Քաղաքագետ. «Պերմանենտ հեղափոխությունը ծնում է պերմանենտ ճգնաժամեր»
POLITICSԴատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանության քայլերն ու գործողությունները հարցեր առաջացրեցին նաև այլ տեսանկյուններից. մասնավորապես՝ կան հարցադրումներ հնարավորությունների առումով. իշխանության եկած ուժը, որն արդեն ունի իրապես բարեփոխումներ անելու բոլոր լծակները, ինչո՞ւ է յուրաքանչյուր ոչ ցանկալի իրավիճակում դիմում ժողովրդին՝ փողոց դուրս գալու կոչով: Խոսելով թեմայի, ինչպես նաև առհասարակ առկա իրավիճակի մասին՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Փաստի» հետ զրույցում նախ անդրադարձավ օրեր առաջ Ն. Փաշինյանի հնչեցրած կոչին: Նա դատարանների դռները փակելու կոչը վտանգավոր համարեց:
«Ես բառացիորեն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիներին մղում է հանցագործության, որովհետև արդարադատության իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է: Իսկ ինչո՞ւ դիմեց նման քայլի, երբ այդ հարցերը լուծելու բոլոր լծակներն ուներ. եթե կան ինչ-որ կոռումպացված դատավորներ, կան խնդիրներ արդարադատության համակարգում, ապա, տիրապետելով բոլոր լծակներին, կոնկրետ օրինակներով կոնկրետ խնդիրներ կարող է լուծել: Բայց, այդուհանդերձ, նա գերադասում է միտինգային ճանապարհը: Կարծում եմ՝ հիմնական նպատակը, իհարկե, լրացուցիչ շոու ապահովելն է՝ որպեսզի դրա տակ այլ խնդիրներ լուծվեն: Մասնավորապես, իր հայտնի ելույթում նա նշեց Ղարաբաղի հետ կապված խնդիրների մասին: Կարող է հարցերը լուծել, բայց հակված է զանգվածներին հանել փողոց՝ շոու ապահովելու ընկալման համատեքստում»,ընդգծեց քաղաքագետը:
Աղասի Ենոքյանը խնդիրները դիտարկում է նաև «շարունակական հեղափոխության» համատեքստում: «Ամբողջ հարցն այն է, որ շարունակաբար ինչ-որ հեղափոխական խնդիրներ են հռչակվում, որոնք չեն լուծվում, և դրա համար նոր հեղափոխական խնդիր է հռչակվում՝ նախորդ չլուծված խնդիրը մոռացնելու համար: Հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց մենք տեսնում ենք, որ իրական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել, եթե չհաշվենք մի քանի դատավարություններ, որոնք ևս շոուի վերածվեցին: Հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին, բայց տնտեսության վիճակը գնալով ավելի սարսափելի է դառնում: Բացի այդ, սոցիալական ոչ մի խնդիր ևս չի լինում լուծել, և այս ամենի համար պետք է նոր հեղափոխություն հայտարարել, պետք է նոր թշնամիներ գտնել, ինչը և հեղափոխության հիմնական գործն է: Խնդիրը հեղափոխականության մեջ է, որովհետև հեղափոխության տրամաբանությունը երբեք հանունով չի գործում: Հեղափոխության տրամաբանությունն ընդդեմ ինչ-որ բանի է: Ուղղակի պետք է փնտրել այդ ընդդեմն ու պայքարել դրա դեմ: Հիմա Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ սահմանում է, թե ով է իր թշնամին, և այս անգամ դատարանն էր: Այս անգամ բավականին կոպիտ էր քայլը: Այս ճանապարհը կարող է տանել պետականության կազմաքանդմանը, պետական ինստիտուտների վերացմանը: Սա իր մեջ իրականում սահմանադրական հեղաշրջման լուրջ վտանգ ունի»,-ընդգծեց քաղաքագետը:
Խոսելով հնարավոր վտանգներից ու դրանցից խուսափելու հնարավորություններից՝ Աղասի Ենոքյանը շեշտեց. «Պերմանենտ հեղափոխությունը ծնում է պերմանենտ ճգնաժամեր: Անընդհատ պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել պերմանենտ ճգնաժամերը: Եթե առկա են շատ ճգնաժամեր, ապա ցանկացած պահի հնարավոր է, որ այդ իրավիճակը աղետի բերի»:
Քաղաքագետը շեշտեց, որ դա բացառելու համար կան հնարավորություններ: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ քաղաքական այնպիսի հզոր ու լուրջ ուժեր չկան, որ հիմա փորձեն իշխանության համար պայքար մղել: «Բայց, այդուհանդերձ, գոնե քաղաքական ուժերը պետք է կարողանան զսպել Նիկոլ Փաշինյանին, որ նա մնա Սահմանադրության և իր իրավասությունների շրջանակներում: Ամենակարևորն այն է, որ ընդդիմադիր կոչված ուժերը, մամուլը, հասարակական գործիչները կարողանան նրան ստիպել մնալ այդ շրջանակներում: Մեծ վտանգներից խուսափելու համար առաջին քայլը դա է»,ասաց նա՝ զուգահեռ նշելով, որ իշխանությունն այլոց կարծիքները լսելու առումով այդքան էլ ոգևորված չէ:
«Սա շատ մեծ խնդիր է, լսելու ցանկություն չկա, բայց պետք է հնարավորինս հզորանա այն ձայնը, որը ստիպելու է մնալ սահմանների մեջ: Միգուցե ինչ-որ կրիտիկական պահից կլսեն, այն պահից, երբ կրիտիկական զանգված կհավաքվի»,-եզրափակեց քաղաքագետը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ