Մարդու ձեռքն ավելի պրիմիտիվ է, քան շիմպանզեինը. գիտնականներ
LIFEԱյդ պնդումը գործնականում ապացուցել է մարդաբանների և հնէաբանների խումբը՝ Սերխիո Ալմեսիխայի գլխավորությամբ, Ջորջ Վաշինգտոնի համալսարանից: Գիտնականները համեմատել են շիմպանզեի, մարդու, «Արդիների» (արդիպիտեկ), ավստրալոպիտեկների և մի քանի այլ հնագույն պրոտոմարդկանց ու մարդ-կապիկիների, նաև ներկայումս գոյություն ունեցող մի շարք կապիկների ձեռքերի կառուցվածքը:
Գիտնականներին առաջին հերթին հետաքրքրել է մեծ մատի և դաստակի մասերի անատոմիական այլ գծերի հարաբերակցությունը, որը հնարավորություն է տալիս բավական ճշգրիտ հետևել ու վերականգնել տարբեր պրիմատների միջև էվոլյուցիոն կապերը:
Օգտագործելով այդ անատոմիական բնութագիրը՝ մարդաբանները ցույց են տվել, որ մարդու ձեռքը, ոչ թե շիմպանզեի թաթն է իր կառուցվածքով ավելի մոտ եղել «Արդիների» և այլ հին հոմինիդների վերջույթներին: Այդպիսով, մեր ձեռքերն անատոմիական առումով ավելի պրիմիտիվ են, քան շիմպանզեի թաթը:
Գիտնականները նշում են, որ այդ եզրակացությունը չի հերքում Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, ընդհակառակը՝ հաստատում է այն: Բանն այն է, որ հարաբերական բարգավաճման դեպքում կենդանիների շատ խմբեր սկսում են մասնագիտանալ որոշակի էկոլոգիական պայմաններում՝ կորցնելով «ունիվերսալ» գծերն ու ձեռք բերելով նեղ մասնագիտացված հարմարվողականությունները, որոնք նրանց օգնում են գոյատևել սպեցիֆիկ մթնոլորտում:
Դրա օրինակ է շիմպանզեն՝ նրա երկար դաստակները, կարճ, մեծ մատները, անատոմիայի հատուկ «բռնող» գծերը նրանց օգնում են գոյատևել ծառերի տերևների վրա, բայց նրանց գործնականում անընդունակ են դարձնում ճշգրիտ իրեր նետել և անել մեզ համար առօրյա որոշ այլ գործողություններ: Մյուս կողմից՝ մարդու «պրիմիտիվ» և ավելի ունիվերսալ ձեռքը հնարավորություն է տալիս այդ ամենն անել նույն կերպ լավ (կամ վատ):
Եթե գիտնականների եզրակացությունները հաստատվեն հին մարդկանց մնացորդների հետագա ուսումնասիրության ընթացքում, դա կնշանակի, որ շիմպանզեի հետ մեր ընդհանուր նախնին նման չի եղել այդ կապիկներին:



