ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
SOCIETYԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը խմբի համակարգող, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշայի (միապալատ խորհրդարան) տորագայի (նախագահի) տեղակալ Միրլան Բակիրովի գլխավորությամբ իրենց անհատական երթուղուն համապատասխան իրականացրել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտարկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունից։
Դիտորդները ներկա են եղել Երեւանի տարբեր շրջաններում ընտրական տեղամասերի բացմանը եւ ծանոթացել են քվեարկության կազմակերպման առանձնահատկություններին, քաղաքացիների նույնականացման սարքավորումների աշխատանքին, այդ թվում՝ կենսաչափական տվյալների օգտագործմամբ, ինչպես նաեւ տեսահսկման համակարգին։
Օրվա ընթացքում խումբը քվեարկության դիտարկում է իրականացրել Երեւանի 89 ընտրական տեղամասերում, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բնակավայրերում։ Բացի այդ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են երկու շրջանային ընտրական հանձնաժողովներ, որտեղ այցելության պահին քվեարկության ամփոփիչ տվյալներ են ստացել։
Օրվա ավարտին միջազգային դիտորդների խումբը Երեւանում ամփոփիչ ժողով է անցկացրել։ Մասնակիցները կիսվել են տպավորություններով, քննարկել եւ ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ։