Տարկետման իրավունքի վերացում կամ ազգ-քանակ
ANALYSISՏարկետման իրավունքի վերացումը դառնում է Վիգեն և Սերժ Սարգսյանների ազգ-բանակ կոնցեպտի անկյունաքարերից մեկը: Նպատակը մեկն է ` համալրել բանակը, դեմոգրաֆիական խնդիրների պատճառով դատարկվող երկիրն ու չհավաքագրվող բանակը համալրել նոր զինվորներով: Ավելացնել ոչ թե բանակի որակը, ոչ թե ազգի ու բանակի հարաբերությունները, այլ աշխատել բացառապես քանակի վրա, ստեղծել ոչ թե ազգ-բանակ, այլ ազգ-քանակ:
Այլ բան մտածել անհնար է, երբ, օրինակ ոլորտի պատասխանատուներն ասում են, որ տարկետումը պետք է հանել, քանի որ կա կոռուպցիոն ռիսկ, որ այն միջոց է բանակից խուսափելու համար: Այսինքն բացահայտ հայտարարություն, որ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու կամք և ռեսուրս իշխանությունը չունի, հետևաբար խնդիրը լուծում է դրանից փախնելով: Սա նման է մի իրավիճակի, երբ գլխացավի դեպքում հեռացնեն մարդու գլուխը: Իսկ կրթական ու գիտական համակարգը, պիտի որ լինեին Հայաստանի գլուխը:
Սակայն, այդպես չէ: Եվ այս իմաստով Վիգեն Սարգսյանի կոնցեպտը միակը չէ: Օրինակ, Կարեն Կարապետյանն էլ, որ առանձնապես միլիտարիզմի ոգով լցված չէ, գտնում է, որ գիտության և կրթության ֆինանսավորումը չպետք է ավելացնել, ավելին պետք է կրճատել: Դրա համար նա ունի իր, այսպես ասած տնտեսագիտական հիմնավորումները ` գիտությունը փող չի բերում երկրին:
Եվ այսպես, իշխանության մի թևը հասարակությանը պատկերացնում է զինվորի, մյուսը ` փող բերողի տեսքով:
Արտակ Ասլանյան