոցում մռայլ ու զայրացած դեմքերի, որոնց վրա դրոշմվել է առօրյա խնդիրների և հայ ազգի վշտի կնիքը։ Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի հոգու խորքում թաքնված է այն ժպիտը, որն օգնում է գոյատևել՝ անկախ ամենից։ Եթե ազգն ամենադժվար պահերին ունակ է կատակել և անեկդոտներ հորինել, ուրեմն նա ունակ է ժպտալու։ Ժպտացեք տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ։ Ժպտացեք որքան հնարավոր է հաճախ՝ անկախ ամենից։ Ժպտացեք անծանոթ անցորդներին։ Հենց այնպես, առանց պատճառի։ Եվ հավատացեք, պատասխան ժպիտը երկար սպասեցնել չի տա և կլուսավորի իր ջերմությամբ։ Ինչպես ասում էր բարոն Մյունհաուզենը՝ «Դուք չափազանց լուրջ եք։ Խելացի դեմքը դա դեռ խելամտության նշան չէ, պարոնայք։ Երկրագնդի բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այս արտահայտությունով։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք․․․»
2․ Բարի գործ արեք։ Կարևոր չէ, թե ինչ։ Թող այն փոքր լինի և առաջին հայացքից՝ աննշան։ Տատիկին փողոցն անցկացրեք, գցեք աղբը աղբարկղի մեջ, այլ ոչ թե փողոցում կամ անծանոթին օգնեք. կարևոր չէ։ Փոքրիկ բարի գործը կարող է մեծ քայլ դառնալ։ Այս տեսակ հարյուրավոր փոքրիկ գործերը կմիաձուլվեն անտեսանելի տիեզերական մի շղարշի և աշխարն ավելի բարի կդարձնեն՝ թեկուզ միայն ձեր տիեզերքի սահմաններում, բայց դա արդեն, իսկապես, մեծ է։
3․ Խենթ քայլերի դիմեք։ Խենթության աստիճանն ամեն մեկն ինքն է որոշում։ Յուրաքանչյուր մարդ երազում է անել ինչ-որ անսովոր մի բան, որը կամքի և ուժի մաքսիմալ կենտրոնացում է պահանջում։ Սակայն Կապիկը մի փոքր խենթ և ժիր կենդանի է, և կարծում եմ, որ հենց այս տարի արժե փորձել իրականացնել այն, ինչ վաղուց ուզում էիք։ Օրինակ՝ պարաշյուտով ցատկել կամ թողնել աշխատանքը և զբաղվել սիրած գործով։ Կարևորը՝ համարձակ եղեք և ամեն բան կստացվի։
4․Մոռացեք վախը։ Սա, թերևս, ամենաբարդն է։ Վախի զգացողությունը մարդուն վերածում է ստրուկի, հնազանդ մի կենդանու, որին բավական է միայն կերակրել և անել այն, ինչ կցանկանաս։ Հաղթահարել վախը կարող են միայն ոգով ամուր մարդիկ, և ես համոզված եմ, որ կա մեր ներսում այդ ուժը, ուղղակի անհրաժեշտ է հաղթահարել այն քունը, որում գտնվում ենք վերջին տարիներին։ Ազատության ճանապարհն է՝ վախերից ազատվելը։
5․ Սիրեք ինքներդ ձեզ։ Խոսքս եսասիրության մասին չէ, որը ոչ մի կապ չունի սիրո հետ։ Մարդ, ով սիրում է ինքն իրեն՝ կսիրի և մերձավորին։ Մեր ժողովրդին պակասում է հենց այս սերը․ մենք մեծարում ենք ուրիշներին, սակայն ինքներս մեզ վերաբերվում ենք թերահավատությամբ, երբեմն էլ արհամարհանքով։ Ինքդ քո ներսում պետք է սիրես ժողովրդին, չէ որ մենք իսկապես տաղանդավոր, աշխատասեր, անկեղծ ազգ ենք և շատ բաների ենք ընդունակ։ Եվ եթե մենք սիրենք ինքներս մեզ, ապա կկարողանանք վերջապես տեսնել դա։
Յուլիա Վարդանյան



