Վրաստանում մահացած են գտել մշակույթի նախկին նախարարին, ով Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդներից էր
INTERNATIONAL NEWSՎրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ երկրի մշակույթի նախկին նախարար Նիկոլազ Ռուրուային երեքշաբթի մահացած են գտել Թբիլիսիի իր տանը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, ենթադրվում է, որ քաղաքական գործիչը մահացել է սրտի կաթվածից:
Ռուրուան 2001 թվականից ակտիվորեն համագործակցել է կյանքից հեռացած վարչապետ Զուրաբ Ժվանիայի և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: 2003-ին դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը և գլխավորել է պատվիրակությունը ՆԱՏՕ ԽՎ-ում:
2009-ին Ռուրուան նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի պաշտոնում, որից հեռացել է 2012-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: