Թուրք ձեռնարկատերերը Սաուդյան Արաբիային կոչ են արել միջոցներ ձեռնարկել առեւտրի խնդիրները լուծելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի բիզնեսի ղեկավարները Սաուդյան Արաբիային կոչ են արել միջոցներ ձեռնարկել երկրների միջեւ առեւտրային կապերը բարելավելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Երկու երկրների միջեւ առեւտրի արգելափակման ցանկացած պաշտոնական կամ ոչ պաշտոնական նախաձեռնություն բացասական հետեւանքներ կունենա մեր առեւտրային հարաբերությունների համար եւ վնաս կհասցնի երկու երկրների տնտեսություններին»,- նշվում է թուրք գործարարների համատեղ հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի կառավարությունն ասել է, որ իրենք ոչ մի սահմանափակում չեն դրել թուրքական ապրանքների վրա:
Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի Առեւտրի պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»:
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն է դիտարկվում՝ արտաքին քաղաքականության եւ իսլամիստական քաղաքական խմբերի նկատմամբ վերաբերմունքի շուրջ տարաձայնությունների հետ կապված: Լարվածությունն ավելի է մեծացել 2018-ին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: