Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Ռիմա Դեմիրճյանը՝ Մարզահամերգային համալիրի մասնավորեցման մասին. «Գործարարների մեջ կան հայրենասեր մարդիկ, բայց հենց գրպանին կպան, կգնան ամեն ինչի» (լուսանկարներ)

INTERVIEW

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը, նրա հետագա ճակատագրի անորոշությունը շարունակում են սուր քննադատությունների ենթարկվել մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից:

Past.am-ը զրուցել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ և պարզել վերջինիս մոտեցումներն այս հարցի շուրջ:

- Տիկին Դեմիրճյան, համալիրի վաճառքի և հետագա գործունեության հետ կապված ի՞նչ խնդիր եք տեսնում:

- Բոլորս էլ մի ցանկություն ունենք՝ պահպանել այդ համալիրը: Ողջ հարցը նրանում է, որ ճիշտ ճանապարհ ընտրենք: Ես տեղյակ եմ, որ համալիրում կան շատ չօգտագործված հնարավորություններ, տարածքներ: Երբ ես ասել եմ, որ կողմնակից եմ նոր կառույցների, նկատի եմ ունեցել ներսում՝ շենքի մեջ, քանի որ այնտեղ հսկայական չօգտագործված տարածքներ կան:

Ես կողմնակից եմ, որ սոցիալական, ընտանեկան թեքումով բաներ անեն, ասենք՝ մարզական սենյակներ, ակումբներ՝ նախատեսված տարբեր հետաքրքրասիրությունների և տարիքի մարդկանց համար, խաղային ատրակցիոններ, ինտերնետ-սրճարան, գրադարան-սրճարան: Մի խոսքով` ստեղծվի այնպիսի ջերմ մթնոլորտ, որպեսզի թե՛ անհատները, թե՛ ընտանիքները կարողանան այդ գեղեցիկ մթնոլորտում իրենց մակարդակը բարձրացնել: Այդ դեպքում համալիրը կլրացվի դրանով: Այդ կերպ արվեստն ու սպորտը կշարունակեն մնալ համալիրի գլխավոր նպատակ, բայց նաև եկամտաբերությունը կբարձրանա: Իսկ ընդհանուր տարածքում ոչինչ կառուցել չի կարելի: 

Այդ երեք շինությունները՝ Եղեռնի հուշահամալիրը, թանգարանը և Մարզահամերգային համալիրը ծառայում են մի ընդհանուր նպատակի, նրանք կապված են մեկ գաղափարով՝ եթե հուշահամալիրը մարմնավորում է չմոռացված, ապրող հիշատակը զոհերի, հարգանքը, եթե թանգարանը մարմնավորում է այն փաստը, որ ոչինչ մոռացված չէ, վավերագրված է և պահված, ապա համալիրը խորհրդանշում է, որ ազգը ոչ միայն ապրում է, այլև վերածնունդ է առել, կարողացել է ոտքի կանգնել և ստեղծել շինություններ, որոնցով ապացուցեց աշխարհին մեկ բան՝ ստեղծագործող ժողովրդին ոչնչացնել հնարավոր չէ: Այդ բոլոր գաղափարները կապում եմ երեք շինություններին: Դրանք գերխնդիրներ են, գերգաղափարներ, համազգային, գլոբալ պետական գաղափարներ: Ցանկացած ուրիշ շինություն այդտեղ փլուզում է այդ գաղափարը: Նաև խախտվում է ամբողջ ճարտարապետական լանդշաֆտը:

Ժամանակին, երբ համալիրը կառուցվում էր, նկարիչ Վանիկ Խաչատրյանն առաջարկում էր կոտորածի տեսարաններ պատկերել՝ հարթաքանդակի ձևով: Թե՛ հեղինակները, թե՛ Կարեն Սերոբիչը դեմ եղան, որովհետև Կարեն Սերոբիչը բացատրեց՝ դա սգո ճանապարհ է, մարդիկ չպետք է վիզը պտտեն և նայեն, թե որտեղ ինչ կա, դա թանգարան չէ: Այ, երբ հետագայում թանգարան էլ լինի, այդտեղ ինչ ուզեք, կարող եք պատկերել: Իսկ հիմա պետք է դատարկ տարածություն լինի, որպեսզի մարդը խորասուզվի իր հիշողությունների մեջ և գնա դեպի հավերժ կրակը: Նույնիսկ դրան դեմ էին: Իսկ հիմա ուզում են շուրջը շինություններ անել: Ի՞նչ շինություններ: Մենք ականատես կլինենք նրան, ինչ չպետք է լինի:

Հիշենք Օպերայի պուրակը. այն աստիճան անհասկանալի կառույցներ կան, որ հեռվից նայելով՝ թվում է, թե այնտեղ հավաբներ են՝ անճաշակ, ամեն մեկն իր մակարդակին համապատասխան: Հավաստիացնում եմ, որ նույնը կկատարվի Ծիծեռնակաբերդում: Դա անթույլատրելի է: Պետք է մաքսիմալ ձևով օգտագործվեն ներքին հնարավորությունները, որոնք անսպառ են: Մեծ շինություն է՝ շատ տարածքներով շրջապատված: Դրսում չպետք է ոչինչ կառուցվի: Մասնավորին մեկ անգամ թույլ տվեցիր, չի բավարարվի և ամբողջը կզավթի: Ինչո՞ւ են տալիս այդպիսի օրիգինալ, նմանը չունեցող շինություն և հետը տարածք: Դրա կարիքը չկա, որովհետև համալիրը կարող է ոտքի կանգնել նաև առանց դրա: Միայն հարկավոր է պետության ու ազգի կողմից ուշադրություն և ջանասեր աշխատանք: Առանց դրա չի լինի:

Ես կարծում եմ, որ մասնավորին սխալ էր դա տալը: Դա անկրկնելի շինություն է և ազգային խորհրդանիշ: Դա նույնն է, որ Էյֆելյան աշտարակը տան մեկին ու ասեն՝ ինչ ուզում ես, այն էլ արա: Մենք սիրում ենք տեղի-անտեղի կրկնել Պարույր Սևակի այն խոսքերը, թե մենք քիչ ենք, բայց հայ ենք, եկեք հայ լինենք և ազգի անունն ու պատիվը բարձր պահենք: Կարեն Դեմիրճյանի անունը պահելը կարևոր է, բայց առաջնային չէ: Երբ Կարեն Սերոբիչը կառուցում էր, չէր մտածում, որ իր անունով պետք է լինի: Դժբախտաբար պատահեց այն, ինչ չպետք է լիներ, դրա համար անունը դրվեց: Անունն էլ պետք է պահպանվի, բայց առաջնայինն ազգային արժանապատվությունն է և այն գաղափարը, որը դրված է այդ կառույցների միասնականության մեջ: Խաղատունն ու ջրաշխարհն անհեթեթություն են: Խաղատունն ի՞նչ կապ ունի մշակույթի, սպորտի, ազգի մակարդակը բարձրացնելու հետ: Դա ծառայում է ճիշտ հակառակ նպատակին:

Բացի այդ՝ խաղատունն այնպիսի կառույց է, որ կխեղդի այնտեղ ամեն ինչ և կմնա միայն խաղատունը: Ես այնքան էլ չեմ հավատում, որ դա կկատարվի: Ինձ թվում է, որ մեր կառավարությունը ողջամիտ կմոտենա այդ հարցին և չի կառուցի ո՛չ խաղատուն, ո՛չ ջրաշխարհ: Փակ ջրաշխարհը ո՞րն է, ջրաշխարհ արդեն կա: Իբր ծանրաբեռնվա՞ծ է աշխատում այս արտագաղթի պայմաններում, որ հիմա երկրորդն են կառուցում: Եվ ինչո՞ւ փակ: Չեմ սիրում «էլիտար» բառը, բայց նման մի բան է ստացվում:

Շատ ճիշտ ասացին մեր ճարտարապետները լրատվամիջներով` այնտեղ երկու հեկտարից ավելի տարածք է պետք: Հանուն ինչի՞ այնտեղ պետք է կառուցվի: Եթե հնարավոր է, ուրիշ ձևերով պահենք: Մենք միշտ կրկնում ենք, որ սփռված ենք ողջ աշխարհում և հարուստներ ունենք: Նրանք մեկ կառույց չե՞ն կարող պահել: Դա նույնպե՞ս տանք մասնավորի ձեռքը: Եթե մասնավոր անձը կարող է 100 մլն դնել, ապա աշխարհի հայությունը չի՞ կարող 200 մլն դնել: Սա հարկավոր է թողնել պետական հովանավորության տակ կամ բաժնետիրական սարքել կամ մի կառավարող խորհուրդ ստեղծել, պետությունն էլ թող աչքը պահի խորհրդի վրա, որ չարաշահումներ չլինեն: Համալիրն այդպես կվերականգնվի և շահութաբեր կդառնա: Եվ հետագայում մասամբ ներդրումները կարող են հետ գալ:

Ի՞նչ դժվար է դա անելը: Աշխատել չենք ուզում: Մի բան կարո՞ղ ենք պահել, որն ազգային հպարտություն է և մարմնավորում է ազգի անցյալը, ներկան ու ապագան: Այդ ինչո՞ւ օտարը գա հիանա, իսկ մենք տեր չկանգնենք: 60 երկրում եմ եղել և չեմ տեսել նման հրաշք, իսկ մենք ինչո՞ւ չպետք է գնահատենք: Հասարակարգում, ուր իշխում է փողը, մեկ սեփականատիրոջ նման կառույց տալ չի կարելի: Իհարկե, այդ գործարարների մեջ կան հայրենասեր, ազնիվ մարդիկ, բայց, միևնույն է, հենց նեղն ընկնեն, հենց գրպանին կպան, այդ ժամանակ կգնան ամեն ինչի, որ իրենց շահույթն ապահովեն: Ամիս չկա, որ Հայաստանում տարբեր փառատոններ չկայանան: Այդ բոլորը պետք է կենտրոնացնել այդտեղ, որ շահույթ ունենա: Այդ կազմակերպիչները լավ կվճարեն դրա համար:

Մենք ականատես ենք լինում, որ քաղաքներն ու պետությունները ձեռքից ձեռք են խլում, երբ օլիմպիադայի, մրցույթի հարց է, իսկ մեզ մոտ դա չի արվում: Եթե ներդրումներ են պետք, ապա ստեղծեք համազգային հիմնադրամ, խոշոր ներդրողներին հետո իրենցը կվերադարձնեք: Ազգովի պետք է պահել սա: Այդ ի՞նչ մոլուցք է՝ ամեն բան տալ մեկի ձեռքը: Հուսով եմ՝ այս բոլոր արձագանքները կհասնեն մեր պետությանը, նրանք կգտնվեն ողջամիտ և կվերանայեն իրենց որոշումը: Սա համընդհանուր դժգոհություն է առաջացրել: Միայն ես չեմ դժգոհ, չկա վստահություն:

- Հաշվի առնելով եղած նախադեպերը՝ հասարակությունը կընդվզի՞, եթե ողջամիտ չգտնվեն:

- Ես նման բան չեմ կարող ո՛չ երաշխավորել, ո՛չ կազմակերպել: Դա արդեն հասարակության գործն է: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր հայ իրեն ստորացված կգա: Չի կարելի, մարդիկ ժամանակ, առողջություն, կյանք են դրել: Ամենահասարակ բանվորը մինչև հիմա հպարտությամբ է հիշում, որ աշխատել է այնտեղ: Դա մեր ազգի ժամանակակից պատմությունն է: Ինչպե՞ս կարելի է այդ բոլորը ոտնահարել: Եվ թող ինձ չհամոզեն, թե ինչեր կարվեն հետո:

Հիշեք Երիտասարդական պալատը. ոչ միայն խոստումները չկատարվեցին, այլ քանդեցին և տարբեր մասերն առանձին վաճառեցին: Քաղաքի էկոլոգիան խախտեցին, փոշով լցվեց քաղաքն ու ձայն հանող, պատժող չկար: Օդանավակայանը հիշենք: Մեկն ինձ ասաց՝ իջնելիս այնտեղ քեզ զգում ես Եվրոպայում, բայց դա լա՞վ է: Իսկ ես ուզում եմ, որ տարբերվի, թող մեր «Զվարթնոցը» լինի, թող այդտեղ ներդրումներ աներ, դա բարելավեր պարոն Էռնեկյանը: Այն կտարբերվեր, պարոն Էռնեկյանն էլ մեծ հայ կլիներ, եթե պահեր, այլ ոչ ստանդարտ նախագիծ դներ այստեղ:

Մասնավորը շատ լղոզված առաջարկներ է անում: Օրինակ՝ ինձ կարդացին որոշումը՝ «կառուցել ընտանեկան խաղատուն»: Ընտանեկանը ո՞րն է: Մարդու ծիծաղ է գալիս: Սեփականությունը սրբություն է այս համակարգում: Չի կարելի սեփականատիրոջը վստահել նման լղոզված պայմաններով: Միայն Աթիլլան է վարվել միջնադարից առաջ այնպես, ինչպես վարվեցին Երիտասարդական պալատի հետ:

Կարեն Դեմիրճյանը զրուցում է համալիրի ճարտարապետների հետ

Մարզահամերգային համալիրի բացումը

Համալիրի հայտնի հրդեհը

(Լուսանկարները՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվից)

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

 
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform