Բուրժուադեմոկրատական հեղափոխության երկու երեսը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե անցյալի սխալներն ուղղելու, ինքնամաքրվելու կամ իշխող մի կուսակցությունը մյուսով փոխարինելու, այլ դասագրքային ձևակերպմամբ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Այսպիսի գնահատական մեզ հետ զրույցում տվեց հասարակական– քաղաքական գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: Բայց այս պայմաններում դժվար է կանխատեսել, թե ուր է գնում հայկական նավը, քանի որ դա ոչ թե մեկ-երկու օրվա դիտարկման, այլ լուրջ ուսումնասիրության թեմա է:
Դժվար է հասկանալ նաև, թե այն զուտ կոսմետի՞կ բնույթ է կրում, թե հանգեցնելու է լուրջ տեկտոնական շարժման, որ, ինչպես հայտնի է, սովորաբար հանգեցնում է լուրջ ցնցման: Բայց որ հերթական կամ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, չեն կարողանա ամբողջությամբ լուծել հեղափոխության առաջացման պատճառները, փաստ է: Իրականում հեղափոխության առաջացման խնդիրը լուծվում է հեղափոխությամբ, բայց դրա երկարաժամկետ հաջողությունը կախված է նրանից, թե որքանով են իրացվում այն խնդիրները, որոնց պատճառով էլ ծնվել էր նման պահանջը: Այս ֆոնին, սակայն, նոր, արտահերթ ընտրություններն ընդամենը «լուծում» են զուտ տեխնիկական՝ իշխանափոխության խնդիրը, իսկ ավելի լուրջ՝ խորքային փոփոխությունները թողնում են ապագային:
Ինչ վերաբերում է բուժուադեմոկրատական հեղափոխությունների պատճառներին, ապա դրանք տարբեր են լինում: Մի դեպքում այն տեղի է ունենում, երբ հասարակական, քաղաքական կառույցների հենարանը դառնում են բյուրոկրատական կառույցները, մյուս դեպքում, երբ հաստատված ֆեոդալական կարգերի «շնորհիվ» հասարակական լայն զանգվածների մեջ դժգոհության ալիք է հասունանում ու մոտենում կրիտիկականի, երրորդ դեպքում էլ, երբ հասարակությունը լիովին կորցնում է հավատը իշխանությունների հանդեպ:
Եթե, ասենք, դարեր առաջ բուրժուադեմոկրատական հեղափոխության կազմակերպիչները և առաջնորդները բուրժուաներն էին լինում, ապա հետագայում նման ալիք բարձրացնելու առաքելությունը «վստահվում» էր հասարակության ակտիվ անդամներին:
Այս դեպքում առանձնապես տեսանելի չէր լինում, թե բուրժուազիայի որ «խումբն» է գործողի կամ մյուսի դեմ պայքարում, քանի որ իշխանափոխության առաջամարտիկները լայն մասսաներին ներկայանում էին իրականության հետ առանձնապես կապ չունեցող, բոլորովին այլ՝ ժողովրդի շահերից բխող տեքստերով, ինչն էլ տիրաժավորվում էր, հետո ձևակերպվում որպես ժողովրդի պահանջ ու կրկին մատուցվում նույն այդ հասարակությանը:
Ըստ որոշ վերլուծաբանների, կառավարության բոլոր քայլերից երևում է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նախապես պլանավորած չի եղել: Եվ այդ է պատճառը, որ մենք ոչ թե «լոնքերով» առաջ ենք գնում, այլ կանգնած մնացել ենք մի կետում և փորձում ենք ընդամենը խարիսխ գցելու հարց լուծել:
Դրան զուգահեռ հընթացս լուծվում են նոր ընտրություններ կազմակերպելու դետալներն ու դրա հետ կապված մեծ ու փոքր հարցերը: Բայց այս պահին դժվար է ուրվագծել, թե անցումային այս խառը ժամանակաշրջանում ով ինչ խաղադրույք է արել ու դրանից ելնելով ինչքանո՞վ կփորձի հաճոյանալ նույն այդ հասարակությանը: Մեկ բան ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցանկից ամենաշատը պարզ կդառնա, թե, այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը 21–րդ դարի պահանջների բավարարմա՞ն, թե միջնադարյան կարգեր հաստատելու պահանջից էր բխում: Դրանով պայմանավորված էլ Հայաստանը կամ մի մեծ ու հզոր քայլ կկատարի դեպի 21–րդ դար, կամ կշարունակի պայքարել իրեն հարստահարողների ու շահագործողների դեմ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում