Բակո Սահակյանն իր խոսքի տեր մարդ է. արցախցի պատգամավորը՝ 2020թ.-ի նախագահական ընտրություններում չառաջադրվելու հայտարարության մասին
POLITICSԱրցախի նախագահ Բակո Սահակյանն իր խոսքի տեր մարդ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ խոսելով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարության մասին, թե ինքը 2020 թ.-ի նախագահական ընտրություններում չի առաջադրվելու:
«Ես մոտիկից եմ ճանաչում Բակո Սահակյանին ոչ միայն որպես երկրի նախագահ, այլև որպես ընկերոջ և կարող եմ ասել, որ նա իր խոսքի տեր մարդ է: Մենք ունենք առաքինի նախագահ»,- ասաց Թովմասյանը:
Նշենք, որ ավելի վաղ, Tert.am-ի հետ զրույցում Թովմասյանն ասել էր, որ իրենք հանդես են գալու սեփական թեկնածուով, իսկ թեկնածուի անունը հնչեցնելու են կուսակցության 2019թ.-ին կայանալիք համագումարում: Նա նշել էր, որ Բակո Սահակյանի վերոգրյալ հայտարարությունից հետո բնակչությանը հետաքրքիր էր՝ առանձի՞ն են մասնակցելու, թե սատարելու են որևէ ուժի թեկնածուի:
«Ես ունեմ իմ նախընտրած թեկնածուն, բայց խորհուրդն է հաստատելու անունը համագումարին: Առայժմ շուտ է այդ անուն ազգանունը հնչեցնել: Կարծում եմ, որ մեր թեկնածուն պետք է լինի հաղթող»,- ասաց Ա. Թովմասյանը:
Պատգամավորը նշեց, որ ժողովուրդն է ընտրելու առաջնորդին: