Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվում
POLITICSՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմները։
Նախարարության ներկայացմամբ՝ վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, և սահմանված պահանջների խախտումը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի, գույքի և ճանապարհային երթևեկության անվտանգության համար։
Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն ճանապարհին վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների վերահսկողության ընթացակարգերը։ Մասնավորապես, սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների ամբողջ շրջանակը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև տարբեր խախտումների դեպքում կիրառվող միջոցներն ու պատասխանատվության չափերը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է տարանջատել վերահսկողության երկու ձև՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումները։ Կսահմանվեն նաև խախտումների ռիսկայնության խմբերը և դրանց համապատասխան կիրառվող միջոցները։
Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել վտանգավոր բեռ փոխադրող ավտոմեքենաները համապատասխան ստուգման նպատակով կանգնեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելանքի տակ դնելու համար։ Միաժամանակ նախատեսվում են վարչական պատասխանատվության տարբերակված միջոցներ՝ հաշվի առնելով խախտման բնույթն ու ռիսկայնության աստիճանը։
Փաթեթով առաջարկվում է նաև սահմանել իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմներ։ Կառավարությանը կվերապահվի ճանապարհային վերահսկողության կարգը, վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում խախտումների ցանկը և վերահսկողության ստուգաթերթի ձևը հաստատելու լիազորությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ փոփոխությունների հիմնական նպատակն է ստեղծել վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ առավել հստակ և ամբողջական վերահսկողության համակարգ՝ միաժամանակ Հայաստանի օրենսդրությունն աստիճանաբար մոտեցնելով ԵՄ իրավական կարգավորումներին։
Past.am-ի տեղեկացմամբ՝ առաջարկվող կարգավորումները նախատեսում են նաև պատասխանատվության տարբերակում՝ ըստ խախտման ռիսկայնության, ինչը պետք է հնարավորություն տա առավել համաչափ մոտեցում կիրառել վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում արձանագրվող խախտումների նկատմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



