Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական հարձակումներ կազմակերպած 28-ամյա ավստրալացին մի քանի անգամ այցելել է Թուրքիա
INTERNATIONAL NEWSՆոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում սպանդ իրականացրած 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը մի քանի անգամ այցելել է Թուրքիա ու շրջել բազմաթիվ նահանգներով, այս մասին գրում է «ՀաբերԹյուրքը»:
Նշվում է, որ Տարանտը 2016 թվականին այցելել է Ստամբուլ, որտեղ մի քանի օր մնացել է Այա Սոֆիա տաճարի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում: Հայտնի է, որ ավստրալացին Ստամբուլում շրջել է մի շարք պատմամշակութային վայրերով ու թանգարաններով: Մի քանի ամիս անց Տարանտը կրկին եղել է Ստամբուլում:
Բացի դրանից, նա հասցրել է այցելել մայրաքաղաք Անկարա, ինչպես նաև ծովափնյա Իզմիր, Մերսին և Էդիրնե նահանգներ: Հատկանշական է, որ երիտասարդը նաև մեկնել է Թուրքիայի հեռավոր արևելյան քրդաբնակ նահանգներ, ինչպիսիք են Աղրըն, Սըվազը, Թոքատը:
Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթում մարտի 15-ի առավոտյան կրակ բացած Բրենթոն Տարանտը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:
Տարանտը «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:
«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել է Տարանտը:
Հիշեցնենք, որ Քրայսթչերչի ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել է 50 մարդ: