Շատ կուզեի, որ կլասիկ պատգամավորը լայվ մտնելուց առաջ զանգեր մեզ. Տաթևիկ Ռևազյան
POLITICS«Հուլիսի 8-ից, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է, Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակն էապես աճել է»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները: Միայն «Արմենիա» ավիաընկերությունը շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ: Միաժամանակ, ռուսական ավիաընկերություններն են ավելացրել չվերթների քանկը և ոչ միայն Մոսկվայի ուղղությամբ:
«Դրա համար ես շատ կուզեի, որ մեր կլասիկ պատգամավորը, որ մտնում ա լայվ, մինչև լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ: Երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում, և կարայիք իրեն տեղեկացնել, թե ինչ քայլեր էինք անելու ու ինչ արդյունքի դա կբերեր»,- ասաց Ռևազյանը՝ նկատի ունենալով պատգամավոր Էդմոն Մարուքյանին:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի լայվին և իրեն «սիրուն աղջիկ» անվանելուն Ռևազյանն ասաց.
«Եկեք այդ «սիրուն աղջիկ» բառը չօգտագործենք ու հարգենք մարդկանց: Պետք չի որևէ մեկի խոսքով ներկայացնել: Այստեղ պրոֆեսիոնալիզմը պետք է բարձր մակարդակի պահպանել: Դուք «սիրուն աղջիկ» արտահայտությանը հղում անելով պրոֆեսիոնալիզմը չեք պահպանում»:
Հարցին, թե նեղսրտե՞լ է այդ արտահայտությունից, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը պատասխանեց, որ նույնիսկ ուրախացել է , որ այդպիսի բան է եղել, որովհետեւ դա ԱԺ-ում լուրջ քննարկման առիթ է դարձել: Ռևազյանը նշեց, թե հույս ունի, որ դա լուրջ փոփոխություններ կբերի, որ ապագայում կին պաշտոնյաները նույն խնդիրների առջև չկանգնեն:
«Ես չեմ վիրավորվել, մի քիչ ծիծաղացել եմ, քանի որ «Արմքոմեդի»-ում էլ էին հետաքրքիր բան պատրաստել: Մենակ կարևոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն: Պետք է ընդունել, որ պարտադիր չի, որ պաշտոնյան լինի մեծահասակ, փորով, քաչալ, կոռումպացված: Եկեք մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես ոչ մի չափանիշի չէի համապատասխանում մինչև քաղավիացիա ընդունվելը, ու շատ դժվար են շատերը դա ընդունում:
Մեծ տարբերություն եմ զգում Հայաստանում և դրսում քննարկումների միջև: Երբ դրսում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ շփվում եմ, լրիվ հակառակ արձագանք ունեմ իրենցից»: