Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու եւ Գեղարքունիքի ոստիկանապետերին
POLITICSՆոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։
Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար եւ խոսեց Լոռու մարզում օպերատիվ իրավիճակի մասին։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաձնարարեց ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, քննարկվեցին նաեւ տարբեր դեպքերով իրականացվող միջոցառումների մանրամասներ։
Նույն օրը ոստիիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Հակոբյանին։
Գեւորգ Հակոբյանը ոստիկանության համակարգում է շուրջ 24 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչեւ մարզային վարչության պետ։
Արման Սարգսյանը վերլուծելով Գեղարքունիքի մարզում օպերատիվ իրավիճակը՝ խոսեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների, ապօրինի ծառահատումների եւ ձկնորսության դեմ պայքարի մասին։
Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը կոչ արեց քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից ու մատուցել բարձրորակ ծառայություն։
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաեւ Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների աշխատանքն ու թերությունները, դրանք վերացնելու համար տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։