Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվում
POLITICSՆիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունների շուրջ շրջանառվող խոսակցությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են։ Մամուլի հրապարակումներում և հանրային քննարկումներում Նալբանդյանին շարունակում են կապել Փաշինյանի և նրա ընտանիքի հետ։
Վերջերս թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն արդեն անցնում են տանելիության սահմանները։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հանձնարարել է իրավապահներին համապատասխան վարույթներ նախաձեռնել, և եթե ապացուցվի, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իր կամ իր ընտանիքի հետ, արձագանքը լինելու է կոշտ։
Հատկանշական է, որ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ քրեական վարույթի նախաձեռնման մասին։
Միաժամանակ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, որ նման հրապարակումների դեպքում դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից։ Սակայն նույն օրը Նալբանդյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ կրկին հերքելով իր և Փաշինյանի ընտանիքի միջև որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի մասին տեղեկությունները։
Past.am-ը փորձել է պարզել՝ արդյոք Նալբանդյանը նախկինում հրապարակայնորեն հերքե՞լ է նման տեղեկությունները։ Հասանելի հրապարակումներն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ գործարարը նախկինում ևս անդրադարձել է այդ խոսակցություններին և հերքել դրանք։ Այսինքն՝ «Նալբանդյանը երբեք չի հերքել այդ տեղեկությունները» պնդումը չի համապատասխանում առկա հրապարակային տվյալներին։
Սակայն հարցը միայն հերքման կամ չհերքման մեջ չէ։ Ավելի լայն խնդիր է նման հայտարարությունների հնարավոր ազդեցությունը բիզնես և ներդրումային միջավայրի վրա։ Երկրի ղեկավարի կողմից գործարարների անունների շուրջ նման խոսակցությունների բարձրաձայնումը, ինչպես նաև դրանից հետո քրեական վարույթների նախաձեռնման մասին տեղեկությունները կարող են բիզնեսի համար լրացուցիչ անորոշության մթնոլորտ ստեղծել։
Գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների, սպառնալիքների և իրավապահ գործընթացների շուրջ ձևավորվող անորոշությունը կարող է բիզնեսին ավելի զգուշավոր դարձնել։ Նման պայմաններում ներդրողները կարող են խուսափել նոր ծրագրերից, իսկ գործող ընկերությունները՝ սահմանափակել իրենց ակտիվությունը։
Past.am-ի դիտարկմամբ՝ կանխատեսելի և կայուն բիզնես միջավայրի համար առանցքային են իրավական հստակությունը, հավասար պայմանները և վստահությունը, որ տնտեսական գործունեությունը չի պայմանավորվելու քաղաքական հայտարարություններով կամ առանձին պաշտոնյաների որոշումներով։
Վերջնական արդյունքում նման զարգացումները կարող են անդրադառնալ ոչ միայն առանձին գործարարների, այլև Հայաստանի տնտեսական կայունության և ներդրումային գրավչության վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



