Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ էինք և ինչ դարձանք… Ինչի՞ մասին են երազում մեր համաքաղաքացիները

SOCIETY

Երեկոյան ժամերին Երևանի կենտրոնական փողոցները բավական ակտիվ են։ Ամենուր լսվում են անցորդների աշխույժ զրույցները, նրանց ծիծաղը, փողոցով անցնող մեքենաների շարժիչների խլացուցիչ ձայնը, բարձր երաժշտություն և այլն։ Երեկոյան ժամը 20։00-ից քաղաքը կարծես կերպարանափոխվում է։ Նույնիսկ մարդիկ են «ուրիշ» դառնում։ Նրանց տեսքը, հագուկապը, խոսելու ձևը… ամեն ինչ փոխվում է։

Այս նյութը պատրաստող մեր թղթակիցներից մեկը պատմում է, որ տարիներ առաջ, երբ իր հայրը դեռ ողջ էր, մի օր նա պատահմամբ հայրիկի հետ հայտնվել էր երևանյան այդ աշխուժության կենտրոնում։ Մեր գործընկերը պատմում է. «Հայրս ապշած էր։ Զարմացած շուրջ բոլորն էր նայում և հարցնում՝ ովքե՞ր են բոլոր այս մարդիկ, նրանք Երևանո՞ւմ են ապրում… Խեղճ հայրս էլ իր երազանքն ուներ։ Ասում էր՝ ուզում եմ տեսնել 1988 թ. հայ հասարակությունը։ Նա վստահ էր, որ 1988 թ.-ին՝ Արցախի համար պայքարի սկզբնական շրջանում, մեր ժողովուրդն ուրիշ էր՝ միասնական, կամեցող, խիզախ, բարի, նպատակ ունեցող։ Հայրս շատ էր խոսում այն ժամանակվա մթնոլորտի մասին ու վերջում գրեթե միշտ նույն խոսքով միտքն ավարտում՝ ի՞նչ էինք ու ինչ դարձանք», - պատմում է մեր գործընկերը։

Իսկ ինչպիսի՞նն են մեր հայրենակիցների այսօրվա երազանքները։ Ի՞նչ ենք ու ինչ ենք ուզում դառնալ։ Շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ կարևոր այս հարցը պարզելու համար Երևանում ու մարզերում զրուցել ենք մի շարք քաղաքացիների հետ։

Երևանում բնակվող Դավիթը 17 տարեկան է։ Բավական բարձրահասակ երիտասարդ է՝ երկար մազերով ու կլորավուն դեմքով։ Սեպտեմբերի 1-ին նա կրկին դպրոց կգնա։ Ավարտական՝ 12-րդ դասարանի աշակերտ է։ Շատ շուտով, ընդամենը մի քանի ամիս անց, Դավիթը հայտնվելու է իր կյանքի ամենակարևոր հանգրվանում։ Ի՞նչ ապագա է սպասում երիտասարդին՝ նա դեռ չգիտի։ Դժվար երկընտրանքի առջև է և արդեն հիմա պետք է որոշում կայացնի՝ որտե՞ղ սովորի, ե՞րբ բուհ գնա, ի՞նչ մասնագետ դառնա և այլն։

- Վերջին տարիներին շատ եմ պարապել։ Սկզբում Հայոց լեզու և Հայոց Պատմություն, հետո նաև անգլերեն ու բարձրագույն մաթեմատիկա՝ արհեստական բանականության մատրիցաների հետ աշխատանքը լավ պատկերացնելու համար, - մեզ հետ զրույցում ասում է Դավիթը։

- Պատմություն և մաթեմատիկա… Ո՞րն է քո նախընտրությունը՝ հումանիտար ուղղությունը, թե՞ տեխնիկական։

- Հումանիտար, միանշանակ հումանիտար։ Քաղաքագետ եմ ուզում լինել, միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Բայց հենց քաղաքագետ և ոչ թե քաղաքական մեկնաբան։ Այսինքն, առաջնահերթությունս գիտական հետազոտություններն են լինելու, այլ ոչ թե տարբեր եթերներում ընթացիկ գործընթացների մեկնաբանությունը։ Նաև արևելագիտությամբ եմ հետաքրքրված։ Հատկապես արաբագիտությամբ։ Մերձավոր Արևելքը շատ հետաքրքիր տարածաշրջան է։ Սոցիոլոգ լինելու տարբերակն էլ եմ քննարկում։ Չգիտեմ, դեռ վերջնական որոշում չունեմ, բայց երևի թե ամեն դեպքում քաղաքագետ։ Իսկ մաթեմատիկան այլ նպատակով եմ պարապում։ Մյուս տարի, երբ դպրոցն ավարտեմ, 18 տարիս լրացած կլինի արդեն։ Բանակի հարց կա։ Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ապագան, բայց բանակում կուզեի արհեստական բանականության գործիքների գիտելիքս կիրառել։ Նման հնարավորություն կա, բայց որպեսզի ինձ ներգրավեն այդ գործի մեջ, պետք է քննություն հանձեմ և լավ արդյունքներ ցույց տամ։ Այդ քննությանն էլ եմ պատրաստվում։

- Այսինքն դու կանգնած ես կյանքի կարևոր խաչմերուկում՝ բանակ կամ բուհ։ Ի՞նչ ես մտածում անել։

- Մտածելու շատ բան չկա։ Բանակը կարևոր է երկրի համար, բուհը՝ քո անձնականի։ Անկեղծ ասած՝ այս հարցին փորձում եմ հնարավորինս պրագմատիկ մոտենալ։ Այս պահին ինձ համար կարևոր է, որպեսզի ընտրության հնարավորություն ունենամ։ Օրինակ, հիմա գնալ բանակ, թե՞ օրինակ մի քանի տարի անց։ Հայաստանում բուհ ընդունվելը տարկետում չի տալիս։ Պետք է ընդունվես աշխարհի լավագույն 50 բուհերից մեկը, որպեսզի տարկետում ստանաս։ Եվ ես հիմա ուսումնասիրում եմ այդ բուհերը, դրանցից մեկն ընդունվելու իմ հնարավորությունը։ Եվ կդիմեմ անպայման։ Արդեն որոշակի պատկերացումներ ունեմ։ Բայց նույնիսկ եթե ընդունվեմ, դեռ վստահ չեմ, թե կդիմեմ տարկետման համար։ Օրը կգա կմտածեմ։ Այս պահին ես դեռ միայն ուզում եմ ընտրության հնարավորություն ունենալ։

- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Ինձ թվում է՝ այս հարցին բոլորը նույն բանը կպատասխանեն՝ որպեսզի մեր երկիրը ուժեղ լինի, Արցախը՝ կրկին հայկական, մեր պատմական հայրենիքը՝ ազատագրված։ Բայց նման երազանք ունենալու իրավունքն էլ է դեռ պետք վաստակել։ Դրա համար փորձում եմ ոչ թե երազել, այլ ծրագրեր կառուցել՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ։

- Բայց ի՞նչ երազելու իրավունք։ Երզե՞լն էլ է իրավունքով։ Երիտասարդ տղա ես, երազի էլի…

- Դե հա, երազում եմ, - ամոթխած ժպիտով պատասխանում է Դավիթը, - բայց դե փորձում եմ զգույշ լինել։ Տեսեք, երբ ուսումնասիրում էի, թե որոնք են աշխարհի լավագույն 50 բուհերը, մոտս հարց առաջացավ, թե իսկ ո՞ր տեղում են այդ սանդղակում հայկական համալսարանները։ Գիտե՞ք որ տեղում են։ Աշխարհի լավագույն 1000-ի մեջ հայկական ոչ մի բուհ չկա։ 1500-ի մեջ էլ։ Հիմա ես երազում եմ, որ 1000-ի մեջ հայկական համալսարան լինի։ Սա ավելի իրատեսական երազանք է։

Երբ նույն հարցը տվեցինք Դավիթի հայրիկին՝ Լևոնին, թե ինչի մասին է երազում նա, շատ կարճ պատասխանեց.

- Երազում եմ՝ էս երեխեքը ավելի թեթև ապրեն։ Ոնց որ սաղ աշխարհի դարդը շալակած լինեն։ Մի օր չես տեսնի երաժշտություն միացնեն ու պարեն։ Եթե ականջակալ կա ականջներին, ուրեմն կա՛մ լուրեր ա լսում, կա՛մ ինչ որ քննարկում։ Լավը մենակ էն ա, որ անգլերենով կամ ռուսերենով է լսում։

Մեր մեկ այլ զրուցակիցը՝ տիկին Լյուսին, որը 50-ին մոտ կին է, իր բոլոր երազանքները կապում է զավակների անվտանգ ու բարեկեցիկ ապագայի հետ։

- Երեխաներս մեծանում են։ Կարելի է ասել՝ մեծացել են արդեն։ 22 և 24 տարեկան աղջիկներ են։ Մեծս շուտով կամուսնանա, փոքրը՝ դեռ չէ։ Ես ամեն անգամ եկեղեցի եմ գնում, մոմ վառում ու խնդրում Աստծուն հեռու պահի երեխեքիս փորձություններից ու տառապանքներից։ Ուզում եմ լավ կյանք ունենան, բարի մարդկանցով շրջապատված լինեն, հիվանդության երես չտեսնեն, խաղաղ երկրում իրենց երեխեքին մեծացնեն, բավարված լինեն, լավ գործ ունենան… էլ ի՞նչ ասեմ՝ թող Աստված միշտ պահապան լինի։

- Տիկին Լյուսի, համոզված ենք՝ Ձեր աղոթքներն անարձագանք չեն մնա։ Հասկանալի է, որ մայրն իր զավակների բարօրությունն է ցանկանում։ Իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ կուզեիք։ Ի՞նչ եք երազում հենց Ձեզ համար։

- Ինչ որ ասացի՝ համարեք հենց իմ երազանքն է։ Ինձ համար։ Ու դա ամենակարևորն է։ Բայց ես նաև մեր երկրի համար եմ միշտ աղոթում։ Որ խաղաղություն լինի, երեխաները չզոհվեն։ Աշխարհից ուրիշ բան չեմ ուզում, այսքանը։ Փառք Աստծո, առողջ եմ, աշխատանք ունեմ, որն ի դեպ հաճույքով եմ անում (կաթնամթերք արտադրող գործարաններից մեկի գլխավոր տեխնոլոգն է), ընտանիքս՝ ամուսինս, ծնողներս բոլորը լավ են, սիրով ենք, հարգանքով։ Անհատապես ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է՝ երանելի, - ժպտում է տիկին Լյուսին, - ուզում եմ, որ մեր ժողովրդի մոտ էլ այդպես լինի։

Տիկին Լյուսիի երազանքներին ճիշտ հակադիր երազանքներ ունի նրանից մոտ 10 տարի ավելի երիտասարդ մեկ այլ կին՝ Ժաննա Սահակյանը։ Վերջինս իրեն դժբախտ է համարում. երեք տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում երեխա է կորցրել։ Ասում է՝ միայն մեկ երազանք ունեմ՝ այն չարաբաստիկ օրը երբեք չլիներ…

- Վեց ամիս առաջ մեր երրորդ զավակն է ծնվել։ Կրկին տղա է։ Մտածում էինք՝ Վարդանիս անունը դնենք, բայց հետո չարեցինք։ Թող ամեն մեկն իր կյանքով ապրի։ Եվ իր անունը կրի։ Թող խաղաղություն լինի, մարդիկ էլ այս կյանքից ճիշտ ժամանակին հեռանան՝ խոր ծերության մեջ։

Մեր քաղաքացիների երազանքների մասին զրույցները վկայում են, որ նրանց բացարձակ մեծամասնությունը խոսում է խաղաղության մասին։ «Երկրին խաղաղություն լինի», - մանտրայի պես կրկնում են շատերն ու հեռանում։ Մարդիկ չեն ցանկանում խոսել իրենց անձնական ցանկությունների, իրենց վերաբերող երազանքների մասին։ Եվ սա ուշադրության արժանի հանգամանք է։

Հոգեբանները տարբեր պատճառներ են բերում, թե ինչու է այդպես։ Ասում են՝ երազանքները հաճախ անձնական բնույթի են ու մարդիկ պարզապես չեն ցանկանում քննարկել դա օտարների հետ։ Ոմանք էլ ամաչում են խոսել իրենց երազանքներից՝ վախենալով, որ դրանց պարզությունը կարող է հուսախաբ անել հարց տվողներին, կամ ծաղրի առարկա դառնալ։ Կարևոր են նաև մշակութային, հասարակական գործոնների ազդեցությունը, մարդկանց սոցիալական ու նաև հոգեբանական ծանր վիճակը։ Արդյունքում տեսնում ենք, որ միջին տարիքի քաղաքացիները, զբաղված մարդու տեսք ընդունելով, հիմնականում փորձում են րոպե առաջ ազատվել իրենց մոտեցած լրագրողներից։ Ընդ որում, նրանք ավելի պատրաստակամ են խոսել հասարակական նշանակություն ունեցող այս կամ այն թեմաներից, նույնիսկ իրենց գործերից, բայց երբ հարցը հասնում է երազանքներին ու ցանկություններին, շատ կարճ են կապում և ավարտում զրույցը։

Երիտասարդների ու տարեցների շրջանում պատկերն այլ է։ Նրանք ավելի տրամադրված են զրույցի։ Երևանի «Ազատության» հրապարակում մենք մոտեցանք մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին նստած մի խումբ երիտասարդների՝ 20-24 տարեկան տղաների և աղջիկների։

- Երեխեք, իսկ գիտե՞ք՝ ում արձանն է։

- Սպենդիարյանի, - մի քանի հոգի զուգահեռ ու շատ արագ պատասխանեցին մեզ։

- Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Սպենդիարյանի գերեզմանը, - ժպիտով հարցրեցինք մենք։

Պատասխան չկար, փորձում էին հիշել ու իրար էին հարցնում՝ չգիտե՞ս, աղջի… Ծիծաղով ասացինք, որ գերեզմանը գտնվում է իրենց նստած տեղից մոտ 50 մետր այն կողմ՝ նույն հրապարակի հենց սկզբնամասում։

- Վաաայ, - ծիծաղով արձագանքեցին երիտասարդները։ - Լու՞րջ։

- Այո, շատ լուրջ։ Այ հեն ա։ Նա է գերեզմանը։ Իսկ ի՞նչ երազանք ունեք, երեխք։

- Երազա՞նք։ Հաստատ չէի ուզի կոմպոզիտոր դառնալ, - ասաց աղջիկներից մեկը։

Իսկ կողքի տղան անմիջապես կատակեց.

- Իսկ կուզեի՞ր գերեզմանդ «Ազատության» հրապարակում լիներ։

Բոլորը միասին սկսեցին բարձր ծիծաղել։

- Իսկ եթե մի քիչ ավելի լավ մտածեք, ի՞նչ կուզեիք, որ լինի։ Ի՞նչ երազանք ունեք։

- Համալսարանն ավարտել ու լավ աշխատանք գտնել, - սկսեց մտմտալով խոսել կատակող տղան։ Ընկերներով իրար հետ լինենք միշտ, սիրուն տներ կառուցենք մեզ համար, ճամփորդենք…

Կողքի իր ընկերները հավելում են՝ լավ ավտո, շատ փող, խաղաղություն…

- Ներեցեք, բայց կարծես ընդամենը լավ բաներ եք թվարկում։ Իսկ ես իսկական երազանքի մասին եմ հարցնում։

- Իսկական երազա՞նք, - կրկին պատասխանեց տղան, - Երևի, որ հասկացված լինեմ, գնահատված։ Ուզում եմ կյանքս իսկապես իմաստավորված լինի։ Որ ինչ-որ կարևոր բանի ծառայի կյանքս։ Հենց այնպես չանցնի էլի, գնա։ Մի բան ավելացնեմ այս աշխարհում… Այո, դա է երազանքս։ Իսկական երազանքս։

Իսկ ահա տարեցները, որպես կանոն, խոսում են ընդհանրական բաների մասին։ Նրանք երազում են, որպեսզի երկիրը զարգանա։ Որպեսզի եկող սերունդն ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի պատմությանը, ազգի մեծերին, ժողովրդին։ Երազում են, որպեսզի մարդիկ ավելի հոգատար լինեն միմյանց հանդեպ, հանդուրժող։ Մեծամիտ չլինեն։ Եվ դե իհարկե՝ կրկին խաղաղություն։

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026