Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դրածո մտածողներով և անսկզբունքայիններով շրջապատելու ճանապարհը աղետի է տանում»

INTERVIEW

Ուշադրության կենտրոնում լինելու հերթը հիմա Հանրային խորհրդինն է: 

ՀԽ-ի լինելչլինելու, բովանդակության և իմաստի վերաբերյալ քննարկումների պակաս չզգացվեց: Եվ սա՝ անկախ նաև այն հանգամանքից, որ 2015թ. Սահմանադրության 161-րդ հոդվածով ՀԽ-ին սահմանադրական կարգավիճակ է տրվել, և այն կառավարության խորհրդակցական մարմին է: 

Նախորդող շաբաթը լի էր նաև հարցադրումներով՝ կապված իշխանության որոշ ծախսերի, որոշումների և հասարակական շահի համապատասխանության հետ: Վերոնշյալ թեմաների շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանի հետ:

Իշխանությունները սովոր չեն, որ կարող է լինել կառույց, որտեղ կասեն, թե մածունը սպիտակ է

Սկսելով ՀԽ-ի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Ա. Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց. «Պարոն Փաշինյանը, գալով իշխանության, ձեռնամուխ եղավ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորմանը, և այդ գործընթացի արդյունքում ընտրվեցին 45 անդամներ, որոնցից ընտրվեց ՀԽ նախագահը: 

Հետո բյուջե սահմանեցին, որ Հանրային խորհուրդը գործի: 

Ու հանկարծ հասկացան, որ ՀԽ-ն «անիմաստ» կառույց է: 

Հիմա՝ հարց. ինչո՞ւ մինչ այս չէին հասկանում, որ ՀԽ-ն «անիմաստ» կառույց է, և այդ «անիմաստ» կառույցին ինչո՞ւ են բյուջե տվել: 

Հետևաբար, պարզ է, որ նոր կազմը ձևավորելուց առաջ իմացել են, որ այն անիմաստ կառույց չէ, առավել ևս, որ ՀԽ-ն սահմանադրական կարգավիճակ ունի, և իշխանությունները պարտավոր են իրականացնել այդ փաստից բխող գործառույթները: Հանրային խորհուրդը հանկարծ անիմաստ դարձավ այն պահից, երբ ՀԽ-ում սկսեցին որոշ քննարկումներ անել, որոնք իշխանահաճո չէին: 

Օրինակ, երբ Ն. Փաշինյանի հրամանով դատարանների մուտքերը շրջափակվեցին, ՀԽ-ում այդ հարցը քննվեց, և այդ առումով եղան դժգոհություններ: 

Հաջորդը քննարկվեց Ստամբուլյան կոնվենցիան, որի շուրջ մտահոգություններ եղան: 

Կար նաև տեսակետ, որ մեր իրավական համակարգը լիովին բավարարում է խնդրի առկայության դեպքում լուծումներ տալ, և ինչ-որ կոնվենցիաների ընդունման կարիք չկա: 

Սրան էլ գումարենք Վազգեն Մանուկյան քաղաքացու մտահոգություն հայտնող ելույթները, որոնք ոչ թե քննադատական էին, այլ ուղղորդող:

 Եվ փոխանակ իշխանությունները հաշվի առնեին, թե որտեղ ինչն են սխալ անում, որ ՀԽ-ում այսպիսի դիրքորոշում կա, որոշեցին, որ ՀԽ-ն ավելորդ կառույց է, իսկ Փաշինյանը ՀԽ նախագահի հեռախոսազանգերին չի պատասխանում: 

Մեծ հաշվով, հիմնական պատճառն այն է,որ ՀԽ-ն իրեն չի դրսևորում այնպես, ինչպես Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, որի պատգամավորներին վերևից ասում են՝ էսպես պետք է քվեարկեք, և բոլորը քվեարկում են: 

ՀԽ-ն այդ մարմինը չէ, ԱԺ չէ, ՀԽ-ում բոլորը կայացած մարդիկ են, հարցեր են քննարկում, տարբեր տեսակետներ են լինում: 

Իրականում իշխանությունները սովոր չեն, որ կարող է լինել ինչ-որ մի կառույց, որտեղ կասեն, թե մածունը սպիտակ է»:

 

Նորից նույն անդունդում ենք հայտնվելու

«Եթե նայենք, թե ներկա իշխանությունները ինչ տեղ են տալիս քաղաքագիտական, տնտեսագիտական մտքին, կտեսնենք, որ այդ առումով աղետալի վիճակ է: 

Եթե բավականին իմաստուն իշխանություն լինեին, պետք է տագնապ հնչեցնեին ու ասեին՝ այո՛, մենք եկանք իշխանության, նախկիններին հեռացրեցինք, բայց մենք այդ փորձը չունենք, օգնեք մեզ, եկեք, հավաքվեք, օժանդակեք, որ նորից չգահավիժենք: Իրենք սա պետք է անեին: 

Փոխանակ Հանրային խորհրդին ասեին, որ ձեր փորձը պետք է մեզ պետությունը ճիշտ ուղով տանելու համար, ինչ-որ մարդիկ, որոնք մեծմեծ գումարներ են ստանում, պետության կառավարման գործից գլուխ չեն հանում, իրենց իրավունք են վերապահում գնահատել իրենցից հազար անգամ խելացի մարդկանց հավաքականությունը:

Մեր իշխանություններն, առհասարակ, միշտ մի խնդիր են ունեցել: 

Պետության մեջ առկա միտքը չեն ներգրավել, որ օգտվեն այդ մտքի խորհուրդներից: Իրականում իշխանությունները պետք է բավարար համբերություն և խոհունություն ունենան, որ այդ մարդկանց հետ կարողանան շփվել:

 Սա է պատճառը, որ միտք կրող մարդիկ միշտ էլ իշխանություններից հեռու են գտնվել, և սա մեր բոլոր իշխանությունների դժբախտությունն է: 

Նույն ճանապարհով գնում է նաև այս իշխանությունը: Իշխանություններին միշտ պետք են եղել դրածո մտածողներ, միշտ անսկզբունքայիններով են իրենց շրջապատել, բայց մենք տեսել ենք, որ այդ ճանապարհն աղետի է տանում: 

Նույն պատկերը նաև այսօր է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ճանապարհը տանելու է այնտեղ, որտեղից եկել ենք: 

«Նորից նույն անդունդի խորքում ու նույն փոսում ենք հայտնվելու, որն, իբրև թե, մերժեցին, ու որից, իբրև թե, դուրս եկան: Ցավով եմ ասում՝ այս իշխանությունները կունենան նախկինների ճակատագիրը, եթե շարունակեն այսպես: 

Ժողովուրդը մի օր հոգնելու է իրենցից, որովհետև չեն անում այն, ինչ պետք է: Փոխարենը ով ինչ թթու խոսք է ասում իշխանություններին, գցում են սև ցուցակ ու վերջ: 

Հիմա արդեն Վազգեն Մանուկյանի հետևից են ընկել: Գնում են Նաիրի Հունանյանի մոտ, որ նա Վազգեն Մանուկյանի անունը տա, որ «պողոսները» խանդավառվեն…»,-շեշտեց նա: 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրականում պետության կառավարման փորձ չունենք և չգիտենք, թե ինչ է պետությունը: «Մենք մաքսիմում հասկանում ենք «թիմ»-ը՝ «սա մեր թիմն է, ով մեր թիմից չէ, մեր թշնամին է» տրամաբանության մեջ: Քայլերն անելուց չենք կշռադատում, թե արդյո՞ք դրանք վնաս են պետությանը: 

Մարդկանց գլուխներում չկա պետություն հասկացողությունը, և քանի դեռ այս հարցը լուծված չէ, միշտ են խնդիրներ լինելու: Իշխանության առաջին խնդիրը ժողովրդի մոտ պետություն ասվածի զգացողությունը վերականգնելը պետք է լիներ, ինչը չի արվում:

 Իսկ եթե չես անում, էլի ես ավերելու պետությունը՝ չգիտակցելով դա: 

Ոչ մի իշխանություն չէր ցանկանա պետության հերն անիծել, բայց ակամա արել են, չէ՞: Պատճառն այն է, որ առաջնորդվում են թիմային շահերով, իսկ այն մեծ շահը, որը կոչվում է ազգի, պետության շահ, չկար նախորդների, չկա նաև նորերի մոտ։ 

Սա ազգային պրոբլեմն է»,-ասաց վերլուծաբանը:

Իրականություն, որը դժվար է վերափոխել

Մեր զրուցակիցը նշեց, որ բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է, թե մեր ժողովուրդը խորքային ինչ խնդիրներ ունի. 

«Գլխավորները պարզել եմ և ուրվագծել, թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք: Բայց շատ բարդ իրավիճակ է: 

Ըստ այդ խնդիրների եմ գնահատում նաև առաջացող շարժումները: 

Հետևելով 2018թ. շարժման օրերին, մտքերին, ինքս ինձ համար եզրակացրել էի, որ եթե գան իշխանության, չեն կարողանալու կանխել խորքային կաշկանդիչ երևույթները ու կարժանանան նախկինների ճակատագրին: 

Սա անխուսափելի է, և իրենք այսօր գնում են այդ ճանապարհով: Սա մի իրականություն է, որը դժվար է վերափոխել: 

Իրենք չեն կարողանում վերափոխել, որովհետև չգիտեն՝ ինչպես վերափոխել և ինչը վերափոխել: 

Ինչ-որ քայլեր են անում, որոնք, իրենց կարծիքով, կշտկեն իրավիճակը, բայց դա ամենևին բավարար չէ: Քաոսն աստիճանաբար խորանալու է»:

Անդրադառնալով հասարակական շահին ու խնդրահարույց ծախսերին՝ Ա. Պեպանյանը խոսեց պահանջված իշխանության իր պատկերացումների մասին. 

«Նախարարներին, մարզպետներին, խորհրդարանականներին ընտրելուց կասեի՝ հարգելիներս, մեր երկիրը աղետի մեջ է, մենք երկիրը պետք է հանենք այս վիճակից: 

Դրա համար խնդրում եմ առժամանակ բավարարվենք քիչ աշխատավարձով, հին մեքենաներով, հին ինքնաթիռներով, հին կահույքներով, շենքերով, պարգևատրումներ չստանանք,և այդ միջոցներն ուղղենք որոշակի սոցիալական հարցեր լուծելուն, աշխատատեղեր բացելուն, որ պետությունը կամաց-կամաց սկսի աճել ու զարգանալ: 

Իսկ այս դեպքում կընտրեի գործընկերների, որոնք խիստ գաղափարականացված են, ըստ որի՝ չեն գնա կաշառքների ու նման այլ գայթակղությունների հետևից, կիմանան, որ իրենց կյանքի նպատակը 2-3 տարում երկիրը տիղմից հանելն է: 

Առաջին հանրապետության տարիներին որոշ նախարարներ շոր չունեին, երբ նրանց հաց էին բերում, հրաժարվում էին, ասում էին՝ ժողովուրդը չունի: 

Այսպիսի իշխանություն է պետք նման իրավիճակում: 

Իսկ թե ինչ ունենք այսօր, գնահատականը կարող է յուրաքանչյուրը տալ»: 

Իսկ թե ինչո՞ւ ծախսերը կամաց-կամաց ճոխություններ որակումն ստացան, և այստեղ մեղքի ի՞նչ չափաբաժին ունեն «լավ են արել» որակումների հեղինակները ՝ մեր զրուցակիցը նկատում է. 

«Հիմա տեսեք, եթե ներկա իշխանության բոլոր ներկայացուցիչներին հանենք ու համակարգչին ասենք՝ հարյուր մարդու անուն տուր, որ պատահական գան իշխանության, իշխանության եկած այդ մարդիկ էլի նույնն են անելու: 

Մեր ժողովրդի մտածողությունն է այդպիսին՝ եթե պաշտոնի են նշանակվել, ուրեմն, պետք է լավ ապրեն: Մեր հիմնական խնդիրը մտածողությունն է, որը խեղաթյուրված է: 

Իսկ նման մտածողությամբ պետություն կառուցել հնարավոր չէ: 2018թ. մարտին էլ առկա էր մի վիճակ, որը ո՛չ Սերժ Սարգսյանն էր ստեղծել, ո՛չ էլ ՀՀԿ-ն:

 Մենք էինք դա ստեղծել, և հիմա նույնը աստիճանաբար վերականգնելու ենք: 

Մենք ունենք այնպիսի իշխանության կարիք, որը կհասկանա, կգիտակցի, որ այս մտածողությամբ չենք կարող պետություն ունենալ: 

Այս մտածողությունը պիտի փոխվի. պիտի ժողովրդին պետականակիր դարձնենք. այս գործը ծանր է, բայց անլուծելի չէ: 

Խնդիրն այն է, որ չունենք այն իշխանությունը, որը կհասկանա նշվածը: Մնում է հասարակության մեջ առաջանա այն շերտը, որը կտեսնի խնդիրը: 

Եթե այսպես շարունակենք, թե՛ այս իշխանությունը, թե՛ մյուսը և թե՛ հաջորդը նույն ճակատագրին են արժանանալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli