Արցախցիների մեծամասնության ուշքն ու միտքը ստացված փոխառությունները չվերադարձնելն է․ Գուրգեն Ներսիսյան
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում վերջին զարգացումների, հնարավոր սցենարների, պատճառների, թե ինչու է այսօր հայկական երկրորդ պետության գոյությունը հայտնվել հարցականի տակ MediaHub-ը զրուցել է Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:
– Պարոն Ներսիսյան, ինչո՞ւ Արցախի Հանրապետության իշխանությունը այս դժվար շրջանում, շրջափակման, ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ որոշեց հեռանալ առկա խնդիրներից։ Արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Ձեր հեռանալը պատասխանատվությունից խուսափել չե՞ք համարում։
–Պետական նախարարի պաշտոնին նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Հրաժարականի մասին հայտարարելուց առաջ ԱՀ նախագահը որոշել է կատարել փոփոխություններ, դա նրա սահմանադրական իրավունքն է: Ինչ վերաբերում է իմ կողմից պատասխանատվությունից խուսափելու ակնարկին, ապա դա իրականում այդպես չէ, ես պետական նախարարի պաշտոնը ստանձնել եմ Արցախի համար ամենածանր շրջանում, հրաժարվելով գլխավոր դատախազի պաշտոնից: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է:
-Ձեր անձի մասով արցախցիներից բողոքներ էին հնչում, թե որպես պետնախարար չեք կարողացել ճիշտ կառավարել երկիրը ճգնաժամային իրավիճակում ։
– Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք ներկայացնում, ամեն ինչ ավելի խորը պատճառներ ունի, քան տեսանելին է: Ճգնաժամային իրավիճակում հասարակությունն ավելի դյուրագրգիռ է լինում, որի ժամանակ կարող են հնչել օբյեկտիվ ու սուբյեկտիվ քննադատություններ, տեղին կամ անտեղի մեղադրանքներ: Այդ ամենը ես լավ եմ պատկերացնում, դրա համար համբերատար իրականացրել ենք մեր աշխատանքը՝ զուգահեռ շտկելով նաև թերությունները: Բայց բազմաթիվ քննադատություններ կեղծ, արհեստական, հատուկ կազմակերպվող ու անհիմն էին, որոնց կարելի էր ամեն անգամ արձագանքել, բայց ստեղծված իրավիճակը ինձ զրկում էր այդ ամենի մասին բարձրաձայն խոսելու հնարավորությունից, քանի որ ինձ համար կարևորը երկրի ներքին հարաբերական կայունությունը պահպանելն էր: Բայց այստեղ կա երկու կարևոր պայման ևս՝ ինչպիսի կառավարման համակարգ է գործում և ինչ է ուզում հանրությունը: Մենք ունենք մի կառավարման համակարգ, որը տարիների ընթացքում կառուցվել էր ամենատարբեր սկզբունքներով և որը պատրաստ չէր ճգնաժամային իրավիճակներին: Կառավարումը իրականացվում էր բանիմաց մի քանի մարդկանց միջոցով և այդ վիճակը ցավոք երկար է պահպանվելու: Ինչ վերաբերում է հանրությանը, պարզվեց, որ արդարություն պահանջող հասարակության մեծամասնության ողջ ուշքն ու միտքը իր գույքը պետությանը վաճառելն է, առանց վերադարձնելու մտադրության պետության կողմից ֆինանսավորվող հիմնադրամներից անտոկոս փոխառություններ ստանալը, ստացված փոխառությունները չվերադարձնելը: Մնում էր մի տարբերակ՝ փոխել ժողովրդի մոտեցումները, իրական տնտեսություն, հատկապես գյուղատնտեսություն զարգացնել: Այդպես էլ արեցինք, իմ կողմից պետական նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը օրեր անց սկսեցինք մեծ ծավալով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, որի հաշվին արցախցիները մինչ օրս որոշակիորեն լուծում են սննդի հարցը: Այդուհանդերձ, մարդկանց մոտեցումները փոխել չստացվեց, երևի ժամանակը կարճ էր, պայմանները՝ ոչ բարենպաստ: Ես հասկանում էի, որ քաղաքական գործիչների, հասարակության մի ստվար մասի համար բավականին դժվար է հարաբերվել մի մարդու հետ, ով տիրապետում է վերջին առնվազն տասը տարվա, այդ թվում 44-օրյա պատերազմից հետո ստացված վարկերի, փոխառությունների, պետությանը օտարված բնակարանների ու դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին, ավելին, նույնիսկ այս իրավիճակում միլիարդների հասնող հայցապահանջներով հայցադիմումներ էր ներկայացրել դատարան: Սրանք գործընթացներ են, որոնց մասին ես բարձրաձայն չեմ խոսել, բայց դրանք իրենց ազդեցությունն են ունենում ու ունեցել բոլոր գործընթացների վրա:
Կառավարության գործունեությունը հրապարակային քննադատել են մարդիկ, ովքեր մինչ այդ դիմել էին ինձ այս կամ այն հիմնադրամից փոխառություն ստանալու համար և մերժում ստացել: Բայց ես ամենևին չեմ զղջում այդ ամենի համար, թեև ինձ մշտապես զգուշացնում էին, որ այդպես ես գործադիր իշխանությունում երկար կյանք չեմ ունենա:
Իրականում, սակայն, ինձ հետաքրքրում էր ոչ թե գործադիրում իմ կյանքի տևողությունը, այլ մեր պետության ու պետականության հարատևությունը, ինչն անհնար կամ դժվար է լինելու ապահովել առանց կառավարման իրավա-քաղաքական բաղադրիչը լիարժեք պահպանելու:
-Չի բացառվում, որ նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանը առաջիկայում նախագահ կընտրվի: Եթե նա դիտարկվում էր որպես նախագահ, ապա ինչո՞ւ եղավ այս ձևական նշանակումը:
-Կարծում եմ այդ կերպ փորձ է արվել լուծել գործադիր իշխանության անխափան գործունեության հարցը, այլապես գործադիր իշխանության ողջ ծանրությունը կմնար Ազգային ժողովի նախագահի վրա, ով բավականին անելիք կունենար նաև օրենսդիր մարմնում:
-Շահրամանյանի՝ նախագահ ընտրվելուց հետո ո՞վ է լինելու պետնախարար, տարբերակներ քննարկվո՞ւմ են Արցախում և ըստ Ձեզ՝ ով է ամենահարմար թեկնածուն:
-Ես տեղյակ չեմ, թե ով է լինելու պետական նախարարը և դրա շուրջ ընթացող քննարկումներից ևս տեղեկություն չունեմ:
-Հայկական երկրորդ պետության բարդ իրավիճակի մասին առաջին անգամ չէ, որ պետք է խոսենք: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ի՞նչ սպասել:
-Կանխատեսումներ անել չեմ ուզում, ես իրերին ու իրադարձություններին ուղիղ եմ նայում և իմ վերլուծությունները թույլ են տալիս պնդելու, որ մեզ դեռ բազում դժվարություններ են սպասվում, որոնք մենք ի վիճակի չենք լինելու դիմակայել, եթե Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը չգործեն համախմբված և մարտահրավերներին համատեղ դիմակայելու օրակարգով:
-Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները բավականին ակտիվ են ու բացահայտ դեմ են Շահրամանյանին, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել նախագահի ընտրության օրը: Որքանո՞վ են նպատակահարմար այս ճգնաժամային իրավիճակում ներքին խժդժությունները, ո՞ւր կարող են դրանք տանել:
-Դեռևս 2022թ., երբ փորձ էր արվում փոփոխություն կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում, ես, զբաղեցնելով գլխավոր դատախազի պաշտոնը, գրավոր ու հրապարակային դիրքորոշում եմ արտահայտել սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ: Եթե հիմա այն կրկին ընթերցեք, կգտնեք ձեր հարցի մանրամասն պատասխանը:
Ինչ վերաբերում է Արցախի ներքին կայունությանը, ապա այն այս պահին ամենապահանջվածն է: Համոզված եմ, որ Սամվել Բաբայանը և մեր մյուս քաղաքացիները շատ լավ գիտակցում են այդ հանգամանքը և իրենց գործողություններում կցուցաբերեն քաղաքացիական բարձր պատասխանատվություն: