Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել են կառավարության 12 անդամները։ Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Սուրեն Պապիկյանը` տարածքային կառավարման և զարգացման, Զոհրաբ Մնացականյանը` Արտաքին գործերի, Էրիկ Գրիգորյանը` բնապահպանության, Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների, Հակոբ Արշակյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տիգրան Խաչատրյանը` տնտեսական զարգացման և ներդրումների, Ատոմ Ջանջուղազյանը` ֆինանսների, Արսեն Թորոսյանը` առողջապահության, Արտակ Զեյնալյանը` արդարադատության, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի և Դավիթ Տոնոյանը` պաշտպանության նախարար։
Նախկին կառավարությունից չեն նշանակվել Մանե Թանդիլյանը, ով պատգամավոր է ընտրվել ‹‹Լուսավոր Հայաստան›› կուսակցությունից և այժմ նախագահում է Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ովքեր վերցրել են պատգամավորական մանդատները:
Նշենք, որ գործադիրը կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը դեռ ԱԺ չի ուղղարկել: Սակայն ինչպես արդեն հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշ նախարարություններ կկրճատվեն. Խոսքը Սփյուռքի և մշակույթի նախարարության մասին է և հենց այդ նախարարներն էլ չեն նշանակվել:
Նշենք նաև, որ Մշակույթի նախարարության մասով ամեն ինչ հարթ է՝ այն կմիանա ԿԳ-ին, իսկ ահա քննարկումները Սփյուռքի նախարարության մասով դեռևս քննարկումները շարունակվում են: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այն կմիանա ԱԳՆ-ին, սակայն մեր աղբյուրների փոխանցմմամբ քննարկվում է նաև առանձին Սփյուռքի կոմիտե ստեղծելու հարցը