Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Լատվիա այցելողների մեծ մասը երբեք չի մտածում, թե ինչ գնել որպես հուշանվեր կամ նվեր ընկերների համար: Գրեթե յուրաքանչյուր այցելու տուն է տանում այնտեղի հայտնի ըմպելիքի՝ Ռիգայի բալզամի մի քանի կերամիկական շիշ։
Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Ռիգայի սև բալզամի պատմությունը սկսվել է 18-րդ դարի կեսերին՝ Եկատերինա Մեծի հիվանդության պատճառով, իսկ ավելի ճիշտ՝ նրա դեղագործ Կունզեի շնորհիվ, որը բուժել է թագուհու հիվանդությունը այն հատուկ բալզամով, որը ստեղծվել է 17-րդ դարի բարդ, հին բաղադրատոմսի հիման վրա: Բաղադրատոմսը ներառում էր բժշկական սպիրտ և ջուր՝ թրմված տարբեր խոտաբույսերով: Խմիչքի թնդությունը ընդամենը 18 աստիճան է: Բարեհաճ թագուհին էլ բուժման համար Ռիգայից եկած ճարպիկ դեղագործին շնորհել է այդ դառը ըմպելիքն արտադրելու արտոնություն, որը, սակայն, շուտով հայտնվել է ռուս արդյունաբերող Սերգեյ Լել յուխինի ձեռքում: Նա գնել է բաղադրատոմսը Աբրահամ Կունզեից, և բիզնեսը վերելք է ապրել: 1789 թվականին այդ «դեղամիջոցի» մոտ 300 հազար շիշ էր ամեն տարի Ռիգայից Ռուսաստան առաքվում, և այն վայելում էին ոչ միայն արքունիքում, այլ նաև ռուս ազնվականության տներում, իսկ մի փոքր ավելի ուշ՝ նաև Եվրոպայում։ Հետո՝ 1847 թվականին, «Ռիգայի բուսական բալզամ» արտադրելու իրավունքն անցել է Ալբերտ Վոլֆշմիդտի խմորման և ալկոհոլի գործարանին: Շնորհիվ զգալիորեն ավելի բարդ բաղադրատոմսի, խմիչքը տասնյակ մեդալներ է շահել տարբեր միջազգային ցուցահանդեսներում 18601935 թվականներին: Այդ բաղադրատոմսը, որը ներառում էր մոտ 50 բաղադրիչ, պահվում էր որպես խիստ գաղտնի. այն հայտնի էր միայն Շրադեր եղբայրներին, որոնք գործարանում աշխատում էին որպես արհեստավորներ: 1939 թվականին Եվրոպայում անկարգությունների պատճառով նրանք տեղափոխվել են Գերմանիա՝ հրաժարվելով գաղտնիքը վաճառել գործարանի այն ժամանակվա սեփականատիրոջը: Հնարավոր է, որ նրանք ցանկանում էին սկսել իրենց սեփական արտադրությունը, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը խաթարել է ամեն ինչ, և ո՛չ բաղադրատոմսի, ո՛չ էլ եղբայրների մասին այլևս լուրեր չեն եղել:
Թվում էր, թե զարմանալի բաղադրատոմսը ընդմիշտ կորած է, բայց Ռիգայի թորման գործարանի համառ տեխնիկները շարունակում էին այն վերականգնելու փորձերը: Նրանց օգնել են գործարանի մնացած աշխատողների գիտելիքները, մատակարարումների մասին տեղեկատվությունը և պատերազմից առաջ արտադրված և պահպանված բալզամի հետ համեմատելու հնարավորությունը: Ի վերջո, 1954 թվականին խանութների դարակներում կրկին հայտնվել են սև դառը հեղուկով կերամիկական շշեր: Այսօր այդ արդեն 45 աստիճանի ալկոհոլային խմիչքը մեծ ժողովրդականություն է վայելում լատվիացիների շրջանում և արագորեն արտահանվում է այլ երկրներ։ Այն վայելում են առանձին կամ ավելացնում են բազմազան խմիչքների, կոկտեյլների և պաղպաղակների մեջ։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



