Ինչո՞ւ ԱԻ նախարարությունն իր շենքերի վրա չի տեղադրում ՀՀ պետական դրոշը
SOCIETYԱԻՆ-ի նախկին աշխատակից Հայկ Արամյանը, որը ներկայումս նախարարության հետ դատական գործընթացների մեջ է, արդեն մի քանի ամիս է բարձրաձայնում է այն մասին, որ ՀՀ պետական դրոշը հանվել է նախարարության շենքերի վրայից: «Արդեն 6 ամիս է (դեռ նախքան ինձ աշխատանքից ապօրինի ազատելը)` թե՛ բանավոր, թե՛ գրավոր դիմել եմ ԱԻՆ, անձամբ նախարարին և խնդրել`օրենքով սահմանված կարգով նախարարության շենքերի վրա տեղադրել ՀՀ դրոշը։
Իմ դիմելու պահին և մինչ հիմա ԱԻՆ-ի` Ա. Միկոյան 109/8 հասցեում գտնվող երեք շենքերից երկուսի վրայից ՀՀ դրոշները բացակայում են։ Այդ ժամանակ իմ խնդրանքին ի պատասխան հայտնեցին, որ դրոշներն անպայման կտեղադրվեն։
Անցավ որոշ ժամանակ, նկատեցի, որ տեղադրված չեն, նորից դիմեցի՝ խնդրելով տեղադրել, այս անգամ արդեն պատասխանեցին՝ կարծում են, որ դրոշը պետք է տեղադրվի միայն մեկ շենքի վրա, և որ բոլոր երեք շենքերի վրա տեղադրելու անհրաժեշտություն չեն տեսնում (չնայած որ նախկինում տեղադրված են եղել)»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արամյանը:
Նշում է՝ «ՀՀ դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ շենքերի վրա պետք է մշտապես բարձրացվի ՀՀ դրոշը: Արամյանն օրենքի մեկնաբանման համար դիմել է արդարադատության նախարարությանը, որի գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իրեն ուղղված պատասխան նամակում գրել է.
«…Գտնում եմ, որ ՀՀ դրոշը, ի թիվս այլնի, մշտապես պետք է բարձրացված լինի նաև պետական կառավարման համակարգի մարմինների, այդ թվում նախարարությունների բոլոր շենքերի վրա` անկախ դրանց քանակից»։ Հայկն ասում է, որ արդարադատության նախարարության պատասխան նամակից հետո կրկին դիմել է ԱԻՆ և նորից խնդրել տեղադրել դրոշները` կցելով նախարարության գլխավոր քարտուղարի` իրեն հասցեագրված նամակը։
«Կարծում էի՝ այսքանից հետո դրոշները կտեղադրվեն, բայց օրերս ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանից ստացա պատասխան նամակ, որտեղ գրված է, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տված դիրքորոշումը հիմք չի կարող հանդիսանալ բարձրացված խնդրի լուծման համար, քանի որ պարզ չէ, թե որ իրավական ակտի համաձայն է վերջինս քաղաքացուն տալիս դիրքորոշում այս կամ այն հարցի վերաբերյալ:
Կարող եմ հասկանալ այն, որ պետական մարմինը կարող է և տեղյակ չլինել «ՀՀ դրոշի մասին» օրենքում ամրագրված իրավական կարգավորման մանրամասներին, կարող եմ հասկանալ նաև, որ պետական մարմինը հնարավոր է` օբյեկտիվորեն ունենա նաև իրավական ակտի մեկնաբանման խնդիր, բայց երբ արդարադատության նախարարությունը, որն ունի օրենսդրությամբ սահմանված պետականիրավական փորձաքննություն իրականացնելու լիազորություն և մասնագիտական կարողություններ, վերլուծելով վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածը` նախարարության գլխավոր քարտուղարի մակարդակով դիրքորոշում է հայտնում առ այն, որ ՀՀ դրոշը պետք է տեղադրվի նախարարությունների բոլոր շենքերի վրա, և դրանից հետո պետական մարմինը նորից «դիմադրում» է և չի տեղադրում դրոշները, սա արդեն ինձ համար անհասկանալի է»,-եզրափակում է Հայկ Արամյանը:
Հ. Գ. Հիշեցնենք՝ 2019թ.-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան պաշտոնյաները պետական խորհրդանիշների հանդեպ, ասել էր՝ պետական սիմվոլներին պետք է նորմալ վերաբերվել։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ