Թուրքիան մտադիր է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները ամերիկյան պատժամիջոցների ֆոնին
INTERNATIONAL NEWS
Թուրքիան մտադիր է օգտագործել Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները՝ Թեհրանի հետ սեփական կապերի զարգացման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում անցկացվող թուրք-իրանական բիզնես համաժողովում, որին ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ոչ ոք չպետք է մտածի, որ մենք պատժամիջոցների պատճառով վերջ ենք դնելու մեր տնտեսական և առևտրային համագործակցությանն Իրանի հետ: Ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի ամերիկյան պատժամիջոցները հնարավորության վերածել մեր հարաբերությունները զարգացնելու համար», - ասել է թուրք առաջնորդը:
Ռոհանիի հետ բանակցությունների ավարտին Էրդողանն ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ միանալ Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի հետ 2015-ին կնքված միջուկային գործարքից դուրս գալու մասին, որից հետո վերակագնել է մինչ գործարքի կնքումը սահմանված տնտեսական պատժամիջոցները: