«Լեւոնը կարգին մարդ էր». Հրազդանում օրերս 18-ամյա հարեւանի կողմից սպանված տղամարդը տարադրամի փոխանակմամբ էր զբաղվում
SOCIETYՀրազդան քաղաքում նոյեմբերի 26-ի առավոտյան սպանված 66-ամյա Լեւոն Չուլջյանը տարադրամի փոխանակմամբ էր զբաղվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրան ճանաչողները:
Հարեւան շենքերի բնակիչները կայքին փոխանցեցին, որ ապշած են տեղի ունեցածից.
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի առավոտյան Կոտայքի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել. ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:
Պարզվել էր, որ տարադրամի առք ու վաճառքով զբաղվող տղամարդը վաղ առավոտյան բնակարանից դուրս էր եկել աշխատանքի գնալու եւ շքամուտքի աստիճանահարթակին դանակահարվել։ Արդեն վնասվածքներ ստացած եւ արնաքամվելով բարձրացել էր տուն ու գիտակցությունը կորցրել։
Տնեցիները 1-03 էին զանգահարել։ Ժամանած շտապօգնությունը նրան հասցրել էր բուժհաստատություն։ Շուտով հայտնի դարձավ, որ կատարվածը մի հոգու ձեռքի գործ չէ․ աշխատանքի շտապող տղամարդուն շքամուտքի աստիճանահարթակին երկու հոգի էին սպասել՝ երկուսն էլ երիտասարդ տղաներ։
Նոյեմբերի 27-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց Հրազդանի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նոյեմբերի լույս 28-ի գիշերը բերման ենթարկվեց մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, որը սպանվածի հարեւանն է։ Նրանք ձերբակալվել են։