Միջազգային կառույցների հետ աշխատել չի ստացվում
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հայտնի կոչից հետո ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը, մասնավորապես եվրոպական կառույցները, պետք է արձագանքեն: Արձագանքները չուշացան. կոշտ հայտարարություններ արեցին ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները, Եվրախորհրդարանի «ԵՄՀայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար, Եվրոպայում ամենաուժեղ, իշխող կուսակցության՝ ԵԺԿ նախագահը: Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Բոլոր արձագանքներում հստակ մատնանշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այսինքն՝ անթույլատրելի են համարվում այն քայլերը, որոնք արվեցին օրեր առաջ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունից «կառչել» և ամեն կերպ ապացուցել, որ եվրոպացիներն այդքան էլ դժգոհ չեն կատարվածից: Սակայն չպետք է մոռանալ, որ նույն Սվիտալսկին ամիսներ առաջ իր դժգոհություններն էր հայտնել վարչապետին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ընթացող ակնհայտ դանդաղ գործընթացի վերաբերյալ, դժգոհել, որ անգամ չկա համաձայնագրի իրականացման «ճանապարհային քարտեզը»: Ի դեպ, շեշտենք, որ Սվիտալսկու հավատարմագրման ժամկետն արդեն այս տարի ավարտվում է և սա, ըստ էության, հեռացող դեսպանի կարծիք է: Կատարվածից ակնհայտ է դառնում, որ փաստացի Փաշինյանի իշխանության պատգամավորական ու դիվանագիտական օղակները չեն կարողանում աշխատել միջազգային կառույցների հետ, ինչը, դուրներս գա, թե ոչ, անհամեմատ լավ էր ստացվում նախկինների մոտ: