«Դուք Հայաստանի լավ բարեկամն եք». Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:
Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան եւ նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարեւորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: Հանրապետության նախագահը նշել է, որ այս ծրագրի շրջանակում ուրախ կլինի ամերիկյան խոշոր ընկերություններին եւս տեսնել մեր երկրում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի եւ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին: