Գրողների միության բարերարների պատվո տախտակին ամրագրվեց նաև գործարար Նվեր Մխիթարյանի անունը
CULTUREՀայաստանի գրողների միության բարերարների պատվո տախտակին տեղ գտավ նաև գրող Մնացական Մխիթարյանի որդու՝ Ուկրաինայում բնակվող գործարար Նվեր Մխիթարյանի անունը: Նա տասը հազար դոլար է նվիրաբերել գրական մարաթոնի անցկացման կապակցությամբ: Պատվո տախտակի համալրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում:
«Այս տախտակի վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք տարիների ընթացքում օժանդակել են գրողների միության գործունեությանը: Նվեր Մխիթարյանը առաջին անգամը չէ, որ աջակցում է մեզ: Մենք փորձում ենք ինչ-որ ձևով գնահատել նրանց»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նվեր Մխիթարյանի քույրը՝ բանաստեղծուհի Անահիտ Մխիթարյանն ասաց, որ ինքն է եղբորը հայտնել կայանալիք գրական մարաթոնի մասին: «Նա ինձ մոտ որոշակի գումար էր թողել, երբ իմացավ նախաձեռնության մասին, ցանկացավ իր լուման ներդնել այդ գործում: Նվերը ծնվել և մեծացել է գրողի ընտանիքում և չի կարող անտարբեր լինել գրական իրադարձությունների հանդեպ»,-եզրափակեց նա:
Գրողների միության պատվո տախտակի վրա ամրագրված են նաև բարերարներ Արա Աբրահամյանի, Հրանտ Սիմոնյանի, Օքրո Օքրոյանի, Թորգոմ Փոստաճյանի անունները: