Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետաքրքիր լուծումներով նորակառույցներ, պատմամշակութային վայրեր, համեղ խոհանոց. Աստանան ներկայանում է նոր դեմքով

CULTURE

Հսկայածավալ շինարարություն, միջազգային խոշոր մասշտաբի միջոցառումներ, կարգապահական կանոնների խստացում. վերջին տարիներին Աստանան նոր շունչ է ստանում: Այն ծաղկում է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար: Քաղաք մտնելիս ամենասկզբից  աչքի են զարնում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով բարձրահարկ շենքերը: Քաղաքի գրեթե ամեն հատվածում շինարարություն է: Սկզբում թվում է, թե այդ շինարարական եռուզեռը կապված է «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված միջոցառման հետ: Տեղացիները նշում են, որ այս միջազգային նշանակության միջոցառումն իր ազդեցությունն ունի, որովհետև «Աստանա էքսպո»-ի շրջանակում ծավալուն շինարարություն է իրականացվել, սակայն քաղաքին նոր շունչ հաղորդելը, գեղեցիկ կառույցներով հագեցնելը պետության քաղաքականությունն է, մանավանդ, որ նորակառույցների պահանջարկը կա:

Շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքն աչքի է ընկնում յուրօրինակ մաքրությամբ: Ոչ միայն քաղաքի մաքրման աշխատանքներն են լավ կազմակերպվում, այլև խստացվել են կարգապահական կանոնները: Քաղաքում զբոսնելիս գրեթե չես նկատի գետնին գցած ծխախոտի մնացորդ: Նետելու դեպքում շատ խիստ կանոններ են գործում՝ բարձր տուգանքներ և ոստիկանների խոշորացույցից փախչելու ոչ մի հնարավորություն: Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ տեսախցիկներն ու ոստիկանները արձանագրում են ամեն խախտում: Կեսկատակ-կեսլուրջ նշում են` խախտումն արձանագրած ոստիկանի հետ Աստանայում հնարավոր չէ պայմանավորվել:

Այս օրերին Աստանան բավական մարդաշատ է, բացի այն, որ զբոսաշրջային սեզոն է,  այս գործում մեծ ներդրում ունի նաև «Աստանա էքսպո»-ն: Այս  ցուցահանդեսն առաջինն է, որ անցկացվում է ԱՊՀ մասնակից-պետություններից մեկում: Ցուցահանդեսը տևելու է 3 ամիս` հունիսի10-ից սեպտեմբերի 10-ը: Իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն, ակնկալվում է միլիոնավոր զբոսաշրջիկների հոսք: Մասնակցում է նաև Հայաստանը, հայկական տաղավարը գտնվում է հսկա ցուցահանդեսային համալիրի 411-րդ հատվածում՝ «Մետաքսի ճանապարհ» խորագրի ներքո: Մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

«Աստանա էքսպո»-ին առանձնահատուկ հետաքրքրություն են հաղորդում ծրագրված մշակութային, ժամանցային բազմազան միջոցառումները և մասնակից երկրների Ազգային օրվան նվիրված տոնակատարությունները: Էքսպոյի շրջանակում Աստանայում ստեղծվել է էթնո գյուղ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Դրանցից մեկը տեղի ունեցավ հուլիսին, որի ընթացքում պատվավոր մասնակիցների ցանկում էին տեղի հայկական պարային խմբերը: Արա Գևորգյանի ստեղծագործության հնչյունների ներքո հայ փոքրիկները ներկայացրեցին ազգային պարեր: Ներկա էր Աստանայում գործող «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, ով մեզ հետ զրույցում հպարտությամբ ներկայացնում էր հայապահպանության գործում կատարած իրենց աշխատանքը:

«Մենք ամեն ջանք գործադրում ենք մշակույթը, լեզուն պահպանելու համար: Հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք պարի խումբ, որում ի դեպ ոչ միայն հայեր են ընդգրկված, կան այլ ազգի երեխաներ, որոնք հետաքրքրված են հայկական պարերով: Աստանայում հայ համայնքն ունի կիրակնօրյա դպրոց»,- «Արմենպրես»-ին ասաց Սահակ Սալումյանը:

Աստանա  քաղաքն առանձնանում է իր մշակութային, կրթական հաստատություններով, տեսարժան վայրերով

Քաղաքի յուրահատուկ կառույցներից է Նազարբաև համալսարանը: Այն ոչ միայն յուրահատուկ կառույց է, այլև միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հաստատություն: Համալսարանի ռեկտոր Շիգեու Կատսուն մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստում են ապագա առաջնորդներ: Համալսարանն իր գործունեությունը սկսել է բակալավրիատի երեք ծրագրով գիտատեխնիկական ուղղվածությամբ: ԲՈՒՀ-ն առաջին շրջանավարտները  տվել է 2015 թվականին: Այդ ժամանակ գործարկվել է նաև  մագիստրոսական ծրագիր: Կրթական այս հաստատությունն ունեցել է 1800 շրջանավարտ: Համալսարանի ռեկտորը նշեց, որ բակալավրիատն ավարտածների 70 տոկոսը ընտրում է միջազգային առաջատար բուհեր:

«Շրջանավարտների զգալի մասը բակալավրիատն ավարտելուց արդեն սկսում է աշխատել տարբեր ոլորտում`էներգետիկ ընկերություններ, ֆինանսական ծառայություններ, պետական կառույցներ, կառավարում: Մոտ ապագայում նախատեսում ենք կրկնապատկել ուսանողների թիվը, հետագայում կհասցնենք ութ հազարի: Մենք նախատեսում ենք, ապագայում ընդունել այլ երկրների ուսանողների: Գալիս են հայտեր Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից: Մենք ուզում ենք բացել մեր դռները աշխարհի տաղանդավոր ուսանողների համար»,-ասաց Կատսուն:

 Համալսարանի կրթական ծրագիրն անգլերենով է, դիմորդները պետք է շատ լավ տիրապետեն լեզվին, հատկապես գրավոր: Բուհն ունի բավական փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ: Դասախոսները ներկայացնում են 55 երկրներ, այսինքն, դասավանդողների միջազգային թիմ է հավաքվել: Դասախոսների կազմում եղել են նաև ազգությամբ հայեր` հրավիրված ԱՄՆ-ից:

Համալսարանի կրթական ծրագրերը ոչ միայն հարմարեցվում են ժամանակի հետ, այլև նկատի են առնվում ապագա հնարավոր պահանջները: Ինչպես համալսարանի ռեկտորն է նշում, իրենք ուսանողներին պատրաստում են վաղվա օրվա մարտահրավերներին: Նազարբաև համալսարանը համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի հետ: Նախատեսում են շեշտը դնել ուսանողների փոխանակման ծրագրի վրա, այդ համատեքստում արդեն աշխատանք է տարվում Սինգապուրի համալսարանի հետ:

Ղազախստանի ազգային թանգարանն ամենաերիտասարդ և ամենախոշոր թանգարանն է Կենտրոնական Ասիայում: Բացումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Այս խոշոր ու բացառիկ թանգարանային համալիրը զբաղեցնում է հսկայական տարածք, բաղկացած է 7 բլոկից, ցուցադրական տարածքը զբաղեցնում է 11 սրահ: Այդ սրահներում ցուցադրված են ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Ղազախստանի հնագույն պատմությունը, միջնադարը, ժամանակակից անկախության տարիները, ունեցած ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Առանձին սրահ նվիրված է  Աստանա  քաղաքին: Ժամանակակից տեխնոլոգիաներով, հետաքրքիր լուծումներով ներկայացվում է քաղաքի զարգացումը: Ամեն օր որևէ ժամի լուսաձայնային էֆեկտներով հարթակից վեր է խոյանում քաղաքի մակետը, որտեղ ցուցադրված է մինչ այժմ կատարված աշխատանքը, կառույցները և առաջիկա անելիքները:  

Թանգարանը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներով, ցուցադրությունների համար ընտրվել են ժամանակակից լավագույն մոտեցումները: Թանգարանում պահվում  է 50 հազար ցուցանմուշ: Հանգստյան օրերին այցելուների թիվը հասնում է  5000-ի: Այցելուներն աշխարհի տարբեր երկրներից են:

Յուրատեսակ թանգարաններից է Աստանայից ոչ հեռու գտնվող ԱԼԺԻՐ հուշահամալիր-թանգարանը: «Ալժիր»-ը «Հայրենիքի դավաճաններ»-ի կանանց Ակմոլինյան ճամբարի կրճատ անվանումն է։ Ստալինի օրոք այնտեղ էին պահվում «ազգի թշնամիների» կանայք, որոնց թիվը հասնում էր 18 հազարի։ Նրանց մեղքը միայն այն էր, որ նրանց ամուսինները բանտարկված էին կամ սպանված: Նրանց թվում կար 79 հայ կին:

Հուշահամալիրը մի քանի մասերից է բաղկացած: Բուն թանգարանից բացի, տարածքում` գլխավոր մասում տեղակայված է համալիր, որն իրենից ներկայացնում է կնոջ, ով սգում է իր զոհված ամուսնու հիշատակին: Այս համալիրի մոտով անցնելիս անհրաժեշտ է գլուխ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Ընդհանուր հուշահամալիրի տարածքում տեղադրված են հուշաքարեր տարբեր երկրների դեսպանատների, այդ թվում Հայաստանի, կողմից՝  հավերժացնելով  62 ազգային պատկանելության զոհված կանանց հիշատակը:

Ղազախստանի տնտեսությանԱստանա քաղաքի արագ տեմպերով զարգացումից մշակույթն անմասն չի մնում

Մեզ հետ զրույցում օպերային երգչուհի Նուրժամալ Ուսենբաևան պատմեց, որ իշխանության կողմից հատուկ ուշադրություն է դարձվում մշակույթի զարգացմանը: Նրա խոսքով,  Աստանան մայրաքաղաք դարձնելուց հետո այստեղ կառուցվեցին նոր մշակույթի կենտրոններ, դրանցից առանձնանում է օպերային թատրոնը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: 

«Այս կարճ ժամկետում նման հնարավորություններով  կառույց կառուցելը մեծ հաջողություն է: Դա խոսում է այն մասին, էր ոչ միայն կար ցանկություն, այլև կային ռեսուրսներ և տաղանդավոր մարդիկ, ու համատեղ ջանքերով ստեղծվեց այդ կառույցը, այն մեր հպարտությունն է: Այն չի զիջում աշխարհի շատ օպերային թատրոններին, պարզապես հրաշալի պայմաններ ու միջավայր է ստեղծված թատրոնի աշխատակիցների, հանդիսատեսի համար: Այն յուրօրինակ այցեքարտ է Աստանայի համար: Ղազախստանն օպերային ոլորտում ունի լավագույն ավանդույթներ, Ալմաթիում գործող օպերային թատրոնը մեծ անուններ է տվել, Աստանայում բացվածը շարունակում է եղած ավանդույթները` նոր շունչ հաղորդելով ունեցածին»,-ասաց նա:

Երգչուհին կարևորեց միջմշակութային կապերի զարգացումն այլ երկրների հետ: Նա նշեց, որ առիթ ունեցել  է հայ մշակութային գործիչների հետ շփվելու, ծանոթանալու նրանց աշխատանքին ու ստեղծագործություններին: Նա տպավորված է Գոհար Գասպարյանի կատարումներով:

«Տարիներ առաջ ես եղել եմ Հայաստանում, ասեմ, որ շատ տպավորված եմ, ձեր երկիրը հրաշալի բնություն ունի, ինչ-որ տեղ նման է Ալմաթիի լեռներին ու բնությանը: Եղել ենք էջմիածնում, այլ վայրերում, իսկապես անբացատրելի զգացողություններ են: Պատրաստ եմ աշխատել հայ գործիչների հետ, կարծում եմ, անհրաժեշտ է հաճախ հանդիպումներ կազմակերպել, համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործիչների հետ: Ես պատրաստ եմ սերտ համագործակցության: Շատ լավ է, որ երաժշտությունը սահմաններ չունի և մենք կարող ենք համագործակցել, փորձի փոխանակում իրականացնել»,-ասաց Նուրժամալ Ուսենբաևան: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին օպերային` երգչուհին նշեց, որ մասնակցում էն էքսպոյի շրջանակում նախատեսված միջոցառումներին, այն լավ հնարավորություն է ներկայացնելու նաև Ղազախստանի մշակույթը: Նա առաջիկայում ունի համերգներ, իսկ 2018 թվականը նրա համար  հոբելյանական տարի է: Այդ առթիվ անցկացվելու է մեծ միջոցառում, որի շրջանակում երգչուհին հրավիրելու է իր ընկերներին աշխարհի տարբեր երկրներից:

Ոչ պակաս կարևոր ու առանձնահատուկ է ղազախական խոհանոցը

Թանգարանները, գեղեցիկ շինությունները, տեսարժան վայրերը հետաքրքիր են և գրավում են Աստանա այցելած զբոսաշրջիկներին, սակայն ոչ պակաս կարևոր ու առանձնահատուկ է ղազախական խոհանոցը, որը ներկայանում է իր բազմազանությամբ: Ղազախների գլխավոր ճաշատեսակներից է Բեշպարմակը: Այն կարելի է ասել ղազախական խոհանոցի այցեքարտերից է: Այն բավական հին ուտեստ է՝ բաղկացած ոչխարի մսից և խմորից: Թարգմանաբար բեշպարմակ նշանակում է հինգ մատ, խորհրդանշում է այն, որ այս ճաշատեսակը համտեսել են ձեռքով:

Բավական տարածված է բրնձից պատրաստված փլավը (плов) , որը համտեսելու առաջարկ են անում բոլոր զբոսաշրջիկներին: Այս ճաշատեսակը ինչպես ամենօրյա ճաշացանկում կարող է լինել, այնպես էլ տոնական: Բրնձից փլավը պատրաստելու տարբերակները մեծաթիվ են: Գրեթե յուրաքանչյուր շրջան, յուրաքանչյուր գյուղ ներկայացնում է փլավի պատրաստման իր տարբերակը:  Հիմնական բաղադրիչներն են բրինձն ու միսը: Ամեն տարի խոհարարական փառատոններում ներկայացվում են բրնձից փլավի պատրաստման բազմաթիվ տարբերակներ:

«International ECO Gastronomy Slow Food» կազմակերպության գլխավոր տնօրեն Խանըմ Ախմետովան մեզ հետ զրույցում նշեց, որ ղազախ ժողովրդի խոհանոցը հարուստ պատմություն ունի, այսօր խնդիր է դրված պահպանել ազգային խոհանոցի հարստությունը  ու փոխանցել հաջորդ սերնդին: Վերջին շրջանում Ղազախստանում մասնագետներն աշխատում են տարբեր շրջաններում փորձելով վեր հանել մոռացված ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսերը:

«Մենք ում հարցնում էինք ղազախական ազգային կերակուրների մասին, մի քանի ճաշատեսակ էին թվարկում ու վերջ:  Այնինչ դրանք բազմաթիվ են: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել է 20 մոռացված  ճաշատեսակի բաղադրատոմս: Դրանցից մեկը կոչվում է բըլամըկ (Быламык): Հնուց ի վեր ղազախները հատուկ ուշադրություն են դարձրել ընտանիքում երեխա սպասող կնոջը: Կարևորել են մայր դարձող կնոջ և ապագա երեխայի առողջությունը, հետևաբար հաճախ պատրաստել են բըլամըկ, որի բաղադրության մեջ կա ալյուր, կաթ, կարագ, շաքարավազ և այլն»,-ասաց նա:

Խանըմ Ախմետովան նշեց, որ շատ է կարևորվում ինչպես երկրի ներսում առողջ սննդի քարոզումը, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում խոհանոցի ներկայացումը: Այդ ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Ղազախստանում, դրանից բացի ակտիվ մասնակցություն կա միջազգային ցուցահանդեսներին: Ղազախստանում կազմակերպված ցուցահանդեսներին ներկայացվում են նաև հայկական ճաշատեսակներ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal