Պատգամավորները դեկտեմբերին հաճույքով ստացել են իրենց պարգեւավճարները, հիմա քննադատում են մյուսներին. Փաշինյան
VIDEOՇատ զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության ու մարզպետարանների աշխատողներին, որ պարգեւավճար են ստացել կամ նշանակել: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզպետների կողմից պարգեւավճարներ նշանակելու աղմուկ հանած խնդրին:
«Այդ պատգամավորները չեն ասո՞ւմ, որ իրենք նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ մարմինների աշխատողներ, ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը համենայնդեպս, վերջին շատ երկար տարիների ավանդույթ է:
Պատգամավորները չեն ասել՝ մենք լուծարված ԱԺ-ի պատգամավորներ ենք, մեզ մի տվեք այդ պարգեւավճարը: Նրանք հաճույքով ստացել են այդ պարգեւավճարները, հիմա էլ ասուլիսներ են հրավիրում ու ասում՝ ո՞նց կարելի է այդպես անել:
Ես նույնպես, լինելով ԱԺ պատգամավոր, միշտ բոլոր պատգամավորների նման, այդ 13-րդ աշխատավարձ կոչվածն ստացել եմ: Երբ ես դարձել եմ վարչապետ, ասել եմ՝ համենայնդեպս, վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծենք»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ կառավարության կառուցվածքի օպտիմ,ալացմանը՝ նշելով, որ Դրա հետեւանքով որոշ աշխատատեղեր կարող են կրճատվել. «Այդ նույն մարդիկ ասում են՝ բա էդ մարդկանց սոցիալական վիճակի մասին չե՞ք մտածում, բա ով պետք է պետական կառավարման համակարգի աշխատողների սոցիալական վիճակի մասին մտածի, բայց երբ այդ մարդիկ ստանում են 13-րդ աշխատավարձ, նույն մարդիկ ասում են՝ ո՞նց, էդ իրենց աշխատավարձ եք տալի՞ս: Պետք է կողմնորոշվենք այս հարցում»: