Այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալները նվազել են 9,4 տոկոսով
SOCIETYՏնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը «Փաստին» է ներկայացրել իր հերթական վերլուծությունը, որում անդրադարձել է շինարարության դինամիկային 2019-2020 թվականների առաջին եռամսյակում: Նշվում է՝ շինարարության ծավալները 2020 թվականի առաջին եռամսյակում 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ նվազել են 9,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 43,9 մլրդ ՀՀ դրամ:
Թեև դիտարկվող ժամանակահատվածում անկումը կազմել է 9,4 տոկոս, սակայն վերջինս պայմանավորված է մարտ ամսվա ծավալների 26,2 տոկոս նվազումով, քանի որ հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ ծավալներն աճել են համապատասխանաբար՝ 7,7 և 4,3 տոկոսով:
Այս անկումն իր հերթին բացատրվում է Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը սահմանված արտակարգ դրությամբ:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա շինարարության ծավալների 57,7 տոկոսն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, 25,4 տոկոսը՝ բնակչության միջոցներով:
Պետական բյուջեի հաշվին իրականացվել է շինարարության ծավալների ընդամենը 15,8 տոկոսը (շուրջ 6,9 մլրդ դրամ), սակայն դրա 31 տոկոսն է միայն իրականացվել բյուջեի հաշվին, իսկ մնացած 69 տոկոսը եղել է միջազգային վարկերի հաշվին:
Հետաքրքրական է, որ չնայած շինարարության ծավալների 57,7 տոկոսը (շուրջ 25,4 մլրդ դրամ) ֆինանսավորվել է կազմակերպությունների կողմից, սակայն վերջինիս ծավալները 2019 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ անկում են արձանագրել 0,2 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել ՀՀ ներդրողների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատմամբ, քանի որ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները 59 տոկոսով աճել են:
Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ֆինանսավորման աղբյուրների տեսանկյունից աճ է արձանագրվել միայն համայնքների միջոցներով՝ 3 անգամ, և բնակչության միջոցներով՝ 11,2 տոկոս իրականացվող շինարարության ծավալների պարագայում, մինչդեռ պետական բյուջեի հաշվին շինարարության ծավալները կրճատվել են 43,5 տոկոսով:
Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների 69 տոկոսը (շուրջ 4,8 մլրդ դրամ) իրականացվել է միջազգային վարկային միջոցների հաշվին, որի ծավալները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 54,1 տոկոսով անկում են գրանցել:
Շինարարության ծավալներն, ըստ տնտեսական գործունեության տեսակների դիտարկելիս, նշենք, որ ամենամեծ աճը գրանցվել է պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն համակարգում՝ 15,8 անգամ, իսկ ամենամեծ անկումը՝ 94,1 տոկոս, գրանցվել է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության համակարգի պարագայում, որին հաջորդել է ֆինանսական և ապահովագրական համակարգի կտրվածքով արձանագրված 60,5 տոկոս անկումը:
Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալների կեսից ավելին՝ 63,6 տոկոսը (շուրջ 27,9 մլրդ դրամ), իրականացվել է Երևանում՝ արձանագրելով 7,9 տոկոս աճ: Երևանի ծավալներին հաջորդել են Կոտայքում և Սյունիքում իրականացված շինարարության ծավալները:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալների 9,4 տոկոսով անկումը պայմանավորված է եղել համավարակի կանխարգելման նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, ինչի հետևանքով հնարավոր է նաև, որ երկրորդ եռամսյակում ևս անկում արձանագրվի: Հետևաբար, միջնաժամկետ հատվածում շինարարության աճի տեմպերը հիմնականում պայմանավորված են լինելու երկրում՝
1. համավարակը հաղթահարելու կարողությունից և դրա ժամկետներից,
2. մակրոտնտեսական իրավիճակով պայմանավորված սպասումներից,
3. մասնավոր ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու կարողությունից,
4. նոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու կարողությունից,
5. ՀՀ կառավարության կողմից նոր վերցվող վարկերի ծավալներից, որոնք կուղղվեն շինարարության ոլորտ,
6. բնակչության եկամուտների մակարդակից, ինչպես նաև հիփոթեքային վարկերի մատչելիությունից:
Հակառակ պարագայում, 2020 թվականին շինարարության ծավալների աճի տեմպերը կլինեն բավականին ցածր` բացասական, այսինքն հնարավոր է, որ անկում արձանագրվի 2020 թվականի բոլոր եռամսյակներում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ